Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր ոստիկանությունը մեզ սիրում է: Քանի որ եթե բարձրաձայն հայհոյելը հայրենասիրության պոռթկման խիստ նորաձեւ եղանակ է եւ միջոց, ապա ծեծն էլ, ինչպես ասում են մեր պապերը, ավելի ճիշտ՝ տատերը, սիրո ապացույց է:
«Եթե ծեծում է, ուրեմն սիրում է», ասում էին նրանք, ինչպես եւ հիմա են ասում. «Եթե հայհոյում է, ուրեմն հայրենասեր է»՝ ազգի ու պետության ճակատագրով խիստ մտահոգ ու տեսեք, թե որքան են հասցրել մարդուն, որ նա հայհոյում է: Լավ, ենթադրենք հասցրել են, բա ինչո՞ւ է հայհոյում, ենթադրենք, գեներալ Սեյրան Սարոյանը, նրա՞ն էլ են հասցրել: Թե՞ նրան չի կարելի հայհոյել, բայց, օրինակ սարիթաղցի տղերքին կարելի է: Ինչո՞ւ գեներալ Սարոյանի հայհոյանքը հայրենասիրության պոռթկում չէ, բայց սարիթաղցունը՝ հենց այդ պոռթկումն է, որ կա: Որովհետեւ Սարոյանը ազնիվների՞ն է հայհոյում, իսկ սարիթաղցին՝ անազնիվների՞ն: Կապ ունի՞: Պատկերացրեք՝ ձեր կնոջ եւ դստեր հետ քայլում եք փողոցով եւ տեսնում եք, որ ոստիկանը հայհոյում է քաղաքացուն, նա էլ համարժեք պատասխան է տալիս, ձեր, ձեր կնոջ, դստեր համար կապ ունի՞, թե նրանցից որ մեկն է ազնիվը…Կամ ծեծը: Ինչո՞ւ եւ ինչի՞ց եք բողոքում, բա եթե ծեծում է, ուրեմն սիրում է: Ասենք, եթե ճիշտ են ասում որոշ ակտիվիստներ, որ իրենց բաժին են տարել եւ ծեծել, ուրեմն նրանց բաժին են տարել եւ սեր են խոստովանել: Այդպես չէ՞, իհարկե, այդպես չէ, կնշանակի ծեծը սիրո հետ կապ չունի, դրա բացակայության հետեւանքն է, դիֆիցիտի արդյունքը:
Ծեծն ու հայհոյանքը: Բա ինչի՞ եք հայհոյում, չէ, հայհոյելը արգելված չէ՝ գրված ու չգրված օրենքներով, ավելին, կան մարդիկ, որոնց, չհայհոյելով, հայհոյվում ես, բայց տղերք, բա՞րձր, ուղիղ եթերո՞վ… թքած… աղջիկների, կանանց, երեխաների մո՞տ: Ու հետո բողոքում եք, թե ինչո՞ւ ժողովուրդը չի միանում ձեզ՝ ընտանիքներով: Ո՞նց միանա ախր, միանա, որ ի՞նչ լսի՝ հետագա քայլերի հաջորդականությո՞ւն, որը չեք ասում, քանի որ չունեք, թե՞ բարձրաձայն հայհոյանք: Ախր էս ժողովուրդը բնածին մտավորական է, համենայն դեպս, էր, սա գիտե՞ք որն է, էն որ կին, երեխա, մայր, քույր է հարգել, հարգել-սիրել, երբ ներս են մտել, ոտքի է կանգնել: Հիմա գա ձեզ միանա, որ ի՞նչ անի, որ իր կնոջը եւ դստերը շշնջա, ոչինչ, բանի տեղ մի դիր, որ հայհոյում են: Կարեւորը հաղթանա՞կն է, դա հաղթանա՞կ է, հայհոյելով հայհոյողներին չեն հաղթում, սպանելով մարդասպաններին չեն հաղթում, գողանալով գողին չեն հաղթում, բռնաբարելով՝ Շմայսին չեն հաղթում, «պատմափիլիսոփայությամբ» էլ՝ Լիսկային: Այդպես չեն հաղթում, այսպես չեք հաղթելու: Որովհետեւ դուք ոչնչով չեք տարբերվում նրանցից ում դեմ ապստամբել եք: Նրանք հայհոյում են բոլոր նրանց, ովքեր իրենց դեմ են, դուք էլ հայհոյում եք բոլոր նրանց, ովքեր ձեզ են դեմ: Չեք լսում, նրանք էլ չեն լսում, ասում եք՝ ամբողջ ժողովրդին պատանդ են պահել, է բա դուք ի՞նչ եք արել՝ արդեն քանի օր է, պատա՞նդ չեք պահել: Էս ո՞ւմ վրա եք հույս դնում, տղերք, ինչի՞ վրա, որ մարդիկ շատանա՞ն, շատանան եւ գրոհե՞ն, գրոհեն եւ գրավե՞ն, գրավեն ու վերցնե՞ն, դուք էլ այդտեղ հանգիստ նստած ձեր պատանդների հետ սուրճ խմեք, ծխեք ու զրուցե՞ք: Հետո էլ դուրս գաք՝ դափնիների վրա, ժողովրդի ուսերի վրա, թե բա հաղթե՞լ ենք ու դա մե՞նք ենք արել: Դուք չեք արել, դուք որևէ բան չեք արել, դուք հանգիստ նստած էիք, այն ժամանակ, երբ անզեն ժողովուրդը կանգնած էր զինված ոստիկանության դիմաց: Իբր նրանց համա՞ր եք անում, ինչ անում եք, իբր, ոչ հաստատ՝ իբր որովհետեւ, եթե նրանց համար անեիք, այդտեղ փակված չէիք մնա, սպասելով, թե երբ պետք է ժողովուրդը հաղթի, որ դուրս գաք, նստեք ժողովրդի ուսերին եւ ասեք՝ հաղթել ենք եւ, դա մենք ենք արել: Բա որ չշատացա՞վ ժողովուրդը:Գիտե՞ք, նման բան հնարավոր է, ավելին, քանի անցնում են օրերը եւ ո ՛չ դուք, ո ՛չ իշխանությունը որեւէ բան չեք անում, ժողովուրդը չի շատանալու, քչանալու է, ձանձրանալու է, բայց մի ավելի լավ ու դիպուկ բառ կա՝ հասկանալու է, հասկանալու է, երբ զգա, զգալու է: Զգալու է, որ առանց մեկ ՊՊԾ գնդի ոստիկանությունը էլի աշխատում է, իշխանություններն էլի աշխատում են, Սերժ Սարգսյանն էլի է ՀՀԿ նիստ անում, որին էլի մասնակցում են բոլոր ՀՀԿ-ականները, վարչապետն էլի կառավարության նիստ է անում, որին ներկա են բոլոր նախարարները: Հենց սա զգաց ժողովուրդը, հասկանալու է, որ ձեր գրաված ՊՊԾ գունդը ոչինչ չարժի, առանց դրա էլ Սերժ Սարգսյանը նախագահ է, Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ, Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահ, էդ կողմերում լավ հայտնի Մհեր Սեդրակյանն էլ՝ ԱԺ պատգամավոր: Այսինքն՝ ձեր արածը մեղմ ասած որևէ նշանակություն չունեցավ:
Մի գաղտնիք բացահայտեմ, իշխանությունը կարծես թե սա հասկանում է, դրա համար էլ ոչինչ չի անում՝ ու դրանով իսկ անում է: Ժամանակ է սպանում, ժամանակն էլ ձեր կողմից չէ, քանի որ որքան անցնում է այն, այնքան ավելի ու ավելի է հասկանալի լինում, որ իշխանությունն աշխատում է՝ առանց մեկ ՊՊԾ գնդի: Դե մնացե ՛ք այդտեղ, հարգելի ծռեր, մնացե ՛ք որքան ուզում եք, սնունդ կտան, սիգարետ էլ կտան, եթե պետք է՝ վոլեյբոլի գնդակ էլ կտան, որ երեկոյան զովին ձեր պատանդների հետ վոլեյբոլ խաղաք: Մնացեք ու սպասեք, թե երբ պետք է իշխանությունը գրոհի, կամ երբ պետք է ժողովուրդն այնքան շատանա, որ դուք կարողանաք դուրս գալ: Մնացեք, իսկ այդ ընթացքում իշխանությունը չի գրոհի, ժողովուրդն էլ կձանձրանա եւ կհեռանա, հետո օրերից մի օր, ձեզանից մեկը կնայի գնդի պատուհաններից եւ կտեսնի, որ գունդը ոչ ոք չի շրջափակել, ոչ ոստիկան կա տարածքում, ոչ էլ քաղաքացիական անձինք: Բոլորն իրենց գործերով են…Սա՞ եք ուզում, եթե ոչ, ապա ի՞նչ: Միայն չասեք՝ «սրանց հրաժարականը», որովհետեւ եթե «սրանք» գնան, մի սարսափելի բան է տեղի ունենալու, ավելի սարսափելի, քան հիմա է: Քֆուրչիներին փոխարինելու են այլ քֆուրչիներ: Սա ամենասարսափելին է, որովհետեւ կնշանակի մենք մարդ չունենք, ով քֆուր չի տալիս: Իսկ քֆուր տվողը ծեծում էլ է, ավելի ճիշտ չկա քֆուր տվող, որը չի ծեծում:
Վոլեյբոլի գնդակի պահով էլ կատակ էի անում, կներեք, ուղղակի օրերն այնպիսինն են, որ պետք է կատակ անես, որ քֆուր չտաս:
Հովիկ Աֆյան