Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Դիլիջանում մասնակցել է «Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի» համատեղ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) նիստին, որի ընթացքում քննարկել են ծրագրի իրականացման առաջին արդյունքներն ու նվաճումները: Նիստին մասնակցել են նաև Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Թենգիզ Շերգելաշվիլին, ԵՄ Հայաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ԵՄ Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության (ԱԳՏՀ) աջակից ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարևը, Աջակից ծրագրի ղեկավար մարմնի` GIZ-ի թիմի ղեկավար Էրկ Ռոելոֆֆսը:
Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագիրն իրականացվում է 2015 թվականից Եվրոպական միության ֆինանսավորմամբ, և նպատակ ունի խթանել միջսահմանային շփումը ՏԻՄ-երի, համայնքների և քաղաքացիական հասարակությունների միջև, մասնավորապես, Հայաստանի Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում և Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջանում՝ ընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերները հաղթահարելուն ուղղված համատեղ լուծումներ մշակելու շրջանակներում:
«Հայաստան-Վրաստան միջսահմանային համատեղ նախագծերը կարևոր քայլ են տեղական մակարդակում տնտեսական և սոցիալական զարգացման և այդ հարցերում հասարակության ներգրավվածության բարձրացման ուղղությամբ», - ողջունելով նիստի մասնակիցներին՝ նշել է ՀՀ ՏԿԶՆ առաջին տեղակալ, Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի ՀԿԿ նախագահ Վաչե Տերտերյանը:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Թենգիզ Շերգելաշվիլիի գնահատմամբ՝ դրամաշնորհային նախագծերի ամենակարևոր նվաճումներից մեկը փոխադարձ շփումն է և կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը: «Ծրագրի մասնակիցները նպատակ ունեին ստեղծել խաղաղության, վստահության և համագործակցության ընկերական մթնոլորտ», - ասել է նախարարը:
Ծրագրի շրջանակներում ստեղծվել են 10 միջսահմանային համագործակցության նախագծեր, որոնք ներառում են Հայաստանից և Վրաստանից 33 կազմակերպություն: Նախագծերը միտված են լուծելու տարածաշրջանային զարգացմանն ուղղված տարաբնույթ խնդիրներ, մասնավորապես՝ խթանել տնտեսական զարգացումը, գրավել ներդրողներ Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջան և Հայաստանի Տավուշի մարզ, նորարարական զբոսաշրջային ուղիներ մշակել, իրականացնել Վրաստանի Սամցխե-Ջավախեթի և Հայաստանի Շիրակի մարզի բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված ծրագրեր: Հատուկ ուշադրություն է հատկացված երիտասարդների խնդիրներին, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կրթությանը, երիտասարդների զբաղվածությանը, ինչպես նաև Գյումրիի ու Բոլնիսիի դեռահասների միջև հաղորդակցության խթանմանը:
«Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագիրը խթանում է հարևան համայնքների ընկերական հարաբերությունները և համագործակցությունը գյուղատնտեսության, զբոսաշրջության, բիզնեսի, շրջակա միջավայրի պահպանման, կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտներում», - նշել է ԵՄ ԱԳՏՀ աջակից ծրագրի փորձագիտական խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարևը:
Աջակից ծրագրի ղեկավար մարմնի` GIZ-ի թիմի ղեկավարը Էրկ Ռոելոֆֆսը նիստի ընթացքում կարևորել է, որ ծրագրային առաջնահերթությունների, մասնակից կազմակերպությունների և մնացած բոլոր հարցերի շուրջ որոշումներն ընդունվել են միասնականորեն հայ և վրացի գործընկերների կողմից: «Այսօր մենք այստեղ ենք` քաղելու համագործակցության առաջին պտուղներն ու ականատես լինելու մասնակիցների առաջին հաջողություններին»- շեշտել է նա: