Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Անդրկովկասը քաոսի և զարգացման միջև. մերձավորարևելյան անկայունության գոտուց դեպի եվրասիական ելք՝ ներդրումների ազատ միջանցք և երկաթյա վարագույր ահաբեկչության համար» խորագրով քննարկման ընթացքում Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ի՞նչ ուղիներ եք տեսնում այս փուլում, նշեց, որ սա իրականում լուրջ հարց է, որին հարկավոր է մոտենալ համակողմանի:
«Այս հարցն ավելի արդիական դարձավ հատկապես նախագահների`Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո: Երբեմն հարցը նաև այսպես է հնչում. Ռուսատանը կարո՞ղ է արդյոք Ադրբեջանին ու Հայաստանին ստիպել կարգավորել այս հակամարտությունը: Ռուսաստանը որևէ մեկին չի պատրաստվում որևէ բան ստիպել, Ռուսաստանը պատրաստ է երաշխավորել տարածաշրջանում խաղաղություն և այդ մասին խոսում է ամենատարբեր հարթակներից: Ռուսաստանը կովկասյան ժողովուրդների համար լուրջ պատասխանատվություն է կրում»,- ասաց նա` հավելելով, որ Ղարաբաղյան հակամարտության հիմքերը բավականին խորն են, և այստեղ չկան հեշտ լուծումներ, սակայն Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ անել դրա համար: «Ռուսաստանի կողմից տրվող հնարավոր երաշխքիներն ու մեխանիզմներն էլ քննարկվել են Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ»,- նշեց ռուսաստանցի գործիչը:
Հարցին, թե ի վերջո Ադրբեջանը ե՞րբ պատրաստ կլինի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, և ԼՂՀ կարգավիճակի հարցի ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում, Մարտինովը պատասխանեց. «Հարցին պետք է այլ տեսանկյունից նայել. կմնա՞ Ադրբեջանն ընդհանրապես որպես հանրապետություն առաջիկա տարիների ընթացքում, թե՞ չի մնա: Երաշխիք կա՞ արդյոք, որ Ադրբեջանը կպահպանի պետականությունը, թե նրան կսկսեն մասնատել, ինչպես ուտելիք: Էրդողանի մոտեցումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում առաջինը ուտելիքի կարգավիճակում հայտնվելու է հենց Ադրբեջանը և հենց Ադրբեջանին են մասնատելու առաջինը»: