կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 19:04
Քաղաքական

Նախ պետք է հասկանալ՝ պետություն ունենալու՞ ենք, որ էդ պետության բյուջեի մասին խոսենք. ընդդմիությունը չի մասնակցելու ԱԺ նիստերին

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր՝ ժամը 20:00-ին, ԱԺ արտահերթ լիագումար նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել՝ սահմանային ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով, որպեսզի կառավարության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, պարզաբանումներ ներկայացնեն խորհրդարանին:

ԱԺ արտահերթ նիստը, սակայն, չի կայանա, քանի որ ԱԺ խորհրդի կայացած նիստում այդ հարցը չի քննարկվել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդի նիստից հետո հայտնեց՝ որպեսզի նման հարց քննարկվի ԱԺ խորհրդի նիստում, պետք է բերված լինի նախագիծ, եւ հարկավոր է, որ լինի զեկուցող՝ ըստ 123-րդ հոդվածի, իսկ ընդդիմության ներկայացրած դիմումը, նրա պնդմամբ, իրավական տեսանկյունից թերի է եղել:

«Բերում են արտահերթ լիագումար նիստ հրավիրելու թղթերը, բայց պարզվում է՝ դրանցում չեն նշել՝ ով է լինելու զեկուցողը, որովհետեւ իրենք են նիստ հրավիրել, պետք է զեկուցեն՝ ինչի համար են նիստ հրավիրել, երկրորդն էլ՝ տակը նախագիծը գրված չէ: Թող համապատասխան թուղթը բերեն, անցկացնենք: Այս թուղթը ես անվանում եմ զապիսկա, ԱԺ խորհրուրդը նման բաներ չի քննարկում»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ սկսեցին բանավիճել արտահերթ նիստ հրավիրելու եւ այդ հարցը ԱԺ խորհրդի նիստում քննարկելու ընթացակարգի շուրջ:

«ԱԺ Կանոնակարգ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝  ԱԺ խորհրդի արտահերթ նիստերը հրավիրում է ԱԺ նախագահը իր կամ խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ի նախաձեռնությամբ, արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնող սահմանած օրակարգով եւ ժամկետում: Խորհրդի 5 անդամների ստորագրությամբ թուղթ ենք Ձեզ ներկայացրել, գնացեք, նայեք»,- հակադարձեց Մինասյանը, Սիմոնյանն էլ, ի պատասխան, նկատեց. «Պարոն Մինասյան, ձեր թերի գործը մի քաղաքականացրեք»:

«Ակնհայտ է, որ մի կողմից սա օրենքի չիմացություն է, մյուս կողմից՝ պատասխանատվությունից խուսափելու քաղաքական ակնհայտ որոշում: Անվտանգային որեւէ հարց նման միջավայրում անիմաստ է քննարկել, եթե հիմնարար հարցերին պատասխաններ չկան»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն էլ պնդեց, որ քաղաքական մեծամասնությունը չարաշահել է իր լիազորություններն ու տապալել նիստի անցկացումը:

«Իշխանությունը, հերթական անգամ չարաշահելով իր լիազորությունները, մերժեց մեր առաջարկը, մենք նման իրավիճակում չենք գալու ընթացիկ, օրինակ՝ բյուջետային հարցեր քննարկել, որովհետեւ երկրի առջեւ առկա խնդիրներն այլ են: Փաշինյանի հեռացումը պարզապես այլընտրանք չունի՝ նրա իշխանության մնալը նոր աղետ է բերում: Խորհրդարանում կամ դրանից դուրս մենք մեզնից կախված ամեն բան անելու ենք նրա հեռացմանը հասնելու համար: Այս իրավիճակում, երբ թշնամին ՀՀ տարածքում հենակետեր են տեղադրում: Նախ պետք է հասկանալ՝ պետությունը ունենալու ենք, թե ոչ, որ նոր գանք ու բյուջե քննարկենք: Մենք մանդատները դիտարկել ենք այս պայքարի համար կարեւոր գործիքներից մեկը, որ օրը հասկանանք, որ դա արդյունավետություն չունի այլեւս, դրանից էլ կհրաժարվենք, այս պահին, ամեն դեպքում, նման որոշում չունենք, որովհետեւ մանդատները մեզ չեն կաշկանդում փողոցում մեր օրակարգերը տարբեր ուղղություններով սպասարկել»,- նշեց Սաղաթելյանը: