կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 14:34
Իրավական

Հանցավոր խմբի ուշադրության կենտրոնում են եղել 147 քաղաքական գործիչներ

Հանցավոր խմբի ուշադրության կենտրոնում են եղել 147 քաղաքական գործիչներ

2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնաազերծված հանցավոր խումբն իր տրամադրության տակ ունեցել է տարբեր քաղաքական գործիչների վերաբերյալ տվյալներ: Հիշյալ գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանի խոսքով ՝ մասնավորապես, խմբի անդամների ձեռքի տակ են եղել ավելի քան 147 քաղաքական գործիչների, այդ թվում` ԱԺ պատգամավորների ընտանիքների անդամների վերաբերյալ կենսագրական տվյալներ, ինչպես նաև կոնկրետ անձանց բնակության վայրերի վերաբերյալ արբայնակային քարտեզներ: Տեղեկություններ են հավաքագրվել նաև «Նախախորհրդարան»-ի անդամների վերաբերյալ:

ԱԱԾ պաշտոնյայի խոսքով՝ նախաքննական մարմինը պարզել է զենքերի ձեռք բերման աղբյուրները, թե որ զենքի համար որքան գումար է վճարված եղել, ումից են հավաքագրել զենքերը: Ըստ նրա՝ հայտնաբերված զենքերն Արցախյան ազատամարտի տարիներից են մնացել, դրանց տերերն այս գործով կալանավորված են:

ԱԱԾ քննչական պետի տեղակալը հավաստիացրեց նաև, որ հիշյալ գործում գործող պաշտոնյաների վերաբերյալ տվյալներ չկան, կան միայն նախկին պաշտոնյաների, օրինակ` Վահան Շիրխանյանի վերաբերյալ տվյալներ:

Հարցին՝  մո՞տ է իրականությանը այն տեղեկատվությունը, թե խումբը ծրագրել էր պայթեցնել նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ինքնաթիռը, Միքայել Համբարձումյանը պատասխանեց, որ խմբի կազմում նման միտք շրջանառվել է: «Նման միտք շրջանառվել է խմբի կազմում: Դրա հետ կապված` նույնիսկ կատարվել են որոշակի գործողություններ խմբի անդամների կողմից, սակայն վերջնական ծրագիր, պայմանավորվածություն, գործողություններ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի կողմից չեն նախաձեռվել, և դա եղել է ընդամենը քննարկման փուլում: Խոսքը գնում է նախագահի ինքնաթիռի նկատմամբ դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելու ժամանակ նման գործողություն կատարելու հավանականության մասին: Ընդ որում` քննարկվել է կոնկրետ տեղը, թե որտեղից է հնարավոր դա իրականացնել: Իհարկե, «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքների մասին է խոսքը, մենք ուսումնասիրել ենք այդ տարածքը: Կարող եմ ասել, որ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել` մեր գնահատմամբ, քանի որ վայրէջք կատարելիս և թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր բարձրության վրա է գտնվում և հասանելի է: Սակայն դրա հետ մեկտեղ, կրկնում եմ, Արթուր Վարդանյանի կողմից այդ առումով որոշում կայացված չի եղել, և դա ընդամենը գտնվել է քննարկման փուլում»,-ասաց նա: