Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին:
Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և հանդիպման պատեհ առիթով ևս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ և ուրախությամբ են արձագանքում արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին, քանզի նրանց նվաճումները պատիվ ու բարի համբավ են բերում համայն հայությանը` նպաստելով նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Հայ-արգենտինյան բարձր մակարդակի հարաբերությունների կայացման գործում, Նախագահի գնահատմամբ, նշանակալի է արգենտինահայ համայնքի ակնառու գործիչների, այդ թվում՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի Ազգային բանկի նախագահի այցն իր նպաստը կբերի Հայաստանի և Արգենտինայի բանկային համակարգերի միջև սերտ համագործակցության ծավալմանը:
Զրուցակիցները մեծապես կարևորել են նմանօրինակ այցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն ընձեռում քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր:
Կառլոս Մելքոնյանը ՀՀ Նախագահին է փոխանցել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մակրիի ջերմ ողջույններն ու հայ-արգենտինյան հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու նրա մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը:
Հանդիպմանը Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների և ժողովրդի ծանրակշիռ ավանդը:
ՀՀ Նախագահը և Արգենտինայի Ազգային բանկի նախագահը Հայաստան-Արգենտինա փոխգործակցության համատեքստում առանձնակի կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու ակտիվացումը: Նրանք համակարծիք են եղել, որ այդ հարցում զգալի դեր կարող է ունենալ Արգենտինայի Ազգային բանկը:
Կառլոս Մելքոնյանը նշել է, որ Հայաստան այցելությունն իր համար ոչ միայն կարևոր է մասնագիտական և արարողակարգային տեսանկյունից, այլև անչափ հուզական է՝ նկատի առնելով, որ այցելել է իր նախնիների երկիր, որտեղից նրանք անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության հետևանքով ապաստան են գտել հեռավոր Արգենտինայում: Արգենտինայի Ազգային բանկի նախագահը հպարտությամբ է խոսել իր երկրում բնակվող հայերի մասին, ովքեր, նրա խոսքով, մեծ հարգանք և հեղինակություն են վայելում արգենտինյան հասարակության մեջ: