Փոխարժեքներ
17 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
* գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Հովհ. Գրիգորյան
Բարև: Նամակ գրել չգիտեմ, թե չէ` սիրով քեզ նամակ կգրեի: Գիտեմ միայն, որ անհրաժեշտ է բարևել` ամեն դեպքում:
Բարև: Վերջերս ձեռքս ընկան իմ` մորս գրած մարտիության բացիկները. 3 բացիկ` 1-ին, 2-րդ և 3-րդ դասարանում սարքած, դեղին թղթից կտրած ու իբրև թե ինչ-որ ձև տված կիսաքառակուսի բացիկներ: Երեքի մեջ էլ գրված էր. «Մամ, ուզում եմ միշտ ժպտաս»: Եթե կարողանայի քեզ նամակ գրել, երևի նույնն էլ քեզ կասեի:
Բարև: Այսօր ուզում էի անպայման արևին դիմավորել` լուսաբացը նայել: Արթնացա ուշ գիշերին. քեզ մոտ լուսաբաց է:
Բարև: Գնալուդ օրը վազեցի փոստ, ասացին` մեկ ամսվա ընթացքում են նամակները տեղ հասնում: Մեկ ամի՜ս… Մեկ ամիս բառերս պիտի օդում թափառեն: Մեկ ամիսը շատ է, սիրելի\'ս, շատ երկար ժամկետ, թե չէ` քեզ նամակ կուղարկեի:
Բարև: Պատուհանս ճռճռում է. ձյուն է գալիս, ապակիները սառել են: Տանել չեմ կարողանում գարնան ձյունը: Ծաղկած ծիրանենին շվարած է մնացել` այս տարի էլ գարունը բարևը չառավ: Քեզ նամակ կգրեի, բայց ծիրանենին մեղք է` տանեմ ժակետս վրան գցեմ:
Բարև: Շուրջը վախենալու լռություն է, միայն պատուհանս է ճռճռում: Բոլորը քնած են: Չգիտեմ էլ` քնելիս խռռացնո՞ւմ ես, գոնե դա կլցներ այս լռությունը:
Բարև: Կուզեի հարցնել` ո՞նց ես, բայց տարածության մեջ «ո՞նց ես»-ի պատասխանը միշտ նույն` սփոփիչն է լինում: Տեսնես` կարելի՞ է քեզ նամակ գրել ու չհարցնել` ո՞նց ես:
Բարև: Կուզեի քեզ ասել, որ ամեն օր գնում եմ սրճարան, ուր միասին էինք լինում ու… Բայց հեռվից հեռու պե՞տք է, որ նման բաներ գրեմ: Գրողը տանի ինձ:
Բարև: Տեսնես` երբևէ դու նամակ գրած կա՞ս:
Բարև: Գիտե՞ս` դժվար է նամակ գրել, ուզում ես ամեն ինչ պատմած լինել, բայց ոչինչ չի կարևորվում, տարածությունը կուլ է տալիս ամեն ինչ ու կարևորն ինքը դառնում: Դրա համար էլ չգիտեմ` ինչ գրել:
Բարև: Ուզում եմ քեզ նամակ գրել, բայց աչքերս արդեն փակվում են: Լավ չէի քնում, քնաբեր եմ խմում ու հիմա երևի կիսատ է մնացել դեղի ազդեցությունը: Հետաքրքիր բան է քնաբերը, կարծես քնած ես, բայց մտքերդ բզզում են, երազ էլ չես տեսնում, ու ինձ միշտ թվում է` ուրիշի քունն եմ քնում: Առաջին անգամ, երբ տեսա քեզ երազում… Հիմարություններ եմ գրում, գնամ քնելու:
«Բարև: Ես սիրում եմ քեզ»,- գրում եմ ու վազում փոստ: Նամակս փոստում չընդունեցին` ծրարի վրա էի գրել:
Կարինե Հարությունյան