կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 20:02
Հասարակություն

Ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը

Ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջև այսօր ստորագրվել է Հայաստանում տեղական ժողովրդավարության ճանապարհային քարտեզը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը: Ճանապարհային քարտեզի ստորագրմամբ կողմերը ստանձնում են Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը և քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը: Կողմերը պարտավորվում են նաև համատեղ աշխատանքով կյանքի կոչել ճանապարհային քարտեզը` Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351 (2014թ.) խորհրդատվությունն իրագործելու նպատակով։

Փաստաթղթի ստորագրման արարողության շրջանակներում ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնել է Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի և Հայաստանի իշխանությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցության համար մեդալ: