կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 13:58
Քաղաքական

Արմեն Չարչյանի դեպքում վտանգված են մարդու կյանքի և արդար դատավարության իրավունքը. Լարիսա Ալավերդյան

Արմեն Չարչյանի դեպքում վտանգված են մարդու կյանքի և արդար դատավարության իրավունքը. Լարիսա Ալավերդյան

Արմեն Չարչյանի նկատմամբ, հաշվի առնելով իր առողջական վիճակը, դաժան վերաբերմունք է ցուցաբերվում,  այստեղ չի կարող լինել երկու կարծիք։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ պետք է անհապաղ վերանայվի պրոֆեսորի խափանման միջոց կալանքը։

Նշենք, որ երեկ պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել  է։ Պրոֆեսորը սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում։

«Խախտումները վերաբերում են Եվրոպական կոնվենցիայի բոլոր այն հոդվածներին, որտեղ խոսքը գնում է  մարդու կյանքի, մարդու արդար դատավարության իրավունքի  մասին, և այս երկու իրավունքներն էլ տվյալ դեպքում վտանգված են։ Այդ առումով հորդորում եմ մեր իրավապահ և դատական մարմիններին՝ թողնել մի կողմ ամեն ինչ, որովհետև իշխանությունները անցողիկ են, և լինել հավատարիմ միջազգային իրավունքին  և ազգային օրենսդրությանը։ Չարժե ընկնել անցողիկ իրավիճակների հետևից»,- նշեց Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել և հատուկ են, նախքան դատավճիռը անազատության մեջ պահելով, պատժում։

«Արմեն Չարչյանը շատ հստակ դրսևորել է իր մոտեցումները այս իշխանությունների նկատմամբ՝ արտահայտելով բավական տարածված կարծիք, որ այս իշխանությունները  չեն կարողանում ապահովել պետական անվտանգությունը, և նաև պարոն Չարչյանը հայտնել է իր կարծիքը, թե ում է սատարում։ Արտահայտել կարծիքը և տարածել կարծիքը՝ այս երկուսը մարդու իրավունքների սուրբ արտահայտումն է։ Չարչյանը պատահական չի ընտրված, նա բավական հայտնի  գիտնական է, բժիշկ է, ղեկավար, հիմա այդպես ցույց են տալիս՝ նայեք հա՜, եթե մենք այդպես ենք վերաբերվում ոչ շարքային քաղաքացուն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանենք մենք մնացածի հետ։ Սա ավելի շատ զգուշացում է այլոց, որ ռիսկ չանեն արտահայտել իրենց կարծիքը, որը բացասական է այս իշխանությունների վերաբերյալ։ Սա  մեթոդ է, որը կիրառվում է ոչ առաջին անգամ։ Նույնը կարելի է ասել նաև Սյունիքի համայնքապետերի մասին»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: