Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք կողմ ենք Աստծո արարչությանը: «Աստված արու և էգ ստեղծեց, իսկ հիմա, երբ միասեռականությունն են ընդունում, քարոզում, դա չարիք է մարդկության համար: Ես չեմ ուզում, որ իմ Հայաստան աշխարհը վերածվի Սոդոմ-Գոմորի»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության կազմակերպած հանրահավաք-երթի մասնակիցներից մեկը, որը հատուկ հանրահավաքին մասնակցելու նպատակով Էջմիածնից եկել էր Երևան:
Մեզ հետ զրույցում քաղաքացին համոզմունք հայտնեց, որ մենք փոքր ազգ ենք, և նմանատիպ երևույթները սպառնալիք են ազգի գոյությանը: «Եթե այդպես ամուսնանան, մեր ազգը ինչպե՞ս պետք է բազմանա: Մենք ընտանիք սիրող, ավանդապահ, նվիրված ազգ ենք»,-նշեց նա:
Հանրահավաքի մեկ այլ մասնակից նույնպես անընդունելի համարեց միասեռականության քարոզչությունը` այն համարելով «հատուկ քաղաքականություն»: «Այդ քաղաքականությունը բերել են քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր` Հայաստան: Եվրոպան, ի վերջո, տեսնում է, որ մեր հզոր, գեղեցիկ երկիրը, որն իրականում հզոր է հենց իր մշակույթով, իր երգի տակ չի պարում, բայց թե ինչպե՞ս ստիպեց, որ աղանդավորներն ազատորեն մուտք գործեցին Հայաստան, այդպես էլ…»,- նշեց նա:
Այնուամենայնիվ, քաղաքացին գոհունակություն հայտնեց այն փաստի համար, որ ինքը` որպես հաճախ եկեղեցի այցելող մարդ, նկատում է` մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել եկեղեցի: «Երբ տեսնում եմ, թե մեր եկեղեցիներն ինչքան մարդաշատ են, հասկանում եմ` ոչ մի աղանդավորական շարժում չի կարող կոտրել մեր ժողովրդին: Ցավալին այն է, որ նաև այդ արատավոր երևույթի դեմը չառան: Այսօրվա դրությամբ աղանդավորը խուսափում է բանակ գնալուց, իսկ մեր երկիրն ո՞վ է պաշտպանում: Նույնը այս երևույթն է. ես անհարմար եմ զգում անգամ այս մասին մտածել: Միասեռականությո՞ւնն ինչ է»,- նշեց քաղաքացին` հավելելով, որ, հանրահավաքին և ստորագրահավաքին մասնակցելով, ինքը պաշտպանում է ազգի շահը:
«Ես մասնակցում եմ, որ գոնե, նա, ով չի կողմնորոշվում, հասկանա, որ ինքը նախ հայ է, հետո`մարդ: Ես այս գաղափարն եմ պաշտպանում»,- շեշտեց հանրահավաքի մասնակիցը:
Հիշեցնենք, որ «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում կազմակերպել էր հանրահավաք-երթ` ի պաշտպանություն ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների: Հանրահավաքի ընթացքում նախաձեռնության մասնակիցները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց պատրաստած նամակը, որի տակ ստորագրեցին վերոնշյալ արժեքների դեմ որևէ քայլ անընդունելի համարողները: Հանրահավաքից հետո նախաձեռնության պահանջ-նամակը կներկայացվի ԱԺ-ին, վարչապետին և նախագահին: