կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-15 13:55
Հասարակություն

Եթե ռոումինգը հանենք Արցախից, լիցենզիայից կզրկվենք. Ռալֆ Յիրիկյան

Եթե ռոումինգը հանենք Արցախից, լիցենզիայից կզրկվենք. Ռալֆ Յիրիկյան

Այս օրերին, երբ Արցախում իրավիճակը լարված էր, բազմաթիվ բողոքներ էին հնչում, որ Հայաստանում գործող բջջային օպերատորները պետք է հանեն ռոումինգի ծառայությունը Հայաստանի և Արցախի միջև:

Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է` առաջիկայում նման քայլ արվի, և ի՞նչ խնդիրներ են խոչընդոտում, որպեսզի ռոումինգը հանվի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց, որ իրենք, ինչպես և մյուս օպերատորները, լիցենզավորված են, որ գործեն ՀՀ տարածքում, և այլ տարածք մտնելիս իրենք պարտավոր են ենթակվել Միջազգային բջջային կազմակերպության օրենքներին:

«Հիմա կարող է հարց բարձրանալ, թե Արցախն ու Հայաստանը մեկ են, ինչո՞ւ է գործում ռոումինգը, բայց այդ ժամանակ էլ ես կարող եմ հակահարց տալ և ասել, որ` եթե մեկ են, ո՞վ կարող է ինձ բացատրել` ինչո՞ւ ունենք երկու նախագահ, երկու կառավարություն, բանակ, ԱԺ… Ռոումինգը վերացնելու հարցն այնքան էլ հեշտ չէ, ավելին` շատ դժվար է և փոխկապակցված մի շարք պարտավորությունների հետ: Մենք գործում ենք միջազգային բջջային կազմակերպության օրենքների և նորմերի ներքո»,- ասաց Յիրիկյանը:

Ինչ վերաբերում է ռոումինգի սակագնի իջեցմանը, ապա Յիրիկյանը նշեց, որ այն կարգավորվում է պայմանագրային հիմունքներով, և եթե այսօր` որպես օպերատոր, ցանկությունը հայտնեն նվազեցնել միջազգային ռոումինգի սակագինը, դա կվնասի Արցախում գործող օպերատորներին: «Մենք չենք կարող իջեցնել մեր սակագինն ավելի ցածր, քան տեղում գործող օպերատորի սակագինն է: Մեր ռոումինգային ելքի սակագինը 25 դրամ է, եթե հավաքեք *101*համարը#, կխոսեք 25 դրամով, և դա հաշվարկվում է վայրկյանով, այլ ոչ թե կլորացվում է րոպեով: Դա արդեն նվազագույն սակագինն է, բայց, չնայած դրան, մենք ուզում ենք մի փոքր էլ նվազեցնել սակագինը»,- ասաց նա:

Յիրիկյանը նշեց նաև, որ սակագինը մի փոքր էլ նվազեցնելու համար հիմա գնում են բանակցություններ, որ փորձեն ինչ-որ ելք գտնել: Նա նշեց, որ անձամբ հանդիպել է զինվորների հետ, և նրանք էլ բարձրացրել են այս խնդիրը: Յիրիկյանը զինվորներին խոստացել է մի քանի ամսվա ընթացքում, բանակցությունների արդյունքում, ինչ-որ ելք գտնել:

«Ես պատրաստ եմ ամեն ինչի` հանուն մեր ժողովրդի, բայց երբ խոսում ենք բիզնեսի մակարդակով, պետք է հասկանանք, որ կան բաժնետերեր, միջազգային կազմակերպություններ և օրենքներ: Եթե հարցնեք` իսկ մեր հայ զինվո՞րը, ես հետևյալը կարող եմ պատասխանել, որ մենք ամենախոշոր հարկատուն ենք Հայաստանում, մենք հարկ ենք վճարում, որից էլ ծախսում են զինվորի կարիքների համար: Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ մենք անտարբեր ենք զինվորի հանդեպ, մենք այլ ծրագրեր էլ ունենք, որն անմիջապես օժանդակում է խրամատում կանգնած հայ զինվորին»,- ասաց նա:

Yerkir.am-ի ճշտմանը` այսինքն` եթե ռոումինգը հանե՞ն, օրե՞նք են խախտում, որի հետևանքով հնարավոր է լիցենզիայից զրկվել, Յիրիկյանը պատասխանեց` այո, եթե իրենք ռոումինգը հանեն և Արցախը համարեն Հայաստանից անբաժանելի դաշտ` հեռահաղորդակցության առումով, օրենք են խախտում և արդյունքում` լիցենզիայից կզրկվեն:

«2005-ի սկզբին, երբ անդամակցեցինք Միջազգային բջջային կազմակերպությանը, նրանք մեզ ասել են, որ եթե մենք գործունեություն ծավալենք Արցախի տարածքում, կզրկեն լիցենզիայից»,- ասաց Յիրիկյանը: