Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գևորգ Մկրտչյանի վկայությունը
8 օգոստոսի 1916 թ., Եարմջա
Սալմաստի Հաթավան գյուղից Գևորգ Մկրտչյանը պատմում է՝ 500 տուն ունեցող իրենց գյուղում ռուսների նահանջից հետո 40 ընտանիք չէր գաղթել: Հաթավան էին եկել նաև շրջակա գյուղերի մի քանի ընտանիքներ: Թուրք հրամանատարը նրանց հրավիրել է` իբր կառավարության կարգադրած օգնությունը բաժանելու, ապա կանոնավոր զորքին և քրդերին հրամայել խումբ-խումբ կոտորել:
«Պատմողն է Գէորգ Մկրտչեան Սալմաստի Հաւթվան գիւղէն, այժմ կապրի Հին Նախիջևանի Եարմջա գիւղը.
1914 թ. դեկտեմբերի 21-ի ռուսական նահանջի ատեն 500 տունէ բաղկացեալ զուտ հայաբնակ Հաւթվան գիւղէն 40-ի չափ ընտանիք տեղը մնացին ծերերու և երեխաներու հետ միասին: Այդտեղ էին հաւաքւած և շրջակայ գիւղերէն մնացած ընտանիքները կամ առանձին անհատները: Թիւրք հրամանատարը հրաւիրեց բոլոր պարսիկներու մօտ ապաստանած հայերը, որ գան նպաստ ստանան, որովհետև կառավարութիւնը կարգադրած է մնացողներուն, իբրև ռայահպատակի, ապրուստի միջոցներ հայթայթել: Հաւաքելէն յետոյ կը հրամայէ, որ հայերը խումբ-խումբ տանին' կոտորեն: Կանոնաւոր զօրքերը և քիւրտ խաժամուժը ժողովուրդը խումբերու կը բաժնեն և կը կոտորեն' որը զէնքով, որը կացինով, որը անդամահատութիւններու ենթարկելով:
Ունեցածները բոլորը թալանի կուտան: Առևանգուածներ կան, բայց չգիտենք, թէ այդպիսիներու թիւը քանիսի կը հասնի:
Անցեալ 1915 թ. Տ[էր] Մկրտիչ քահանան Հաւթվան կերթայ և անձամբ տեսած է, որ Հաւթվանի հարաւային-արևելեան կողմը մօտ 30 արշին երկարութեամբ և 15 արշին լայնութեամբ մեծ փոսի մէջ դարսած են մեռեալներ: Մեր գիւղացիները կրկին հոն կերթան, ռուս զօրապետները դէս-դէն թափթփուած դիակները հաւաքել կուտան և շարք-շարք կը թաղեն, յետոյ վրան քիչ մը հող կը լցնեն և ապա նոր դիակներ կը լեցնեն մինչև որ դիակները կը սպառին:
Երկիր չմեկնող հաւթվանցիները մեծ մասամբ կապրին Թիֆլիսի մէջ, մնացածները կապրին Կովկասի զանազան շրջաններում:
Կոտորած չէ եղած Խոյի Մահլազան գիւղ' 20 տուն, Սալմաստի Շէյթանավա' 18 տուն հայ, Սալմաստի Քալաշան զիւղ' 20 տուն հայ: Անոնք նախապէս նահանջած լինելով, իրենց ամբողջ ստացուածքը յափշտակուած է քիւրտերու կողմանէ:
Պատմողը անգրագէտ է»:
[Գրի առնող' Համբարձում Գալուստեան]
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 424, թ. 13-ի շրջ, բնագէր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 377 - 378:
Աղբյուրը՝ armeniangenocide100