Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Կավճուտցի 75-ամյա Թամարա տատը տասնամյակներ շարունակ խմելու ջրի կարոտ է եղել, ջուրը սարերից դույլով ու կժով է բերել։ Կավճուտ գյուղում 1980-ականներից այս կողմ խմելու ջրի խողովակներ մինչեւ վերջերս չեն եղել, գյուղը երբեմն էլ լքել են հենց այդ պատճառով։ Թամարա տատի ուրախությանը չափ չկա՝ ջրի խնդիրն արդեն լուծվել է։ Խոհանոցում ծորակը բացում է՝ անարատ ջուրը հոսում է։ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրով և Քաջարանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, Կավճուտում խմելու ջրի նոր ջրագիծ է քաշվել, ջրի դիտահորեր եւ ավազան են կառուցվել։ Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտակային եւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը անձամբ են Թամարա տատի տան ջուրը խմել ու վերահաստատել՝ համագործակցությունը ստացված է։ «Անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ ժամանելու Կավճուտ, որ խմեմ այդ ջուրը, տեսնեմ մեր ծրագրի արդյունքները», - ասաց Ճապոնիայի դեսպանը՝ հավելելով, որ Քաջարանի հետ համագործակցության այլ ծրագրեր էլ են սպասվում։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ներկայացնելով արված աշխատանքները, գոհունակությամբ հայտնեց, որ, հուրախություն կավճուտցիների, ծրագիրը կյանքի է կոչվել, թեեւ որոշակի դժվարություններ են առաջացել։ Փարամազյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին՝ ֆինանսական աջակցության եւ բարեկամական հարաբերությունների համար։
Կավճուտ բնակավայրի վարչական ղեկավար Ստեփան Պետրոսյանի խոսքով՝ Կավճուտ գյուղի ջրագծի կառուցումն այս գյուղի փրկությունն է։
«Երեք անգամ ջրագիծ քաշելու փորձեր են եղել, սակայն՝ ապարդյուն, քանի որ աղբյուրներ չեն եղել, եղածն էլ գյուղից հեռու է եղել։ Կժերով, դույլերով են գյուղացիները ջուր բերել, մի կերպ բավարարել իրենց կարիքները։ Ջրագծի կառուցման մեջ իր մեծ լուման ունի համայնքի ղեկավարը։ Ես էլ եղել եմ համայնքի ղեկավար, սակայն չեմ կարողացել ոչինչ անել»,-ասաց նա։
Արայիկ Մկրտչյանն արդեն 8 տարի է՝ Կավճուտում է ապրում, ասում է՝ տնից մեկ-երկու կիլոմետր հեռու սարերից են ջուրը բերել, գյուղի ժողովրդի համար տան մեջ խմելու ջուր ունենալը հրաշք է։ «Գյուղում ընտանիքներ են եղել, որ ձմռանը չեն ապրել՝ ջուր չունենալու պատճառով։ Հիմա մշտական ջուր ենք ունենալու, մարդիկ կկարողանան ձմռանն իրենց տանը մնալ, շենացնել գյուղը»,-ասաց նա։
Նշենք, որ ծրագրի իրականացման համար ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրով հատկացվել է 50.898.470 ՀՀ դրամ, 9.999.700 ՀՀ դրամ էլ հատկացրել է Քաջարանի համայնքապետարանը։