կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 15:44
Քաղաքական

Ադրբեջանին չի բավարարում խաղաղ կարգավորումը. ադրբեջանցի քաղաքագետ

Ադրբեջանին չի բավարարում խաղաղ կարգավորումը. ադրբեջանցի քաղաքագետ

Այսօր «Սպուտնիկ» մամուլի ակումբում «Ռուսաստանի միջնորդության հեռանկարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում» թեմայով Երևան–Մոսկվա–Բաքու տեսակամուրջ-քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին Հայաստանից` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Ադրբեջանից` Միլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը և Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը: 

Ռուսաստանից մասնակցում էր փիլիսոփայական գիտութուննների թեկնածու Վլադիմիր Լեպյոխինը: Նա խորհուրդ տվեց Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին` կենտրոնանալ միայն թեմայի վրա, այն է` Ռուսաստանի միջնորդ դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, այլ ոչ թե բանավիճել պատմական հարցերի շուրջ, քանի որ հավաքվել են կառուցողական քննարկման համար:

«Ապրիլին շփման գծում ռազմական բախումների մեջ երևի թե Ռուսաստանի մեղավորությունը կա, գուցե Ռուսաստանն այնքան չի ջանացել, որ կողմերը զոհեր չունենան: Մեր երկրի ղեկավարությունը շատ լավ գիտակցում է իր դերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում: Հիմա ո՞րը պետք է լինի Ռուսաստանի դերը ԼՂ կարգավորման գործում, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Ռուսաստանը»,- կողմերի ներկայացուցիչներին հարցեց Վլադիմիր Լեպյոխինը:

Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի խորհրդական, քաղաքագետ Թոֆիկ Աբասովը նախ նշեց, թե ինքն էլ կողմնակից է կառուցողական քննարկում անցկացնելուն, սակայն քննարկման ընթացքում պազվեց, որ նա ամենևին էլ կառուցողական տրամադրված չէ: Ավելին` սկզբում նշեց, որ իրենց չի բավարարում հենց խաղաղ կարգավորումը և կառուցողականությունը: Աբասովի խոսքով` Ռուսաստանի ղեկավարությունն ամենաառաջինն արձագանքեց լարվածության սրացմանը` փորձելով կայունություն հաստատել: Ըստ ադրբեջանցի փորձագետի` Կազանի բանակցությունները անարդյունք էին, և 5 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանը դարձյալ ակտիվացավ, և հիմա նոր իրավիճակ է ստեղծվել ԼՂ հակամարտությունում:

«Չպետք է թույլ տալ, որ այս ընդմիջումը երկարի, քանի որ ցանկացած ընդմիջում վակուումային իրավիճակ է, որը կարող է լցվել շփման գծում կտրուկ գործողություններով: Կոնֆլիկտի լուծման ուղիները սպառված չեն, բայց կարևորը առարկայական խոսելն է, պետք է վերականգնել բանակցային գործընթացը Ռուսաստանի և այլ միջնորդների օգնությամբ, որից հետո կարող ենք խոսել ամեն ինչի մասին` եղանակի և այլնի: Խոսքը խաղաղության հաստատման և դրա արդյունքում` խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրման մասին է»,- ասաց Թոֆիկ Աբասովը:

Նա չմոռացավ իր ցանկությունները բարձրաձայնել, որ խաղաղությունը կվերականգնվի այն ժամանակ, եթե հայկական կողմն իր զորքերը դուրս բերի «իրենց տարածքներից»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր խոսքը սկսեց Երեխաների պաշտպանության օրվա առթիվ շնորհավորանքով: «Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, և շնորհավորում եմ բոլոր երեխաներին: Հուսամ` բոլորը այնպես կանեն, որ երեխաների կյանքը պաշտպանեն, այլ ոչ թե սպանեն նրանց»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ Մարտակերտում 12-ամյա դպրոցական զոհվեց:

Շարունակելով իր խոսքը` Թևան Պողոսյանը նշեց, որ կառուցողական քննարկում ծավալելու համար պետք է հաշվի նստել իրականության հետ: «Ռուսաստանի միջնորդ դեր ասելով` ես հասկանում եմ այն, թե ինչ հետաքրքություններ ունի Ռուսաստանը մեր տարածաշրջանում: 2013-ից սկսած` Ռուսաստանը փորձում էր կանգնեցնել Հայաստանի` ԵՄ-ին ասոցացվելու պրոցեսը: Եվ ամենահեշտն էր Ադրբեջանին մեծաքանակ զենք վաճառելը: Տեսնում ենք, որ դրանից հետո Հայաստանը ստիպված հրաժարվեց ԵՄ Արևելյան գործընկերությանն անդամակցումից: Դրանից հետո Ադրբեջանի ագրեսիայի պատճառով ունեցանք ապրիլյան դեպքերը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ 22 տարիների ընթացքում Ադրբեջանը սպառազինվել է, և բնական է, որ  ցանկացել է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:

Հայ պատգամավորը շեշտեց` ապրիլի 6-ին Ադրբեջանը Ռուսաստանին խնդրեց կանգնեցնել ռազմական բախումները, այսինքն` Ռուսաստանի դերն այն էր, որ հայտարարի` ինձ զանգել է կողմերից մեկը և խնդրել իմ միջամտությունը: Ուստի Ռուսաստանի դերն էր` ազդեցությունը տարածել այս տարածաշրջանում: «Չգիտեմ `ապրիլի 6-ից հետո ինչ փոփոխություններ տեղի ունեցան Ադրբեջանում, բայց մայիսի 16-ին նախագահների հանդիպման ժամանակ Ադրբեջանը համաձայնեց այն պայմաններին, որոնցից հրաժարվում էր շուրջ 22 տարի: Ուրեմն ապրիլի 6-ին ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, այն է` վեց զոհ մեկի դիմաց, որը ունեցավ Ադրբեջանը, ինչքան էլ այնտեղ տնտեսության ու ժողովրդագրական վիճակը լավ լինի»,- ասաց Թևան Պողոսյանը: