կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-03 15:04
Քաղաքական

Պետք է պարզել, թե ում կողմից են սպասում տեղաշարժ. Նալբանդյանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

Պետք է պարզել, թե ում կողմից են սպասում տեղաշարժ. Նալբանդյանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադարձել է Մամեդյարովի երեկվա հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է տեղաշարժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում:

Հարցին, թե արդյո՞ք սա լավատեսության հիմքեր տալիս է, Նալբանդյանը պատասխանել է, որ պետք է պարզել, թե ում կողմից են սպասում տեղաշարժ` միջազգային հանրությա՞ն կողմից, թե՞ հենց իրենց կողմից:

«Որովհետև մինչ այսօր Ադրբեջանը բավական ապակառուցողական և անիրատես դիրքորոշում է դրսևորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Վերջին անգամ դա ակնհայտ եղավ Ռիգայի գագաթաժողովում, ուր հավաքվել էին Եվրոպական Միության 28 երկրների և Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարները: Այդ բոլոր երկրները, բացի Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մի ձևակերպման համաձայնեցին, որն ընդգրկվեց Ռիգայի հռչակագրում։ Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Ընդհանրական ձևակերպում էր այն մասին, որ այդ բոլոր երկրները աջակցում են Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին, նաև աջակցում են այն հայտնի հինգ հայտարարություններին, որոնք արվել են Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանը հակադրվեց այդ դիրքորոշմանը՝ ցույց տալով, որ որևէ տեղաշարժ, որևէ փոփոխություն չի կատարվել իր դիրքորոշման մեջ: Եթե այսուհետ իրենք մտադիր են փոխել և ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել, այո, ինչո՞ւ` ոչ։ Կապրենք և կտեսնենք»,-հայտարարել է Նալբանդյանը: