կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-29 15:52
Առանց Կատեգորիա

Սահմանն ու աղջիկները

Սահմանն ու աղջիկները

Երբ մի անգամ իմ հրամանատարներից մեկին հարցրեցի, թե ինչո՞ւ են դիպուկահարները մեծ մասամբ կին լինում, ավելի ճիշտ` ինչո՞ւ են կանայք բանակում հիմնականում դիպուկահար լինում, նա տվեց մի պատասխան, որը ես երբեք չեմ մոռանա: «Բանն այն է,- ասաց նա,- որ դիպուկահարելու համար պետք է կրակելիս չդողալ, անգամ` մատի, շնչառության փոքրիկ տատանման դեպքում կվրիպես, իսկ կանայք, ի տարբերություն, տղամարդկանց, կրակելիս մատները չեն դողացնում եւ մաքսիմալ սառնասրտություն են ցուցաբերում»:

Ես չգիտեմ, թե որքանո՞վ է ճիշտ այս պատասխան-հիմնավորումը, բայց այն շատ գեղեցիկ է: Հիշում եմ միայն, որ կրակային պարապմունքներին ես մշտապես զգում էի, որ ամենավերջին պահին մատս դողում է` չնայած ավելի լավ կրակում էի, քան, ենթադրենք, վազում:

Դժվար է ասել եւ պետք էլ չէ ասել, թե այս պահին մեր բանակում քանի՞ կին դիպուկահար կա /Նազենի Հովհաննիսյանին չհաշված/, ու նրանց մասին չէ, որ խոսելու ենք, այլ ուրիշ աղջիկների` 16-22 տարեկան, ըստ՝ լուսանկարների՝ գեղեցիկ, որոնք գրում են, թե ինչ է կատարվում սահմանին: Սահմանից չեն գրում, չգիտեմ, թե որտեղից են գրում: Հենց այդպես էլ գրում են՝ «Ի՞նչ է այս պահին կատարվում սահմանին», կամ՝ «Ուրախ լուր սահմանից` մերոնք մորթել են ադրբեջանցիներին», կամ՝ «Քիչ առաջ մեր տղերքը ջարդեցին ադրբեջանցի ոչխարի գլուխը», կամ` «Ադրբեջանցիները տակները թրջում են մեր տղերքի հազոցից», կամ… Ես հասկանում եմ, անշուշտ, որ ջազում միայն աղջիկներ են, բայց` սահմանին է՞լ: Սիրո'ւն ջան, բա դու որտեղի՞ց գիտես, թե ինչպես են հազում հայ տղերք, լսե՞լ ես, կամ դու գիտե՞ս, թե մորթելն ինչ է, որ գրում ես, այն էլ` որպես ուրախ լուր: Հասկանալի է, որ պատերազմը աղջիկ-տղա չի ճանաչում, պատերազմի ժամանակ բոլորը դառնում են մեկը, այդ մեկն էլ՝ տղերք են կոչվում, բայց դու ի՞նչ ես այսօր դպրոցում ստացել քիմիայի՞ց, իսկ գրականությունի՞ց, հա, սովորել չե՞ս սիրում, ոնց միանգամից գլխի չէի ընկել…

Ես չգիտեմ, թե ո՞վ է այս աղջիկներին ասում, որ ցնցեն համացանցը, բայց վստահ եմ, որ ասող կա, վստահ եմ, որ ասողը տղա է` ինքը շեֆն է, աղջիկներն էլ` իր աշխատողները: Փող են ստանում, իրենց համար մազի բռոշկա են առնում, կոսմետիկա, բան… Հետո աշխատանքի են գալիս ու արագ-արագ տեղեկացնում բոլորիս, թե հենց հիմա, այս պահին ի՞նչ է կատարվում սահմանին: Առաջ գրում էին՝ «շտապպա», հիմա գրում են՝ «պաշտոնական»: Այսպես են գրում, որ կարդան: «Շտապա»-ն արդեն բացահայտված կեղծիք է, պաշտոնականը՝ նոր են կեղծում:

Առաջարկում եմ հարցը լուծել հետեւյալ ճանապարհով` հավաքագրել այս աղջիկներին: Ճիշտ է, կարող է պարզվել, որ նրանցից ոմանք ամենեւին էլ այն կապույտ աչքերով եւ 19 տարեկան գեղեցկուհիները չեն, այլ կարգին թրաշով տղամարդիկ, բայց վստահեցնում եմ, որ նրանց շարքերում ահագին աղջիկներ կհավաքվեն: Հետո ստեղծել առանձին գումարտակ, անունն էլ դնել՝ Հայկական գարուն: Հայկական` որովհետեւ հայ են, գարուն` որովհետեւ կին են: Նրանց տալ դիպուկահարության դասեր եւ ուղարկել սահման՝ անձամբ տեսնելու, թե ինչպես են մորթում, ջարդում, ինչ տեսք ունի ոչխարի գլուխը, ինչպես են ադրբեջանցիները տակները թրջում, եւ մեր տղերքը ինչպես են հազում... Այդ պարագայում` միայն այդ պարագայում, նրանց կրակոցները դիպուկ կլինեն եւ նպատակային: Եվ նրանք էլ երբեք չեն գրելու մորթելու եւ ջարդելու մասին, անգամ երբ մորթվողն ու ջարդվողը ոչխար է:

Առաջարկում եմ տղամարդ դառնալ՝ բառի ոչ արական իմաստով, չէ՞, որ պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ բոլորս մի անուն ունենք՝ տղերք:

Հովիկ Աֆյան