Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 27-ին Հայաստանի դպրոցներում կհնչի Վերջին զանգը: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մինչ այդ շրջաբերական էր ուղարկել դպրոցի տնօրեններին և կոչ արել ծնողներին` համեստ նշել այդ օրը: «Հաշվի առեք` մեր երկրում ստեղծված իրավիճակը. ձեզնից շատերի երեխաները և եղբայրներն այսօր խրամատում են»,- ասել էր նա:
Թե որքանո՞վ է տնօրեններին հաջողվել համոզել ծնողներին և աշակերտներին, փորձեցինք պարզել` զրուցելով դպրոցների տնօրենների հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում Երևանի թիվ 83 դպրոցի տնօրեն Մանվել Պապոյանը նշեց, որ նախարարի շրջաբերականը շատ տեղին է, քանի որ մանկավարժին հարիր չէ ընկնել ավելորդ խոսակցությունների մեջ` դրամահավաքի հետ կապված: Բացի այն, որ մեր սոցիալական վիճակը թույլ չի տալիս ճոխ երեկույթներ կազմակերպել, ըստ տնօրենի, մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք: «Չպետք է ասենք` 4-օրյա պատերազմ, ու այդպես անցնի, գնա: Մենք պետք է հիմա, իրոք, շատ համեստ նշենք ցանկացած իրադարձություն: Եթե չափի մեջ է, ավելի գեղեցիկ է նայվում»,- ասաց Պապոյանը:
Նա նշեց նաև, որ Վերջին զանգն, առհասարակ, սպառել է իրեն, և հիմա կարելի է մեկ ուրիշ ձևով այն կազմակերպել, որ աշակերտը հասկանա` դպրոցն ավարտել է, այլ ոչ թե եկել է քեֆ անելու ժամանակը: «Մեր աշակերտները կգան, դահլիճում կշնորհավորենք նրանց, հետո ամեն մեկն իր դասարանը կգնա` դասղեկի հետ: Ինչ վերաբերում է ավարտական երեկոյին, ապա այն տեղի կունենա հետո, երբ աշակերտները քննությունները հանձնած կլինեն»,- ասաց տնօրենը:
Երևանի թիվ 109 դպրոցի տնօրեն Սամվել Թադևոսյանն էլ նշեց, որ նախարարի ուղերձն իրեն շատ է դուր եկել, ընդ որում, ըստ նրա, նման ուղերձ դեռ չէին ստացել:
«Մենք շատ զուսպ ենք նշելու Վերջին զանգը: Երկրում տիրող այս վիճակում այլ կերպ հնարավոր էլ չէ: Քանի որ դահլիճ չունենք, մենք Վերջին դաս ենք անցկացնում` յուրաքանչյուր դասարան իր դասասենյակում: Ես դեմ եմ շքեղություններին, և ոչ մի կերպ արդարացված չէ պարտքով Վերջին զանգ կամ ավարտական երեկո նշելը: Իսկ Վերջին զանգին հաջորդող խնջույքը, կարծում եմ, քննություններից հետո կլինի` կրկին համեստ մի փոքրիկ բան»,- ասաց Թադևոսյանը:
Մարզային դպրոցներում, սակայն, այլ պատկեր է. դպրոցների տնօրեններն ասում են` իրենք մինչ այս էլ համեստ են տոնել Վերջին զանգը: Բերդի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Արթուր Մելիքյանը նշեց, որ իրենց մոտ ընդհանրապես միշտ համեստ միջոցներով է նշվել այն:
«Կարծում եմ` սահմանամերձ բոլոր համայնքներում էլ չափավոր է նշվում տոնը, քանի որ մենք ողջ տարի սեփական մաշկի վրա ենք զգում լարված իրավիճակից բխող հետևանքները: Իմ կարծիքով` ինչպես մենք ենք նշում Վերջին զանգը, այդպես էլ պետք է Երևանում այն տոնեն: Չեմ ասում` ընդհանրապես չնշվի, բայց պետք է շատ համեստ ու չափավոր լինի ամեն ինչ»,- ասաց նա:
Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Ալինա Ազնավուրյանն էլ է նշում, որ նախարարի շրջաբերականը ճիշտ ժամանակին է ուղարկվել դպրոցներին` հիմա «քեֆ անելու» ժամանակ չէ: «Ես ծնողական ժողով եմ արել և զրուցել ծնողների հետ, անգամ հորդորել եմ, որ օրվա համար նախատեսված այնպիսի հագուստ ընտրեն, որը մեծամասնությանը հարմար կլինի: Մյուս կողմից` պետք է ասեմ, որ մարզերում շատ չափավոր են նշում այդ օրը. մեր հնարավորությունները չեն ներում ճոխությունների»,- նշեց տնօրենը:
Հուսանք` Վերջին զանգն աշակերտները կտոնեն` հաշվի առնելով ինչպես երկրում տիրող իրավիճակը, այնպես էլ ծնողների սոցիալական վիճակը: Ի վերջո, փողը չէ, որ օրը տոն է դարձնում: