կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-23 17:48
Իրավական

Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների մեծ մասն օրենսդրական բացերի հետևանք է. նախարար

Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների մեծ մասն օրենսդրական բացերի հետևանք է. նախարար

Կառավարության վերջին նիստի ընթացքում վարչապետը հանձնարարեց  ֆինանսների նախարարությանն ու կառավարության աշխատակազմին` քննարկել, թե որքան գումար է պետությունը  հատկացրել 2014–2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում ՄԻԵԴ-ի որոշումներով փոխհատուցումներ տալու համար: Վարչապետի հանձնարարականը և նրա հարցադրումը, թե  այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ,  հասարակության շրջանում հերթական անգամ խնդիրը բարձրաձայնելու առիթ հանդիսացավ:

Հայաստանի դեմ կայացված որոշումների, ինչպես նաև այդ որոշումների արդյունքում պետության կրած վնասների և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

 -Այս տարիների ընթացքում քանի՞ գանգատ է ներկայացվել ընդդեմ Հայաստանի, և որքա՞ն գումար է պետական բյուջեից տրամադրվել 2014-2016` որպես փոխհատուցում:

- Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացվել է 2002թ. ապրիլի 26-ին: Դրանից հետո, թե որքան գանգատ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ, հնարավոր չէ նշել, քանի որ գանգատների հաշվառումը վարում է Եվրոպական դատարանը: Եվրոպական դատարանի պաշտոնական կայք-էջից պարզ է դառնում, որ 2002թ-ից մինչև 2016թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում  Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գանգատներից դատարանի քննությանը հանձնվել է  2642 գանգատ, որոնցից 1351-ը Եվրոպական դատարանի կողմից անընդունելի են ճանաչվել կամ հանվել են քննվող գործերի ցուցակից: Մնացած գանգատներով դատարանը ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: Այս պահի դրությամբ Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների թիվը կազմում է 68, որոնցից 3-ով դատարանը որևէ խախտում չի արձանագրել, իսկ մնացածով արձանագրել է առնվազն 1 խախտում: 2014թ-ից մինչև օրս  ընդդեմ Հայաստանի 20 վճիռ է կայացվել: 2002թ-ից մինչև 2016թ. օգոստոսի 23-ը ՀՀ պետական բյուջեից փոխհատուցվել է 528,974 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:


-Հայաստանի դեմ կայացված վճիռներով արձանագրված խախտումների մասով արդյո՞ք վերլուծություններ կատարվել են:

-Վերջին երեք տարիներին կայացված վճիռների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանց մեծամասնությունը հետևանք է եղել օրենսդրական թերկարգավորումների ու բացերի: Մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Օրինակ՝ վերացվել է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների ինստիտուտը, որի հետ կապված վճիռներ կային պետության դեմ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով կարգավորվել են մի շարք խնդիրներ, որոնց պատճառով ժամանակին գանգատներ էին ներկայացվել Եվրոպական դատարան: Ներդրվել է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը, որի բացակայությունը ևս խնդրահարույց էր:

-Այս տարիներին ՄԻԵԴ վճիռներից ի՞նչ հետևություններ է արել պետությունը:

-Բնականաբար, հետևություններ արվել են: Ես բազմիցս նշել եմ, որ ՄԻԵԴ վճիռների քանակով Հայաստանը վատթարագույն վիճակում չէ: Հայաստանի դեմ կայացված վճիռների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում եղել են բազմաթիվ օրենսդրական սխալ կարգավորումներ, անհստակություններ, որոնք ոչ թե խոսում են կայացված սխալ՝ սուբյեկտիվ որոշման մասին, այլ այն մասին, որ այդ ժամանակ փաստացի կիրառվել է այն օրենսդրությունը, որը տվյալ  պահին գործել է:  Օրինակ` մի գործով ՄԻԵԴ-ը խախտում էր համարել  այն,  որ դատավորը չի կարողացել վիճարկել  նախագահի` դատավորի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը գործող օրենսդրության բացն էր:

-Իսկ շա՞տ են դատավորի սխալի հետևանքով կայացված որոշումները:

-Այնպիսի գործեր, որ ՄԻԵԴ-ը փաստի, թե առկա է դատավորի կողմից օրենքի ոչ ճիշտ կիրառություն, բավականին սակավաթիվ են:

-Արդյո՞ք ճիշտ է սխալ որոշում կայացրած դատավորից պահանջել փոխհատուցում վճարել սեփական գրպանից:

 -Այսօր տարբեր պատճառներով հնարավոր չի լինում դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցել կամ այլ:   Օրինակ` վերջերս մի գործ ունեինք, երբ հիմքեր կային կարգապահական վարույթ հարուցելու, սակայն պարզվեց, որ վերաքննիչ դատավորների եռյակից երկուսն այլևս դատավորներ չեն: Բանն այն է, որ ՄԻԵԴ-ում գործերի քննությունը տարիներ է տևում, իսկ այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պատասխանատվությունը դրվի պաշտոնատար անձի վրա, նշենք, որ  նման որոշումները փոքր տոկոս են կազմում:

ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները քննարկման առարկա են դառնում շատ երկրներում: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բազմաթիվ բանաձևեր ունի` վճիռների կատարման քննարկման հետ կապված: Այդ բանաձևերից որևէ մեկում անձնական պատասխանատվության գաղափարը չի խրախուսվում, այսինքն` այն, որ կոնկրետ դատավորի վրա դրվի Եվրադատարանի վճռով հատուցման պարտականությունը: ՄԻԵԴ-ի վճիռները պետության դեմ են, այսինքն` երբ քաղաքացին սպառում է ներպետական ատյաններում արդարադատության հասնելու միջոցները, դիմում է Եվրոպական դատարան, այսինքն` այստեղ պատասխանատվություն կրողը պետությունն է: Այլ բան է, երբ  գործ ունենք դատական սխալ որոշման հետ, որը կապված է ապօրինի ձերբակալման կամ կալանավորման հետ: Նմանատիպ դեպքերով, եթե խախտումն ապացուցված է դատական ակտով, ապա  «ռեգրեսիվ հայցով» պետությունն իրավունք ունի վճռի համաձայն քաղաքացուն փոխհատուցում տրված գումարը բռնագանձելու այն դատավորից, որի  գործողությունների արդյունքում ոտնահարվել է քաղաքացու  իրավունքը, և տուժել է պետությունը:

Ես վստահեցնում եմ, որ հետևություններ են արվում բոլոր առումներով` թե’ դատական սխալի,  թե’ իրավական բացի տեսանկյունից:

 -Գործող օրենսդրության մեջ  կա՞ն այնպիսի թերացումներ, որոնք հիմք կտան քաղաքացիներին իրավունքի խախտման դեպքում գանգատներ ներկայացնել ՄԻԵԴ:

-Այսօր ՀՀ 4 կարևորագույն օրենսգրքերը, այդ թվում` քաղաքացիական և քրեական դատավարություն օրենսգրքերը, ամբողջական, լրջագույն վերանայման փուլում են, իսկ դա նշանակում է շանս՝ տրված պետությանը, մեզ ՝ բոլորիս,  գրել այնպիսի օրենսդրություն, որը հետագայում կբացառի այն դեպքերը, որ մեր օրենսդրական բացն է հնարավորություն տվել կոնվենցիայի դրույթները խախտելու:

-Օրենսդրական բարեփոխումների մասին խոսելիս անհնար է շրջանցել քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Ներկայումս  ի՞նչ փուլում է մեր երկրում պրոբացիոն  ծառայության ներդրման գործընթացը:

-Սեպտեմբերի 1-ից պրոբացիոն ծառայությունն ամբողջական ծավալով կգործի: Այժմ մենք բանակցություններ ենք վարում համապատասխան սարքավորումներ՝ էլեկտրոնային հսկողության մեծանիզմներ ձեռք բերելու համար:

Դեռևս անելիքներ կան` պրոբացիոն ծառայողների վերապատրաստման հետ կապված. մեկնարկելու է ատեստավորումների փուլը, քանի որ մոտեցումների տարբերություններ կան քրեակատարողական ծառայողի և պրոբացիոն ծառայողի միջև, որոնք պետք է կարգավորվեն:

 -Իրավական ոլորտին առնչվող թերևս չլուծված խնդիրներից է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի արտահանձման խնդիրը: Այս գործընթացում ի՞նչ առաջընթաց կա:

-Տարեվերջյան ասուլիսի ժամանակ ես լիահույս էի, որ այս տարի այդ հարցը կլուծվի, սակայն պարզվեց, որ ներկայումս վթարից տուժածների իրավահաջորդների կողմից Հարությունյանի դեմ բազմաթիվ քաղաքացիական հայցեր են ներկայացված, ինչը բարդացնում է  արտահանձնման գործընթացը: Տարեվերջին նրա դեմ որևէ հայց ներկայացված չէր, իսկ հիմա իրավիճակն այլ է: Նման պարագայում ժամկետների մասին խոսելն անհնար է:

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ