կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-08 12:32
Տնտեսական

Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ խոսենք ավելի բարձր աճի մասին. նախարար

Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ խոսենք ավելի բարձր աճի մասին. նախարար

Կառավարության այսօրվա արտահերթ նիստից հետո լրագրողները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցին` ի՞նչ ասել է տնտեսական հեղափոխության ծրագիր: Ըստ նրա` տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսական կյանքի մասնակիցները, իսկ կառավարությունն այդ մեծ խաղի կարևոր կազմակերպիչն ու մասնակիցն է: Գործադիրը, ըստ նախարարի, պարտավոր է անել այնպես, որ տնտեսվարող սուբյեկտների նախագծերը կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի:

 «Կառավարությունը հայտարարել էր, որ տնտեսական աճի շարժիչը լինելու է ապրանքի արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքներն արտերկրյա շուկաներում իրացնելու հնարավորությունը։ 38 տոկոսի արտահանում ունենք, և հայտարարվել է, որ դրանց կշիռը կհասնի 43 տոկոսի: Մյուս կարևոր ցուցանիշը ներդրումների աճն է, որի ցուցանիշը 2023-ին պետք է հասնի 23-25 տոկոսի»,- ասաց Խաչատրյանը` հավելելով. «Մեր ցանկությունն է, որ ապահովվեն այնպիսի պայմաններ, որ տնտեսական աճը էապես բարձր լինի: Բայց ամեն ինչ պետք է հիմք ունենա, իսկ հիմքը ներդրումներն են: Եթե կառավարությանը հաջողվի (իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դա տեղի ունենա), ապա վստահ եղեք, որ մենք խոսելու ենք ավելի բարձր աճի մասին»:

Անդրադառնալով դիտարկումներին, թե կառավարության ծրագիրը «բաժակաճառերի ծրագիր է», նախարարն անհամաձայնություն հայտնեց` ընդգծելով, թե նման որակումներ տվողները բավականաչափ ուշադիր չեն կարդացել այն:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց նաև, որ այսօր, ըստ երևույթին, վարչապետի հետ կառավարության ամբողջական կազմի մասին քննարկում կունենան, ու ավելի հստակ կլինի, թե ինչ տեսք կունենա գործադիրը: