կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 14:59
Տնտեսական

Ավելի վտանգավոր է ունեցվածքը չհայտարարագրելը. Արմեն Ալավերդյան

Ավելի վտանգավոր է ունեցվածքը չհայտարարագրելը. Արմեն Ալավերդյան

ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի կարծիքով` կոռուպցիայի ռիսկը միշտ կլինի, եթե պետական կառավարման համակարգը սոցիալապես պաշտպանված չէ, իսկ պաշտոնյան չի ստանում այն աշխատավարձը, որը հնարավորություն կտա նրան բավարարել անձնական կարիքները:

Պաշտոնյաների հսկայական գումարների հայտարարագրման վերաբերյալ հարցին Արմեն Ալավերդյանը անսպասելի պատասխան տվեց: «Այդ առիթով մենք պետք է ուրախանանք, քանի որ դա տանում է թափանցիկության: Վատ է այն, որ պաշտոնյան միլիոններ ունի ու ոչինչ չի հայտարարագրում: Չեմ կարծում,  որ պաշտոնյաներն այնքան անմիտ կամ անգրագետ լինեն, որ, առանց հիմքեր ունենալու ,հայտարարագրեն մեծ գումարներ»,- ասաց նա` հավելելով, որ ճիշտ է, որ պաշտոնյաները հայտարարագրեն, ու պետությունն իմանա այդ ֆինանսների ու ֆինանսական հոսքերի մասին, որպեսզի դրանք հեշտ լինի վերահսկելը: Եվ հակառակը, ըստ ՊԵԿ փոխնախագահի, առավել վտանգավոր է, երբ պետական պաշտոնյան չի հայտարարագրում կամ թաքցնում ու խուսափում է հայտարարագրումից:

Ալավերդյանը թեև չի հերքում, որ Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, բայց առայժմ չունի համապատասխան փաստեր: Նա շեշտեց, թե կոռուպցիայի դեմ պայքարը կապ չունի քառօրյա պատերազմի հետ:

«Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է ձգտել ու հասնել, քան գրպանը հարստացնելու մասին մտածել: Հիմա պետք է տեսնենք, թե դրա դեմ ինչպես ենք պայքարելու: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե որևէ մեկին դատեն, վարչական պատասխանատվության ենթարկեն, աշխատանքից ազատեն, հարցը կլուծվի, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:

Ի դեպ, Ալավերդյանը նշեց, որ տարեկան 15 միլիոն դրամ եկամուտ ունի: «Տարեկան եկամուտներս 15 մլն դրամ են: Ամսական եկամուտս՝ 1.2 մլն դրամ: Տարեկան 8,5 մլն-ը աշխատավարձն է, մնացածը՝ բանկային տոկոսներ: Ես իրականում իմ վարձատրությունից գոհ եմ»,- ասաց նա: