կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 14:53
Հասարակություն

Նախատեսվում է քրեականացնել արժեթղթերի շուկայում իրականացված չարաշահումները

Նախատեսվում է քրեականացնել արժեթղթերի շուկայում իրականացված չարաշահումները

Այսօր ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր նախագիծ, որն ուղղված է արժեթղթերի շուկայում չարաշահումների կանխարգելմանը` դրանք քրեականացնելու միջոցով: Օրենքի նախագիծը նաև նպատակ ունի ապահովել արժեթղթերի չարաշահումների դեմ պայքարի ոլորտում գոյություն ունեցող միջազգային ստանդարտների ներդրումը, որի պարտավորությունը Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ շրջանակներում:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը առանձնացրեց երկու տիպի չարաշահում արժեթղթերի շուկայում, մեկը՝ ներքին տեղեկատվության օգտագործում՝ գերշահույթներ ստանալու նպատակով, մյուսը՝ գնային չարաշահումներ: Նրա խոսքով՝ այդ չարաշահումները մեծ հասարակական վտանգավորություն են ներկայացնում` սպառնալով նաեւ ֆինանսական կայունությանը: Դրանց դեմ գործնականում պայքարել հնարավոր չէ՝ արդյունավետ իրավական գործիքների բացակայության պատճառով: Դրա պատճառով օտարերկրա ներդրողները խուսափում են ՀՀ արժեթղթերի շուկայում ակտիվ ներգրավվածությունից, քանի որ չարաշահումների մասով ՀՀ օրենսդրությունը եւ վերահսկողի լիազորությունները չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ ընդունված պրակտիկաներին: ՀՀ կենտրոնական բանկը՝ որպես իրավասու մարմին, չի կարողանում ապահովել միջազգային լիարժեք համագործակցություն, քանի որ ՀՀ օրենսդրությունը չի համապատասխանում ԱՀՄԿ-ին:

Օրինագծով նախատեսվում է ամրագրել արժեթղթերի շուկայի չարաշահումների հանրային վտանգավորության աստիճանը՝ դրանց քրեականացման միջոցով, եւ սահմանել համարժեք պատասխանատվության միջոցներ: Ըստ այդմ` առաջարկվում է քրեականացնել ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը, որի արդյունքում ինսայդերն ունենում է զգալի կամ խոշոր չափի շահույթ: Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20,000,000 ՀՀ դրամը՝ որպես զգալի շահույթ, եւ 30,000,000 ՀՀ դրամը՝ որպես խոշոր չափի շահույթ: Քրեականացվում է գնային չարաշահումը, որի արդյունքում պատճառվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափի վնաս:

Քրեականացման համար անհրաժեշտ շեմ է նախատեսվում 20,000,000 ՀՀ դրամը՝ որպես խոշոր վնաս, եւ 30,000,000 ՀՀ դրամը՝ որպես առանձնապես խոշոր վնաս: Ընդ որում` որպես պատժի տեսակ նախատեսվում են ինչպես տուգանքը եւ ազատության սահմանափակումը, այնպես էլ այլ տեսակներ, ինչի պարագայում դատարանները կկարողանան պատիժն ընտրել` կատարված արարքի ծանրության ու հանրային վտանգավորության աստիճանին համաչափ:

Նախագծի ընդունման դեպքում կավելանա արժեթղթերի շուկայում մրցակցությունը՝ ավելի լավ պայմաններով, մատչելի ու եկամտաբեր արժեթղթեր թողարկելու ու դրանց առեւտուրը կազմակերպելու առումով, կավելանա նաև շուկայի մասնակիցների թիվը, որոնք կգործեն ավելի թափանցիկ ու պաշտպանված միջավայրում, առավել միտված կլինեն ներդրումներ կատարելու արժեթղթերում՝ նպաստելով շուկայի ծավալների էական մեծացմանը: