կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-03 15:11
Հասարակություն

ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից Արցախում կազմակերպվելու են բակային ճամբարներ

ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից Արցախում կազմակերպվելու են բակային ճամբարներ

Երեխաների ամառային զբաղվածությունն ապահովելու, հանգիստը կազմակերպելու եւ նոր գիտելիքներ հաղորդելու նպատակով հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 19-ը տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից երկշաբաթյա տեւողությամբ Արցախում կազմակերպվելու են ցերեկային եւ բակային ճամբարներ:

ՀՅԴ ԿԿ անդամ Վահագն Դադայանի խոսքերով՝ ամառային ճամբարները կազմակերպվելու են ոչ ֆորմալ կրթական համակարգի սկզբունքով՝ երեխաների մտածողությունն ու ճանաչողությունը զարգացնելու, հայրենիքին անհրաժեշտ լինելու պատրաստակամության, ազգային արժեքները, հավատքն ու մշակույթը պահպանելու գաղափարներով զինելու:

«Մեր նպատակն է՝ արտադպրոցական կրթական ծրագրի շուրջ միավորել աճող սերնդին՝ նրանց հայեցի ոգով դաստիարակելու, հայ ժողովրդի պատմությանը, ֆիդայական շարժմանը, Դաշնակցության պատմությանը խոր ծանոթացնելու համար»:

Կուսակցական շրջանները ամառային ճամբարները կազմակերպելու են Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, իսկ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միությունը՝ Շուշիում:

Տասնօրյա տեւողությամբ ամառային ճամբարներում ընդգրկվելու են տարբեր շրջաններից 10-16 տարեկան 800 պատանի:

Վահագն Դադայանի խոսքերով՝ ճամբարներում երեխաների ուսուցումն իրականացվելու է համակարգչային գիտելիքների, առաջին բուժօգնության, ձեռագործ արվեստի, մարզական և ուսուցողական խաղերի դասընթացներով հագեցած անհրաժեշտ ձեռնարկով:

«Կուսակցական շրջանները գլխավորող սփյուռքյան մեր հայրենակիցները ոչ միայն հնարավորություն են ունենալու շփվել տեղացի երեխաների հետ, այլեւ խորը ճանաչելու Արցախի պատմությունն ու նրա հոգեւոր ժառանգությունը»,- հավելել է Վահագն Դադայանը:

Հունիսի 19-ից ԿԳՍ նախարարության եւ ՊԲ համատեղ ջանքերով անհոգ եւ ուրախ ամառային օրերով քսանօրյա հանգստի արդյունավետ ճամբարներ են մեկնարկել Հանքավանում եւ Ծաղկաձորում: Այս մասին «Ապառաժ»-ին հայտնել է ԿԳՍ նախարարության ռազմահայրենասիրական դաստիարակության եւ արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Ստեփան Օհանջանյանը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով հագեցած ճամբարները նախատեսվել են սոցիալական առանձին խմբեր ունեցող 10-13 տարեկան մոտ 200 աշակերտների համար:

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են սպորտային, երգի, պարի, ասմունքի, ինտելեկտուալ խաղերի միջոցառումներ:

Հունիսի 24-28-ը զորամասի բազայի վրա տեղակայված Այգեստան համայնքում 4 հերթափոխով ութօրյա ճամբարներ են կազմակերպվելու ԱՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտների համար:

Ստեփան Օհանջանյանի խոսքերով՝ իրականացվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները՝ ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող հանգստի կազմակերպման միջոցներով:

Յուրաքանչյուր հերթափոխի համար նախատեսված ծրագրով ճանաչողական այցելություններ են կազմակերպվելու պատմամշակութային վայրեր եւ զորամասեր, իրականացվելու են մարզական տարաբնույթ միջոցառումներ, հրաձգություններ եւ այլն:

Ամենամյա «Ասպետ» ռազմամարզական ճամբարում ընդգրկված երեխաների քանակն այս տարի համեմատաբար նվազել է, – նշել է Օհանջանյանը:

Ըստ նրա՝ ցավալի է, որ այս տարի չի գործելու «Սեւան» ճամբարը, որի պատճառով հայտագրված բոլոր երեխաներին հնարավոր չի եղել ընդգրկելու ամառային ճամբարներում:

Հուլիսին Ծմակահող համայնքում դպրոցի բազայի վրա իրենց հանգիստը կվայելեն պատանի բնագետների ճամբարում ընդգրկված աշակերտներ, որոնց միանալու են Երեւան քաղաքի ֆիզմաթ դպրոցի եւ Լիբանանից սփյուռքահայ 40 աշակերտներ:

Բաժնի վարիչը նշել է նաեւ, որ Ծմակահողում նորից նախատեսելու են 2 հերթափոխով 10 օր տեւողությամբ ցերեկային եւ բակային ճամբարներ կազմակերպել, որտեղ ընդգրկվելու են ՀՀ-ից 50, ԱՀ-ից 30 աշակերտներ:

Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Aparaj.am