կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-30 16:48
Քաղաքական

Մենք մեր արած գործի մասին պետք է խոսենք. վարչապետ

Մենք մեր արած գործի մասին պետք է խոսենք. վարչապետ

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ տարածքների հիմնական մասում ամենագլխավոր պահանջը շարունակում է մնալ հակակարկտային համակարգերի տեղադրման խնդիրը, քանի որ ունենում են եկամուտների լուրջ կորուստ:

«Ձեզ հետ միասին կատարած այցերը ցույց տվեցին, որ այսօր գյուղացիները մեզանից պահանջում են ոչ թե առաջնային համարվող ոռոգման ջուր, ճանապարհ, այլ պահանջում են լուծել իրենց արտադրանքը չվնասելու խնդիրը: Այդ հարցը քննարկվել է ազգային անվտանգության խորհրդի նիստում: Կարծում եմ` խնդիր ունենք առաջիկայում ծավալային ներդրում իրականացնելու հակակարկտային համակարգերի ապահովության խնդիրը լուծելու համար»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով` 6 հակակարկտային կայանք է տեղադրվելու գյուղատնտեսության տեսակետից ամենամեծ ՀՆԱ ապահովող մասում:

Երկրորդ խնդիրը, որի մասին զեկուցեց նախարարը, վերաբերում էր այն աղետին, որը եղավ վերջերս Արթիկ քաղաքում, երբ սարերից հեղեղը լցվել էր քաղաքի այգիները, տները` պատճառելով մեծ վնասներ: Կառավարությունը որոշում է կայացրել տրամադրել ֆինանսական միջոցներ` բնակարանների վերականգնման համար:

Լոքյանի խոսքով` ստեղծված հանձնաժողովը, որը գործել է Արթիկում, բնակիչներին հատկացրել է գումարներ բնակարաններին հասցված վնասի դինաց` մեկ բնակարանի համար 4 միլիոն 600 հազար դրամի չափով: Երկրորդ որոշմամբ` փոխհատուցվում է գյուղատնտեսական կենդանիների խեղդվելը և ցանքատարածությունների վնասը: Ստեղծվել է գնահատող խումբ, ցանքատարածությունների համար գնահատվել է միջինը 1 միլիոն 700 հազար դրամ, իսկ կենդանիների համար` 650 հազար դրամ: Երրորդ որոշմամբ գումար է հատկացվում, որ սկսվեն հեղեղատի մաքրման աշխատանքները, որից հետո ֆինանսնավորում կհատկացվի Արթիկի քաղաքապետարանին` նոր հեղեղատ կառուցելու համար:

«Այսօր քաղաքում բնականոն գործունեությունը վերականգնվել է, բացվել է հեղեղատը, աշխատում են 6-ից ավելի էքսկավատորներ, որոնք պետության միջոցների մեջ չեն մտնում, այլ մի քանի կազմակերպությունների օժանդակությամբ է դա իրականացվում: Վերականգնվել է գազիֆիկացումը և ջրի մատակարարումը, բացառությամբ 8-10 շենքերի, որոնց հետ կապված աշխատանքներ են ընթանում: Էլեկտրականությունը նույնպես վերականգնվել է, բացառությամբ 8-10 ընտանիքների: Աշխատանքները շարունակվում են»,- ասաց Դավիթ Լոքյանը:

Վարչապետը արձագանքեց` ասելով, որ աշխատանքների մասին պետք է ակտիվորեն տեղեկացնել հանրությանը, որովհետև տարբեր իրարամերժ խոսակցություններ են տարածվում, թե ոչինչ չի արվում` հետևանքները վերացնելու համար: «Փաստորեն, գործը կատարվում է, բայց չի ներկայացվում հանրությանը, պետք է ներկայացվի»,- ասաց նա:

Դավիթ Լոքյանը նշեց, որ ինքն աղետի ամբողջ գիշերը եղել է տեղում, վարչապետը հաջորդ օրն է եղել Արթիկում, հիմա պետք է ամբողջ օրը հայտարարե՞ն, թե ինչ են անում: Ըստ նախարարի` այնտեղ կան մարդիկ, ովքեր, քաղաքական շարժառիթներից ելնելով, հայտարարություններ են անում, թե քաղաքապետարանը լավ չի աշխատում և այլն:

«Պարո'ն Լոքյան, իմ կարծիքով` պետք է ասվի հանրությանը, մենք պարտավոր ենք ճիշտ տեղեկատվություն տրամադրել: Թթե մարդիկ ինչ կարծիքներ կհնչեցնեն, դա իրենց գործն է, մենք մեր արած գործի մասին պետք է խոսենք: Եթե հիմա ինչ-որ մեկն ուզում է քաղաքապետ դառնալ, փնովելով քաղաքապետարանի աշխատանքը, դա արդար չէ»,- ասաց վարչապետը: