կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-12 20:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ հաղթենք՝ խաղաղություն կլինի, որ պարտվենք՝ հա պատերազմ կլինի մինչև մեր վերանալը․ Ալվրցյան

«Որ հաղթենք՝ խաղաղություն կլինի, որ պարտվենք՝ հա պատերազմ կլինի մինչև մեր վերանալը»․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում  արցախցի 92-ամյա պապիկի այս խոսքը հիշեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՅԴ անդամ Հայկազուն Ալվրցյանը։

Նա նշեց, որ Փաշինյանի թիմը իշխանության է եկել Արցախը վերացնելու նպատակով, սրանց համար Արցախը մեծագույն գլխացավանք է, այնինք Արցախից ազատվելը խաղաղություն չի բերելու վստահաբար։

«Ով արժանապատվության հաշվին խուսափում է պատերազմից, կորցնում է և՛ արժանապատվությունը, և՛ ստանում է պատերազմ»․ Ուինսթոն Չերչիլի այս խոսքը հիշեցրեց Հայկազուն Ալվրցյանը։

«Երբեք զիջողը խաղաղություն չի ստանում։ Եթե դու զիջող ես, ինչո՞ւ պիտի քեզ խաղաղություն տան, դու ո՞վ ես․․․ եթե դու այդքան ուժ չունես, որ դիմադրես, ինչո՞ւ պիտի քեզ խաղաղություն տան։ Եթե դու չես դիմադրում, չես կարողանում, չես ուզում, քեզ ոչնչացնում են, բնության օրենքն է․ ով դիմադրողական ուժը չունի, ով այդ ուժի կազմակերպման մեխանիզմը չունի՝ վերացնում են»,-ասաց նա։

Իսկ նման ուժ ձևավորում, կազմակերպում է պետությունը՝ ստեղծում է բանակ, համոզմունքներ՝ ազգասիրություն, հայրենասիրություն, նվիրում։ Այս պատճառով էլ Փաշինյանի իշխանությունը առաջին հերթին հարվածի տակ է դրել այդ գաղափարները։

«5-րդ դարում հայերը Ավարայրի դաշտ՝ պատերազմի, մտան «Վասն հավատո, վասն հայրենյաց» կարգախոսով։ Իսկ հիմա ի՞նչ են անում՝ եկել են հայրենիքի և հավատի դեմ են պայքարում՝ բոլորին համոզելով, որ հայրենի հողերը տալը խաղաղություն կբերի։ Այդ ո՞ր «խելոքն» ու «իմաստունն» է ասել, որ հայրենի հողերից հրաժարվելը խաղաղություն կբերի»,-ասաց նա։

Հայակազուն Ալվրցյանը պատմեց, որ 1991 թ-ին, երբ հարցումներ էին անում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, մի արցախցի մարդ՝ 92 տարեկան, ասաց՝ որ հաղթենք՝ խաղաղություն կլինի, որ պարտվենք՝ հա պատերազմ կլինի մինչև մեր վերանալը։ Այդ մարդը, նրա գնահատմամբ, իմաստուն մարդ էր, կյանքի փորձով, գիտեր՝ եթե դու պարտվում ես, հող ես հանձնում, պետք է պատրաստվես հաջորդ պատերազմին, հաջորդ, մինչև ոչնչանալդ։

«Օրինակ, Սարդարապատում եթե մենք պարտվեինք, ոչնչանալու էինք, քաշվելու էինք Սևան, հետո էլ այնտեղ էինք պարտվելու․ մեր պարտությունները մենք կասեցրինք հաղթելով։ Պետության անկումը պարտությամբ է սկսվում, պետության հաղթանակը ռազմական ոլորտում հաղթանակով է սկսվում։ Եթե դու ռազմական ոլորտում պարտվել ես, ոչ մի բանի ընդունակ չես, քեզ հետ չեն խոսում, արհամարհում են»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը։

Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող հայ խաղաղ գյուղացիների վրա ադրբեջանցիները կրակեցին․ չի բացառվում, որ նույնն անեն Սյունիքում ու Տավուշում։ Հայկազուն Ալվրցյանն ասում է՝ այս իշխանությունների ամեն ինչը ուղեկցվում է նախնական քարոզչությամբ և գործընթացը կատարվելուց հետո բացատրական քարոզչությամբ։ Սկզբից բացատրում են՝ ինչո՞ւ պիտի իրենք չզիջեն, հետո բացատրում են, թե ինչո՞ւ զիջեցին կամ արդյո՞ք դա զիջել էր, և ասում են՝ ո՛չ, դա զիջել չէր։

Այս գործելաոճը, նրա համոզմամբ, այն պատճառով է, որ այս իշխանությունները բերվել են մի նպատակի համար՝ Հայաստանն ու հայությունը զոհաբերելու մի շահի, որը, իրենց համոզմամբ, գերակա է Հայաստանի շահից․ դա տեր ունի, այդ պատվիրատուն հայտնի է։ Ալվրցյանի խոսքով՝ այժմ մի գյուղի օրինակ ենք բերում, բայց  այդպես լինելու է ամբողջ երկրի հետ, եթե մեր ժողովուրդը չհասկանա և հանդուրժի գործող իշխանությանը։

«Այն ազգը, այն մարդիկ, որոնք պատրաստի, հաղթած Արցախից՝ հայապատկան, պատմական մեր հողից հրաժարվում են, դրանց հետ ի՞նչ հույսեր կարելի է կապել Արևմտյան Հայաստանի, Վանի, Արարատ լեռան վերադարձի հետ կապված, հասկանալի է՝ ոչ մի։ Սա մեծագույն հանցագործություն էր Հայոց պետականության դեմ»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը։

Նա նշեց, որ կարևորը հաղթելու կամքն է, հակառակ դեպքում՝ վերջին պատերազմում էլ մենք զինամթերք ունեինք, որը չտրվեց զորքին, մենք զորք ունեինք՝ չղեկավարվեց, դավաճանվեց։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․