կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-20 17:02
Առանց Կատեգորիա

Սարերից կիջնեն մի խումբ ձիավոր …

Սարերից կիջնեն մի խումբ ձիավոր …

Պատահական չէ, որ նրանց անունը «Սասնա ծռեր»  է, պատահական չէ, որ Հրանտ Մաթևոսյանը հենց հայ գրող է, պատահական չէ, որ նա գրել է` թե «Սասունի լեռներից չենք իջել: Հուզական կտրվածքով գրեթե ոչ մեկս Սասունի լեռներից չենք իջել…»: Սասունի սարերից, թերեւս, Սասունի սարի թաղերից…

Բա վե՞րջը: Սկիզբը գիտենք, Պավլիկի որդու ծնունդն էր, հաջորդ օրը Էրեբունու գունդը գրավեցին Պավլիկն, իր որդին եւ իր ծռերը, պատանդներ վերցրեցին՝ ոստիկաններից: Հաջորդ օրը նրանց բաց չթողեցին եւ իրենք դուրս չեկան, դրա հաջորդ օրն էլ, հաջորդ օրն էլ…Վերջը՞:

Մի օր պետք է ծռվի՞ այս ամենը, եթե անգամ այս ամենն ինքն արդեն ծռություն է կոչվում: Թե՞ արդեն վերջ, պավլիկյանները պիտի ապրեն Էրեբունու գնդում՝ իրենց պատանդների հետ՝ ծխելով, սուրճ խմելով եւ զրուցելով, մենք էլ՝ Էրեբունու գնդից դուրս, իրար ամեն թելով կապված, բայց իրարից անկախ:

Վերջն այս պատմության ամենահետաքրքիրն է լինելու, քանի որ սկիզբը, անգամ դրա պատճառները բոլորիս պարզ են, այնքան շատ ենք խոսել դրանց մասին եւ այնքան շատերն են խոսել: Ի՞նչ են անելու պավլիկյանները, ի՞նչ են անելու իշխանությունները եւ ամենակարեւորը՝ ի՞նչ է անելու ու ինչպե՞ս է անելու այս երկուսի արանքում կենդանի պատ կանգնած ժողովուրդը, ոչ թե որպեսզի պավլիկյանների վրա չկրակեն, ոչ թե, որպեսզի ոստիկանների վրա քար չնետեն, այլ, որովհետեւ նրանց վրա երկու կողմից էլ կրակում են, ավելի ճիշտ, երբ երկու կողմերից կրակում են, ժողովրդի վրա են կրակում:

Վերջը, տղերք, վերջը: Լավ չե՞ք տեսնում, զգում, հասկանում, որ ժողովուրդը, էն, որ մնացել ու չի արտագաղթել, էն որ համբերում է, բայց արդեն դժվարությամբ, էն, որ ձեզ հերոս է ճանաչում, բայց ղարաբաղյան, էն, որի անվտանգությունն եք ապահովում, բայց որը ձեզանից վախենում է մի քիչ, այ այդ ժողովուրդը վերջն է ուզում, իր կյանքի չէ, իր այսպես ապրելու վերջն է ուզում:

Ու այդ ինչպե՞ս է լինում, որ գնդում նստած լսում եք, թե մի քանի կիլոմետրի վրա ժողովրդին ծեծում են եւ դրա համար կրակում եք, բայց չեք լսում, որ ժողովուրդը վերջ է բղավում ինքն իր ներսում, որն իր մեջ ասվածն ամենաբարձր բղավոցն է: Չլինի՞ մի ուրիշ Մինսկի խումբ եք ուզում, որ միջնորդ կանգնի ձեր ու իշխանությունների միջեւ, եւ մի քսան տարի բանակցություններ ընթանան՝ ամենաբարձր մակարդակով, հա խոսեն, թե հակամարտության կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, բայց ոչ դուք դրան գնաք, ոչ էլ նրանք:

Դա ե՞ք ուզում, լավ բա ի՞նչ եք ուզում, որ իշխանությունը միակողմանի զիջի՞: Իշխանությունը միակողմանի չի զիջելու, համ չի ցանկանում, համ դուք այնքան ուժեղ չեք/դեռ/, համ էլ կներեք, բայց երբ իշխանությունն ամբողջը զիջում է, դա վատ է, պետության համար, հաջորդ իշխանությունների համար, բոլոր հաջորդ իշխանությունների համար, եթե այն դուք լինեք, ձեզ համար, որովհետեւ ձեր գնդերն էլ են գրավելու, քանի որ դուք գնդեր գրավելով եք իշխանության եկել՝ ցույց տալով, որ իշխանության գալու միակ ձեւը գունդ գրավելն է:

 Ուրի՞շ իշխանություն եք լինելու, կներեք, բայց չի երեւում, դա հիմա պետք է երեւա, բայց չի երեւում, անգամ ամենամարդասեր եւ արդարասեր կոմունիստները ջարդելով եկան իշխանության՝ խոստանալով վերացնել ջարդը, բայց իշխանության օրոք էլ շարունակեցին ջարդը: Հիշո՞ւմ եք...Իսկ հիշո՞ւմ եք ձեր պատանդներից այն մեկին, որին երեկ, թե նախորդ օրը, ազատ արձակեցիք: Ի դեպ, զգո՞ւմ եք, որ դուք ազատության համար պայքարում անազատության մեջ մեջ  մի քանիսին եք պահում, այդ թվում՝ ձեզ:

Ինչեւէ, այդ պատանդին, ջահել տղային հիշո՞ւմ եք: Հիշո՞ւմ եք, որ գալիք շաբաթ օրը նրա նշանդրեքն է, ու հենց դրա համար էլ դուք ազատ արձակեցիք նրան: Հավանաբար խոսել եք, նա էլ պատմել է իր մասին, սիրած աղջկա մասին, իրենց նպատակների մասին, դուք էլ հավանաբար զգացել եք, որ ոստիկաններն էլ կարող են սիրել, ազնիվ եւ բարի նպատակներ ունենալ, եթե սա չհասկանայիք, բաց չէիք թողնի: Բաց եք թողել: Լավ եք արել, դուք լավ բաներ էլ եք անում, երեւի ավելի շատ լավ բան եք արել…

Բերեք ավարտեք այս ամենը մինչեւ շաբաթ օրը, թող տղան նշանվի, ազատել եք, որ նշանվի, դե ուրեմն թողեք, որ նշանվի: Չասեք, այդ իշխանություններն են իրենց համառությամբ արգելում, կամ խոչընդոտում, քանի որ իշխանությունները միշտ էլ համառ են ու վայ այն իշխանությանը, որը համառ չի լինի: Այդ դուք եք թողնողը, կամ չթողնողը, եթե չթողնեիք, նա հիմա ազատ չէր լինի, թողել եք՝ ազատ է:

 Մյուսներին էլ թողեք, ինչո՞ւ եք պահում, չէ՞ որ չեք սպանելու, չէ՞ որ դուք միայն թուրք եք սպանում, իսկ փոխգնդապետ Վանոյանին չեք ցանկացել սպանել: Քանի դեռ պատանդ եք պահում, թույլ եք տալիս, որ մի քանիսը, թեկուզ շատերը,  ձեզ ահաբեկիչ անվանեն, բայց չէ՞ որ դուք ահաբեկիչ չեք, ու չէ՞ որ գիտեք, որ նա ով պատանդ է պահում ահաբեկիչ է՝ առնվազն պատանդների ընտանիքների համար, անմեղ ընտանիքների համար:

Տղերք, դուք Ղարաբաղ եք հաղթել, ինչի՞ց եք վախենում, եթե չեք վախենում, բա պատանդ ինչո՞ւ եք պահում: Մանավանդ, որ ծխում եք հետները, սուրճ եք խմում, զրուցում եք, պարզում եք, որ սիրել գիտեն, նշանվել են ուզում, նպատակներ ունեն…Բաց թողեք, հետո դուրս եկեք, հետո թող դատեն ձեզ: Դա կլինի վերջը, դա կլինի այն, ինչ ուզում է ժողովուրդը, դա կլինի Սասունի լեռներից իջնելու հերթական քայլը, դա կլինի միակ ճիշտ քայլը այս համատարած եւ բազմակողմանի ծռության մեջ:

Դուք ավելի լա՞վ գիտեք ձեր անելիքը, իհարկե ավելի լավ գիտեք, դե արեք, բա ինչո՞ւ չեք անում, ինչո՞ւ եք մեզ համոզում, թե Ղարաբաղ հաղթած հերոս տղերքի անելիքը ոստիկանական գնդում օրերով փակված մնալն է եւ պատանդ պահելը՝ անզեն ժողովրդին զինված ոստիկանության դեմ հանելով: Սա վիրավորական է, տղերք, սա նույնքան վիրավորական է, որքան վիրավորական է հող հանձնելը: Վիրավորական եւ անթույլատրելի: Տարբերվեք, չէ՞ որ ծուռ եք…

Հովիկ Աֆյան