Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Մեր երկրում տնտեսական վիճակը շատ վատ է, եւ նրանք, ովքեր ասում են, թե Հայաստանում սոցիալական բունտեր չեն լինի, պարզապես թյուրիմացության մեջ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՌԱԿ ատենապետ Էդուարդ Անտինյանը:
Նրա խոսքերով` հայերը սովոր չեն դուրս գալ փողոց եւ ասել` «մեր փայ հացն ենք ուզում», սակայն մեր երկրում այնքան լուրջ մարտահրավերներ կան, որ ժողովուրդը, մտքում ունենալով սոցիալական հարցերը, կարող է փողոց դուրս գալ քաղաքական կարգախոսներով:
«Ամբողջ աշխարհում պատմությունը ցույց է տվել, որ եթե տեւական ժամանակ սոցիալական խնդիրները չեն լուծվում, ժողովուրդը ներկայացնում է քաղաքական պահանջ` «Իշխանությո'ւն, հեռացիր»,- ասաց Է. Անտինյանը:
Նա նշեց նաեւ, որ մեզ մոտ չի լինի ո'չ եգիպտական, ո'չ թունիսյան, ո'չ էլ ուկրաինական հեղաշրջում, կլինի հայկականը` իր առանձնահատկություններով: Իսկ դրա նախադրյալները, ըստ բանախոսի, կան. մի կողմից` աննորմալ չափերի հասնող գնաճը, մյուս կողմից` առաջիկա ընտրությունները, որից ժողովուրդը դրական ակնկալիքներ չունի. «Իշխանությունն ասում է, թե քաղաքական թիմը չի փոխվելու: Սրանից էլ կտրուկ մարտահրավե՞ր ժողովրդին...»:
Ըստ բանախոսի` իշխանությունը ոչինչ չի անում այդ ամենի դեմն առնելու համար, ավելին` իր այդ քայլերով ավելի է մեծացնում հեղաշրջման հավանականությունը:
Է. Անտինյանի կարծիքով` եթե մարդիկ լցվեն փողոցները, նրանք իրենց լիդերներին հենց այնտեղ էլ կընտրեն. «Պատահական չէ, որ կաբինետային լիդերները փորձում են հրապարակ մտնել, քանի որ գիտեն, եթե ժողովուրդը լցվեց փողոց, իր լիդերին կընտրի»: