կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 12:50
Քաղաքական

Սա լուծվող հակամարտություն է. ԱՄՆ դիվանագետներ

Սա լուծվող հակամարտություն է. ԱՄՆ դիվանագետներ

Ամերիկացի դիվանագետները համարում են, որ իրականում Հայաստանն ու Ադրբեջանը այդքան էլ հեռու չեն ԼՂ հակամարտության կարգավորումից, ինչպես կարող է թվալ. գրում է Mexiamax-ը:

Մայիսի 16-ին ամերիկացի դիվանագետները լրագրողների համար Վիեննայում ճեպազրույց էին անցկացրել՝ մինչ ԱՄՆ, ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մեկնարկը: 

Դիվանագետների անունները ճեպազրույցի վերծանման մեջ չեն նշվում, նրանք նշվում են որպես «Պետդեպարտամենտի ավագ պաշտոնյա 1» եւ «Պետդեպարտամենտի ավագ պաշտոնյա 2»: Կարելի է ենթադրել, որ ճեպազրույցի խոսնակներն են եղել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի դիվանագետների ելույթից

***

Բանակցությունների մասին 

Մենք ցանկանում ենք տեսնել բանակցային գործընթացի շարունակությունը, որ կողմերը պարտավորվեն հանդիպել հակամարտության համապարփակ կարգավորման համար: Երկու կողմն էլ համաձայնել են, որ ստատուս-քվոի պահպանումը անընդունելի է, սակայն դեպի կարգավորում շարժվելու համար անհրաժեշտ է գործընթաց: Այդ պատճառով պետքարտուղար Քերին մտադրված է կոչ անել նախագահներին հանդիպել մոտ ապագայում՝ համապարփակ կարգավորման շուրջ աշխատելու համար: 

Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկի մասին 

Դժվար է ասել, թե ինչպես եւ ինչու դա սկսվեց: Վերջին տարվա ընթացքում ակնհայտ էր, որ կողմերը ստուգում էին միմյանց պաշտպանական հնարավորությունները: Ամենամտահոգիչը ծանր զինատեսակները կիրառումն էր: 

Ռուսաստանի հետ համագործակցության մասին 

Այս խնդրի լուծման հարցում մենք եւ ռուսները միակարծիք ենք: Մենք տարաձայնություններ չունենք: Տվյալ պահին ունենք երկու նպատակ. հրադադարի պահպանմամբ կրճատել բռնության կիրառման դեպքերը եւ անհապաղ սկսել համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունները: Ռուսները կիսում են այդ երկու նպատակները: 

Կարգավորման սկզբունքների մասին 

Համապարփակ կարգավորման բոլոր սկզբունքներն ու տարրերը բավականին երկար ժամանակ քննարկվում են: Մենք այսօր կուզենայինք կողմերից ստանալ այդ տարրերին եւ սկզբունքներին իրենց հավատարմության վերահաստատումը, ինչպես նաեւ դրանց ճանաչումը՝ որպես համապարփակ կարգավորմանը հասնելու հիմք: 

Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն ռազմական ճանապարհով: Սակայն մենք չենք կարծում, որ նախագահներից որեւէ մեկը այդպես է մտածում: Նրանք ցանկանում են համաձայնության գալ բանակցությունների արդյունքում, եւ անցյալում արդեն մոտ էին դրան: Նրանք հիմա էլ այդքան էլ հեռու չեն դրանից: 

Վիսկիի շշի մասին 

Կարեւոր է այն, որ նրանք ունակ են խոսել միմյանց հետ: Այսօր հանդիպման այլ ձեւաչափ ունենք, բայց անցյալում մենք նրանց հնարավորություն ենք տվել երկար ժամանակ խոսել դեմ առ դեմ: Սեղանին մի շիշ սկոչ ենք դնում եւ նրանց հնարավորություն տալիս քննարկելու բոլոր հարցերը: 

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին 

Հարցերից մեկը, որը պետք է լուծենք, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Երկու նախագահներն էլ համաձայն են, որ ԼՂ կարգավիճակի որոշման համար որոշակի փուլում պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի բնակչության կամարտահայտումը: Իհարկե, հայերը ցանկանում են, որ ժամկետը ֆիքսվի ու
հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացվի: Մենք պատասխանում ենք, որ դա միակ հարցը չէ, եւ երբ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին, պետք է քննարկենք նաեւ այլ տարրերն ու սկզբունքները: 

...

Հակամարտության կարգավորման հեռանկարների մասին 

Սա լուծվող հակամարտություն է: Կան հակամարտություններ, որոնք կարելի է միայն կառավարել: Այս հակամարտությունը կարելի է լուծել, եւ դրա համար անհրաժեշտ է նախագահների քաղաքական կամքը:

Ապրիլյան պատերազմի արդյունքների մասին 

Ադրբեջանցիները գրավել են որոշակի տարածքներ, որոնք, ըստ իրենց, մարտավարական նշանակություն ունեն: 

Կողմերից յուրաքանչյուրը դեպքերը յուրովի է մեկնաբանում: Ադրբեջանցիները հայտարարել են սեփական նշանակալից ռազմական հաղթանակի մասին: Հայերը այլ կերպ են մտածում: Նրանք ասում են, որ խոսքը գնում է մի քանի հարյուր մետրի մասին, որը առանձնահատուկ նշանակություն չունի, եւ որի համար Ադրբեջանը չափազանց թանկ գին է վճարել: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում