կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-02 22:13
Առանց Կատեգորիա

Փոխարտգործնախարարի տարօրինակ հայտարարություններն ու անկախ Արցախի 25-ամյակը

Փոխարտգործնախարարի տարօրինակ հայտարարություններն ու անկախ Արցախի 25-ամյակը

Արցախի անկախության 25-ամյակի կապակցությամբ շնորհավորելուց հետո այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե ԼՂ կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը խոսում է այն մասին, որ այսօր պետք է շատ լրջորեն վերանայել այն մոտեցումները, որոնք կային բանակցային գործընթացում:

Փոխարտգործնախարարի այս հայտարարությունը միանգամից չորս հարց է առաջ բերում: Առաջին՝ Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշումը, ըստ էության, չի փոխել՝ սկսած 1994թ. հրադադարի պայմանագիրը ստորագրելուց և բանակցային գործընթացի մեկնարկից: Այս տարվա ապրիլին նախաձեռնելով լայնածավալ  հարձակում Արցախի վրա, ապա ՄԱԿ-ում առաջ քաշելով 1994 և 1995թթ. հրադադարի պայմանագրերը չեղյալ համարելու հարցը` Ադրբեջանը վերջնականապես հասկանալի դարձրեց, թե ինչպես է մտադիր լուծել ղարաբաղյան հարցը: Ինչո՞ւ է միայն հիմա Երևանը խոսում այդ դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացի մոտեցումները փոխելու մասին: Ինչ է՝ այդ ապակառուցողականությունը մինչև այսօր չէ՞ր խանգարում: Երկրորդ՝ ի՞նչ մոտեցումներ նկատի ունի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդհանրապես: Եթե խոսքը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, որոնց տարբեր վարիացիաների հիմա վրա արդեն 9 տարի ընթանում են բանակցությունները, ապա կարելի՞ է արդյոք նրա այս հայտարարությունը համարել որպես Երևանի կողմից այդ սկզբունքներից հրաժարվելու նախաձեռնություն կամ առնվազն նախաձեռնության փորձ: Երրորդ՝ որքանո՞վ կարելի է այս հայտարարությունը դիտարկել որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում: Բանն այն է, որ ընդամենը նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պոտսդամում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն իր ելույթում, անդրադառնալով ԼՂ հարցում ապրիլյան կարճատև պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, հայտարարել է. «Նախևառաջ, հարկավոր է իրագործել այն, ինչն ընդգծվել և համաձայնեցվել էր այս հանդիպումների (մայիսին` Վիեննայի, հունիսին՝ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների-հեղ.) շրջանակներում` 1994-1995թթ. հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի ամբողջական կատարում, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում»: Քանի դեռ արտգործնախարարի մակարդակով Երևանը հայտարարում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող բանակցությունների շարունակման համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին, որքանո՞վ է տեղին բանակցություններում մոտեցումներ փոխելու` Շավարշ Քոչարյանի հայտարարությունը: Եվ չորրորդ՝ եթե անգամ ընդունենք, որ Քոչարյանն իսկապես ակնարկում է ԼՂ կարգավորման հարցում Երևանի մարտավարության փոփոխության և Մադրիդյան սկզբունքների կամ այսպես կոչված «կազանյան փաստաթղթի» տրամաբանությամբ ընթացող բանակցությունների ընթացքը բեկելու մասին, ապա ինչպե՞ս է հայկական կողմը պատրաստվում դա իրականացնել: Կա՞ արդյոք դրա հստակ պատկերացումը, ճանապարհային քարտեզը:

Թե արտգործնախարարի և թե նրա տեղակալի այս հակասական հայտարարությունները հատման ընդամենը մեկ կետ ունեն. դրանք ավելորդ անգամ վերահաստատում են, որ Երևանը շեշտը շարունակում է դնել բացառապես Վիեննայի գագաթաժողովում ձեռք բերված, ապա Սանկտ Պետերբուրգում Մոսկվայի միջամտությամբ ընդամենը մեկ ամիս անց էականորեն վերախմբագրված և «բեռնաթափված» վերոնշյալ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության վրա: Այդ պայմանավորվածություններից և ոչ մեկն առ այսօր իրականացված չէ: Չկա որևէ նախանշան, որ տեսանելի ապագայում դրանք առհասարակ կիրականացվեն, չնայած դրանց մասին հայտարարումից հետո անցել է երեք ամիս: Եվ չնայած դրան՝ Երևանը ուղղակի,  թե Մոսկվայի միջոցով միջնորդավորված, շարունակում է Ադրբեջանի հետ բանակցել ԼՂ բուն կարգավորման շուրջ: Ակնհայտ է, որ այդ պահանջների ներկայացումը Երևանի համար ընդամենը ժամանակ ձգելու և իրեն ներկայացված փաստացի միակողմանի զիջումների գնալու պարտադրանքի առջև կանգնելը հնարավորինս հետաձգելու նպատակ է հետապնդում: Մինչդեռ հարցը, թե ինչ է առարկայական ուզում դրանից ստանալ Հայաստանը, մնում է անպատասխան:

Կարճատև պատերազմից հետո անցած այս 5 ամիսներին պետական մակարդակով փաստացի ոչ մի նախաձեռնություն չի արվել ապրիլյան պատերազմի ադրբեջանական սայթաքումը ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի միջազգայնորեն ճանաչման նպատակին ծառայեցնելու ուղղությամբ: Մինչդեռ դրանով Բաքուն ինքն էր տվել ԼՂՀ-ի սուվերենության ճանաչումը որպեսԱրցախի և արցախցիների անվտանգության ամենագործուն և գործնականում միակ երաշխիքը ներկայացնելու հնարավորությունը: Եվ այսօր, երբ ազգովի մեծ շուքով նշվում է Արցախի անկախության 25-ամյակը, ստիպված ենք արձանագրելու, որ որքան էլ պարադոքսալ հնչի, գտնվում ենք այդ անկախությունը, 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմաիրավական փաստը չճանաչող բանակցությունների ճիրաններում:

Անցած 5 ամիսները չօգտագործվեցին գոնե Ստեփանակերտին բանակցային գործընթացում ներգրավելու և այդպիսով նրա ինքնիշխանությունը դիվանագիտական առումով նյութականացնելու  նպատակին: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը կարողանում է վիժեցնել Վիեննայի գագաթաժողովի արդյունքները և հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված երեք պայմանների կատարումը:

Անցած 5 ամիսներն ընդամենը ծառայեցվում են մեկ խնդրի լուծմանը. ներկայիս հարաբերական անդորրի տակ չերևացող, բայց միայն ժամկետի հարցում անորոշ թվացող լայնածավալ պատերազմին նախապատրաստվելուն: Քիչ չէ, իհարկե: Բայց այդ դեպքում պետք է ընդունել, որ Արցախի 25-ամյա անկախությունը պաշտպանելու համար պետք է ամեն ինչ վերսկսենք 1994թ. ընդհատված կետից, և որ ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու կորսված ժամանակն իրականում ոչ թե 5 ամիս է, այլ մի ամբողջ 12, եթե ոչ 25 տարի:

Գևորգ Դարբինյան