կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-31 15:41
Տնտեսական

2016թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 4,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5,5 տոկոսի փոխարեն

2016թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 4,4 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5,5 տոկոսի փոխարեն

Այսօր ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի` 2016 թվականի հունիսի 6 - 9-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներառելու մասին հարցը:

Պատգամավորները հետաքրքրվեցին սպառման ծավալների նվազմամբ, վարկավորման ոլորտի խնդիրներով ու տնտեսական աճով: ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանը նշեց, որ 2016թ. առաջին եռամսյակի տնտեսական աճի ցուցանիշը նախորդ տարվա այդ ժամանակահատվածի դրությամբ կազմել է 5,5 տոկոսի փոխարեն 4,4 տոկոս: Նա նշեց, որ տնտեսական աճը պայմանավորված է եղել արտահանման և հանքարդյունաբերության աճով:

Բացասական պատկեր է գրանցվել մանրածախ սպառման ոլորտում` նվազման ցուցանիշներով, և ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հույս ունի, որ առաջիկայում երկիրը դուրս կգա այդ վիճակից, և սպառման ցուցանիշները կփոփոխվեն դրական ցուցանիշով: Արմեն Հայրապետյանի խոսքով՝ սպառման ծավալների նվազումը, Ռուսաստանի տնտեսական ցնցումներով պայմանավորված, տրանսֆերտների նվազման հետևանք է. 2016թ. առաջին եռամսյակում տրանսֆերտները նվազել են 12 տոկոսով:

«Եթե Ռուսաստանի տնտեսությունը բարելավվի, տրանսֆերտները կաճեն, և հույս ունենք, որ սպառման նախկին ցուցանիշները հետ կգան»,- ասաց Արմեն Հայրապետյանը:

ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էլ նշեց, որ տնտեսական աճը պայմանավորված է եղել արտահանման աճով, և դա ոչ միայն հանքարդյունաբերության աճն է, այլ մշակող արդյունաբերության, ոսկերչության և այլ ճյուղերի ակտիվացումը:

«Սպառման բացասական միտումները որ կան, հույս ունենք, որ հաջորդ եռամսյակում սպառման դրական աճ կունենանք»,- ասաց Ստեփանյանը:

Ինչ վերաբերում է վարկավորմանը, նա նշեց, որ պահանջարկ ունեն հիփոթեքային վարկերը, որոնց տոկոսադրույքները փոքր-ինչ նվազել են: Սակայն նվազել են ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերը` մոտ կես տոկոսով: