կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 11:32
Տնտեսական

Տնտեսական աճը կլինի 2,5-3 տոկոսի սահմաններում. Վաչե Գաբրիելյան

Տնտեսական աճը կլինի 2,5-3 տոկոսի սահմաններում. Վաչե Գաբրիելյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը մեկնաբանեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն տեսակետը մենաշնորհների վերաբերյալ, թե փոքր շուկա ունեցող երկրներին հատուկ են մենաշնորհները, և եթե այդ մենաշնորհը բնական ճանապարհով է առաջանում, ուրեմն խնդիր չկա:

«Վարչապետը նշել է, որ փոքր շուկայի պայմաններում մասշտաբի էկոնոմիայի պատճառով շատ հնարավոր է լինեն խոշոր խաղացողներ: Նա նկատի չունի, որ դա նորմալ է, նա նկատի չունի, որ որևէ մեկին դա պետք է տրվի, այլ` որ դուք ունեք խոշոր խաղացող, որը որևէ քանակությամբ արտադրանք տալու համար պետք է ունենա մեծ ծավալ ունեցող արտադրողականություն: Դրա համար եթե դուք փոքր շուկայում եք և մեծ խաղացող չեք, շատ հաճախ դժվար է արտահանում իրականացնել, քանի որ դուք այն մասշտաբը չունեք, որ կարողանաք արդյունավետ լինել: Սա տնտեսագիտական տեսություն է: Կարևորն այն է, որ խոշոր դիրք ունեցողը չչարաշահի իր դիրքը»,- ասաց նա:

Գաբրիելյանը օրինակ բերեց Microsoft-ի մոնոպոլիան` ասելով, որ որևէ մեկը չի վիճարկում ու այդ ընկերությանը չի մեղադրում մենաշնորհային դիրք ունենալու մեջ, քանի որ դա, ընդհակառակը, բարձրացնում է արտադրողականությունը: Սակայն Microsoft-ին սկսեցին մեղադրել այն ժամանակ, երբ ընկերությունը սկսեց չարաշահել մենաշնորհային դիրքը:

Լրագրողները հարցրեցին տնտեսական աճի հակասական ցուցանիշների մասին, երբ ՌԴ նախագահ Պուտինը շնորհավորում է ՀՀ նախագահին տնտեսական 10 տոկոս աճի կապակցությամբ, մինչդեռ` նորանշանակ վարչապետը հայտարարում է, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է: Ի դեպ, ԱՎԾ պետ պարոն Մնացականյանը չէր կարողացել պատասխանել այդ հարցին, իսկ փոխվարչապետը փորձեց հումորով շրջանցել հարցը: «Եթե պարոն Մնացականյանը չի կարողացել պատասխանել այդ հարցին, հասարակ մահկանացուներս ինչպե՞ս կարող ենք պատասխանել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, Վաչե Գաբրիելյանը նշեց. «Անպայման կունենանք տնտեսական աճ, կլինի 2,5-3 տոկոսի սահմաններում, սակայն մեր տնտեսական  աճին պետք է նայել ըստ ոլորտների ու զարգացման հեռանկարների»:

Նա չբացառեց, որ կառավարության կազմում կլինեն կառուցվածքային «խոշորացումներ», սակայն որևէ հստակ բան չհայտնեց: