Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակի հետ կապված մի շարք խորհրդակցություններ է անցկացրել։ Երեկ նա մեկնեց ԼՂՀ, որտեղ նույն օրը խորհրդակցություն անցկացրեց նաև ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ։ Այսօր նա այցելել է ՊԲ մի քանի զորամասեր։ Իրականացվող այս միջոցառումներն, իհարկե, կանխատեսելի էին։ Ապրիլյան պատերազմն ի հայտ է բերել խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ Բայց նախագահի գործողությունների ինտենսիվությունը նաև հուշում է, որ ամեն րոպե պետք է պատրաստ լինել նոր մասշտաբային ռազմական գործողությունների՝ չնայած ապրիլի 5-ին կողմերի միջև ձեռք բերված կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություններին։ Դրա համար կա օբյեկտիվ մի քանի պատճառ։
Սակայն սրանք ընդամենը պատերազմի հավանական վերսկսման նախադրյալներն են։ Թե որքանով դրանք կհանգեցնեն ռազմական ակտիվ և մասշտաբային գործողությունների, կախված է մեկ կենտրոնից՝ Մոսկվայից։ Խնդիրն այն է, որ նախաձեռնելով կրակի դադարեցման և ԼՂ կարգավորման բանակցություններն ակտիվացնելու գործընթացը՝ Մոսկվան շփման գծում հարաբերական կայունության կամ ավելի ճիշտ մասշտաբային ռազմական գործողություններ թույլ չտալու պատասխանատվություն է ստանձնել։ Եթե նրա կամքից անկախ կողմերի միջև նոր լայնածավալ բախումներ սկսվեն, դա կնշանակի, որ Մոսկվան չի տիրապետում իրավիճակին, չունի բավարար ազդեցության միջոցներ կողմերի վրա, և Հր. Կովկասում նրա հեգեմոնիան իրականում թվացյալ է։ Մոսկվան կձգտի ամեն ինչ անել, որ նոր էսկալացիա տեղի չունենա, և կողմերն իրենց էներգիան փորձեն սպառել բանակցությունների սեղանի շուրջ։
Բայց ինքնին փաստը, որ երերուն կայունությունը թելադրված է և կարելի է ասել՝ կառավարվում է միայն մեկ կենտրոնից, ակնհայտ է դարձնում, որ այդ կենտրոնն էլ կարող է սեփական հայեցողությամբ օգտագործել այդ լծակը։ Ամենատարբեր խողովակներով Մոսկվան հիմա կողմերին ակնարկում է, որ ցանկանում է շուտափույթ լուծել ԼՂ հիմնահարցը՝ առաջին հերթին նպատակ ունենալով Ադրբեջանին վերջնականապես դուրս բերել Թուրքիայի ազդեցության գոտուց։ Ապրիլի 21-ին Երևան է այցելելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Գրեթե կասկած չկա, որ նա ժամանելու է կարգավորման հետ կապված կոնկրետ առաջարկներով և փորձելու է հասնել նրան, որ ստանա Հայաստանի համաձայնությունը դրանց շուրջ։ Երևանն առայժմ փորձում է հասկացնել, որ այնքան էլ ոգևորված չէ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից դուրս Մոսկվայի այս նախաձեռնություններից։ Չի բացառվում, իհարկե, որ այդ առաջարկն իսկապես կարող է հիմնված լինել «տարածքներ` ԼՂ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա, որին դեմ է Ադրբեջանը։
Մոսկվայում հասկանում են, որ փոխզիջումների գնալու հարցում բանակցող կողմերի հիմնական կաշկանդվածությունը բխում է երկու հասարակությունների անզիջում, կարծրացած դիրքորոշումներին բախվելու և ամեն ինչ կորցնելու` իշխանությունների մտավախությունից։
Ստեղծված իրավիճակում հայկական կողմի կարեւոր քայլը բանակցությունների միջոցով ժամանակ շահելն ու շատ արագ եւ ինտենսիվ սպառազինվելն է, հատկապես զսպիչ ստրատեգիական զինատեսակներով, արդիականացնել բանակը։ Դրանց համար պահանջում է բառի բուն իմաստով երկիրը վերածել բանակ-պետության, փոխել պետական կառավարման որակն ու փիլիսոփայությունը։ Թե Մոսկվային և թե Բաքվին անհրաժեշտ է հասկացնել, որ երկիրը պատրաստ է դիմագրավել նոր ոտնձգություններին, և որ ահաբեկման որևէ մարտավարություն արդյունք չի տալու։ Հակառակ դեպքում չի բացառվում, որ հենց հայկական կողմը հայտնվի այդ հոգեբանական գրոհի թիրախում։
Գևորգ Դարբինյան