կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 11:01
Հասարակություն

Ինձ համար էլ խորհրդանշական է, որ Դաշնակցութեան պարբերաթերթում ես հիմա պէտք է ներկայացնեմ իմ աշխատութիւնը

Ինձ համար էլ խորհրդանշական է, որ Դաշնակցութեան պարբերաթերթում ես հիմա պէտք է ներկայացնեմ իմ աշխատութիւնը

Հարցազրոյց «ՀՅԴ կուսակցական մամուլը Օսմանեան Թուրքիայում» ուսումնասիրութեան հեղինակ Մարիամ Յովսէփեանի հետ:

Երեւանի մէջ լոյս տեսած է Մարիամ Յովսէփեանի «ՀՅԴ կուսակցական եւ համակիր պարբերական մամուլը Օսմանեան Թուրքիայում 1909-1915 եւ 1918-1923» ուսումնասիրութիւնը, 310 էջ ծաւալով։

Աշխատութիւնը կը ներկայացնէ 1909-1915 եւ 1918-1923 թուականներուն Օսմանեան Թուրքիոյ մէջ հրատարակուած ՀՅԴ կուսակցական եւ համակիր պարբերականներն ու թերթերը։ Ներկայացուած են նաեւ Դաշնակցական ուղղուածութիւն ունեցող գաւառահայ մամուլի օրգաններու պատմութիւնը եւ խաղացած դերը հայ կեանքէն ներս։

Գրքի հեղինակ Մարիամ Յեվսէփեանի հետ «Հորիզոն»ի վարիչ խմբագիր Վահագն Գարագաշեան ունեցաւ հետեւեալ հարցազրոյցը.

Հ.- Մարիա՛մ, վերջերս հրատարակուեցաւ ձեր նոր գիրքը, որուն գլխաւոր նիւթը ընտրուած է «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մամուլը Հայոց ցեղասպանութեան նախօրէին եւ անկէ ետք», նախ, խնդրեմ, տեղեկութիւններ տուէք ձեր մասին. ո՞վ է Մարիամ Յովսէփեանը, ձեր ուսումը եւ ի՛նչ հրատարակութիւններ ունիք:

Մ.Յ.- Նախ շնորհակալ եմ ձեր ընձեռած հնարաւորութեան համար: Ինձ համար էլ խորհրդանշական է, որ Դաշնակցութեան պարբերաթերթում ես հիմա պէտք է ներկայացնեմ իմ աշխատութիւնը, ոչ միայն սա, այլեւ նախորդ գրքերը: Ես բանասիրական գիտութիւնների թեկնածու եմ: Ատենախօսութեանս թեման, որ 2009ին եմ պաշտպանել եղել է Կոստանտնուպոլսի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պարբերական մամուլը 1909-1915 թուականներին: Պաշտպանութիւնից յետոյ ստացել եմ գիտութիւնների թեկնածուական աստիճան՝ ժուռնալիստիկա մասնագիտութեան հայ մամուլի պատմութեան գծով, հիմնականում այս պաշտպանութիւնից յետոյ ես ներկայացրեցի սա որպէս մենագրութիւն կոչւում է «Կոստանտուպոլսի «Ազատամարտը» Ազգային ազատագրութեան ջահակիր»՝ այս վերնագրով: Յետոյ ես բացի հանրային ռատիոյում աշխատելուց սկսեցի աշխատել ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտում, որպէս աւագ գիտաշխատող հայ պատմութեան բաժնում եւ այնտեղ շարունակեցի իմ ուսումնասիրութիւնը դաշնակցութեան մամուլի հետ կապուած, եւ ուրեմն հասցրեցի իմ ուսումնասիրութիւնը ամբողջական դարձնել, այսինքն միայն Պոլսում մինչեւ 1915 թուականին հրատարակուած թերթերը չուսումնասիրեցի, այլեւ 1918-24 թուականների կտրուածքով էլի Կոստանտնուպոլսոյ Դաշնակցութեան հրատարակած թերթերը, պարբերականները ուսումնասիրեցի եւ դա էր, որ 2009 թուականին պատմութեան ինստիտուտը հրատարակեց որպէս մենագրութիւն, այսինքն ամբողջական այդ մենագրութեան մէջ ներկայացուած են Պոլսոյ հրատարակած Դաշնակցութեան մամուլը: Դրանից յետոյ արդէն յանձնարարութիւն ստացայ, որ ներկայացնեմ ամբողջական Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտահայ գաւառներում Դաշնակցութեան հրատարակած թերթերը: Նրանք թուով 200ից աւելի են այս վերջին գրքում ներկայացուած: Ուսումնասիրութիւնը բաժանել եմ երկու մասի՝ 1909-15 թուականները եւ 1918-23, մինչեւ հանրապետական Թուրքիայի հռչակումը: Քանի որ 1909ին հնարաւորութիւն ստեղծուեց Թուրքիայում, որ ի դէպ թէ հռչակուեց ժողովրդավարական խորհրդարանական ճանապարհով իբրեւ թէ զարգացող երկիր, այդ ընթացքում ազգային փոքրամասնութիւններին, ի թիւս որոնց նաեւ հայերին, հնարաւորութիւն ընձեռուեց տպագրել թերթեր, հանդէս գալ իրենց բաց խօսքով, ունենալ պատգամաւորներ օսմանեան խորհրդարանում, եւ Դաշնակցութիւնն էլ քանի որ այդ ժամանակ ամենաազդեցիկ կուսակցութիւնն էր Օսմանեան Թուրքիայում, ունէր իր պատգամաւորները: 1909 թուականին հենց Օգոստոսի 10ին Կոստանտնուպոլսում հրատարակեց իր «Ազատամարտ» պաշտօնաթերթը: Այն արեւմտեան Բիւրոյի պաշտօնաթերթն էր, իսկ խմբագիրը Ռուբէն Զարդարեանն էր, արեւմտահայ յայտնի արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ: Եւ այսպէս այդ պարբերականները ոչ միայն լոյս տեսան Կոստանտնուպոլսում, այլեւ արեւմտահայ գաւառում, նաեւ Տրապիզոնում, Վանում, տարբեր վայրերում: Ես ուսումնասիրել եմ առաւել աչքի ընկողները եւ ոչ միայն պաշտօնաթերթերը, այլեւ համակիր պարբերականները: Դաշնակցութեան համակիր մարդիկ հրատարակեցին բազմաթիւ պարբերականներ:
Իմ այս ուսումնասիրութիւնը, որ չորրորդն է, որպէս մենագրութիւն, եւ բոլոր իմ ուսումնասիրութիւնները վերաբերում են Դաշնակցութեան պարբերականներին Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան Թուրքիայում հրատարակուած: Ես ուսումնասիրել եմ բացի այդ պարբերականներից նաեւ մատենագիտական բազմաթիւ աշխատութիւններ, ծանօթ եմ բոլոր այն մարդկանց վերլուծականներին, որոնք շատ քիչ անդրադարձեր են Դաշնակցութեան պարբերականներին, Արտաշէս Տէր Խաչատուրեանն է ամենայայտնին, որին ուսումնասիրութինները առաւել հաւաստի են, այն առումով որ տարբեր աղբիւրներ են համադրել, եւ ես էլ այդ աղբիւրների համադրութեամբ ընտրել եմ առաւել յայտնի պարբերականները՝ համակիր եւ պաշտօնաթերթ, որովհետեւ համակիր պարբերականներին թիւը 200ը անցնում է: Իսկ եթէ դու ասես որ այդքանը բոլորը դաշնակցակա՞ն են, դա արդէն գիտական մօտեցում չէ:

Ուսումնասիրութեան հիմնական նպատակը եղել է նաեւ ներկայացնել աշխատակիցներին, բաժինները թերթերին, ի՛նչ հիմնական հարցերի շուրջ են յօդուածներ հրատարակուել, խորագրերը եւ ներկայացնել այս պարբերականների կեցուածքը պետութեան նկատմամբ, նաեւ ազգային խնդրիների նկատմամբ:

Այստեղ ինձ երբեմն հարցնում են, թէ դաշնակցակա՞ն ես, որովհետեւ շատ համակրանքով ես այս պարբերականների մասին խօսել կամ նրանց աշխատակիցներին ներկայացրել եմ, ես հակադարձում եմ, որ ի հարկէ ես դաշնակցական չեմ, բայց դա չի նշանակում, որ ճշմարտութիւնը չպէտք է ասուի, եթէ մարդիկ ազգային են եղել իրենց ողջ կեանքով, եթէ մարդիկ նուիրեալներ են եղել մեր ժողովրդի համար, ամբողջ մի կեանք իրենց նուիրել են, զրկանքներով անցել են, որ ժողովուրդը լաւ ապրի, բարձրաձայնել են այդ ժողովրդի կարիքները, չեն վախեցել երիտթուրքական կամ օսմանեան իշխանութիւններից, ես ինչպէ՞ս կարող եմ դա ուրանալ, իբրեւ գիտնական կամ գիտաշխատող, եւ այդ պատճառով ես հպարտ եմ նաեւ ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակուել գրել այդ պարբերականների, աշխատակիցների մասին, նրանցից ինքս էլ շատ բան եմ սովորել՝ պայքարել, լինել արդար, լինել ժողովրդի ցաւերին ականջալուր, խօսել դրանց մասին եւ որպէս լրագրող նաեւ փորձել հնարաւորինս հանրութեանը դրանք ներկայացնել եւ մասնակցել դրանց մուծման գործին եթէ կարող ենք ի հարկէ:

Հ.- Մարիա՛մ, ձեր յառաջիկայ ծրագիրները ի՞նչ են:

Մ.Յ.- Ես այժմ ուսումնասիրում եմ Կոստանտնուպոլսում ներկայացուած 1918 թուականին «Ազատամարտ»ի եւ դրա յաջորդը համարուող «Ճակատամարտ» պաշտօնաթերթում հայ գաղթականների եւ որբերի խնդիրները, այդ թեման եմ այժմ ուսումնասիրում, եւ բաւական նիւթ եմ հաւաքել, մօտաւորապէս 60 էջ համակարգչային շարուածքով արդէն ունեմ, հասել եմ մինչեւ 1922 թուականների հրատարակումները, մնացել է մօտաւորապէս երկու տարուայ նիւթ, որ ուսումնասիրեմ, սա է իմ յառաջիկայ ուսումնասիրութիւնը, եւ գիտէք զուգահեռներ եմ անցկացնում նաեւ այսօրուայ իրավիճակի հետ, ասենք հայ գաղթականների կամ փախստականների խնդիրները, ինչպիսին են դրանք եղել 1918-23 թուականներին եւ յետագայում, երբ Ատրպէյճանում այդ գործընթացները սկսուեցին:

Հ.- Իսկ ձեր այս վերջին ուսումնասիրութեան գրքի համար արխիւային ի՞նչ աղբիւրներ օգտագործեցիք, Հայաստանի պետակա՞ն արխիւները, կամ այլք:

Մ.Յ.- Ես օգտագործել եմ արխիւային փաստաթղթեր, դրանք բոլորը նշուած են իմ գրքերում, պետական արխիւից եմ օգտուել, Դաշնակցութեան յայտնի դէմքերից մնացած փաստաթղթեր, Դաշնակցութեան ժողովների քաղուածքներ եմ նայել, բացի արխիւային փաստաթղթերից օգտուել եմ նաեւ Դաշնակցութեան պատմութիւնը ուսումնասիրող գիտնականների, գործիչների ոչ միայն Դաշնակցական, այլեւ ոչ դաշնակցական գործիչների հրապարակումներն եմ նայել, ծանօթացել եմ, վերլուծեր եմ, համեմատել եմ, զուգահեռներ եմ անցկացրել, տարբեր տեսակէտներ եմ հնչեցրել իմ այս մենագրութեան յառաջաբանում, ներկայացրել եմ թեր եւ դէմ կարծիքներ՝ Դաշնակցութեան գործունէութեան եւ մասնաւորապէս մամուլի վերաբերեալ, որովհետեւ գիտէք, թէ մասնաւորապէս խորհրդային շրջանում Դաշնակցութիւնը իսկապէս քարկոծւում էր խորհրդային Հայաստանում, եւ պատմաբանների (ոչ բոլոր պատմաբանների ի հարկէ) այլ տեսակէտներ…

Մենագրութիւնը 309 էջ է եւ ամբողջութեամբ գրեթէ նոր աշխատանք է, նախորդ իմ աշխատանքներից այստեղ ես ընդգրկել եմ ընդամէնը 25 էջ, մնացած 280 էջը մօտաւորապէս նոր աշխատանք է, եւ առաջին անգամն է որ հայ իրականութեան մէջ ներկայցուած են Դաշնակցութեան պարբերականները Օսմանեան Թուրքիայում, առաջին անգամն է, որ դրանք գիտականօրէն են ներկայացուած, եւ ես իրօք հպարտ եմ դրա համար եւ գլուխ եմ խոնարհում մեր անուանի հայ մտաւորականներին, դաշնակցական գործիչներին առջեւ, ովքեր նեղ կուսակցականներ չմնացին, այլ իրենց պարբերականների էջերը ողողեցին նաեւ արեւմտահայ եւ արեւելահայ սերունդ ներկայացնող մտաւորականների գործերը, յատկապէս «Ազատամարտ» պարբերականի մասին է այստեղ խօսքը, եւ ճիշդն ասած իմ առաջին մենագրութիւնը ես նուիրել եմ «Ազատամարտ» պարբերականի օրաթերթի խմբագիր Ռուբէն Զարդարեանի եւ ողջ աշխատակիցներին, ովքեր նահատակուեցին Ապրիլի 24ին առաջին նահատակների շարքում: «Ազատամարտ»ի վերջին համարը, որ տպագրութեան էր պատրաստւում, գրաշարն այնտեղ էր աշխատում գիշերը, որ առաւօտեան թերթը լոյս տեսնի, երեւի ձերբակալում են Ապրիլի 24ի գիշերը, Ռուբէն Զարդարեանին էլ իր տնիցն են ձերբակալում եւ թալանում են ամբողջ խմբագրութեան շէնքը: Սրանք ես առաջին անգամն եմ ներկայացրել իմ գրքում, Յակոբ Սիրունու յուշերից եմ օգտուել՝ «Հայրենիք» ամսագրում հրատարակուած։

Հարցազրոյցը վարեց՝ Վահագն Գարագաշեան

horizonweekly.ca