կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-02 12:41
Հասարակություն

Թա՛փ տուր քեզ, Հա՛յ, վե՛ր կաց, իջի՛ր, քո՛ ու որդիներիդ փրկության խրամատ, և ուրեմն՝ ապրիլի 5-ին, ժամը 18:30֊ին կսպասեմ քեզ «Ազատության» հրապարակում

Թա՛փ տուր քեզ, Հա՛յ, վե՛ր կաց, իջի՛ր, քո՛ ու որդիներիդ փրկության խրամատ, և ուրեմն՝ ապրիլի 5-ին, ժամը 18:30֊ին  կսպասեմ քեզ «Ազատության» հրապարակում
Մոռանում ենք նույն նպատակի համար բոլոր քաղաքական ու գաղափարական մոտեցում-տարբերությունները եւ միանում ենք ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՃԱԿԱՏԻՆ: Սա արդեն աթոռի ու պաշտոնի հարցը չէ: Նախ՝ Հայրենիք ունենալու հարցն է: Թե՞ մտածում ես՝ ինչ էլ լինի, միեւնույնն է ԵՌԱԳՈՒՅՆԸ կունենանք:
Հիասթափեցնեմ քեզ. ՉԵ՛ՆՔ ՈՒՆԵՆԱ, ՈՐՈՎՀԵՏԵՎ, ԴՈՒ ԱՆՏԱՐԲԵՐ ԳՏՆՎԵՑԻՐ...
Եթե չմիանաս ինձ, որ ուս-ուսի քայլենք դեպի ընդհանուր նպատակը, ու հանկարծ ինչ որ բան այնպես չընթանա՞, հանկարծ չասես, որ տեսա՞ք, ոչինչ չստացվեց… Չստացվե՛ց, որովհետեւ, այն մեկ մարդը, ով պիտի բռներ վիշապի կոկորդից, որպեսզի ես կարողանայի գլուխը թռցնել՝ դու՛ էիր։ Իսկ դու՞, նախընտրեցիր նստել կապույտ էկրանի դիմաց ու «ոգեւորող» կոչերով եւ սրտաճմլիկ մտքերով քաջալերել ամեհի վիշապների դեմ կռվողներիս։
Այո՛, ես միանալու եմ փրկության ճակատին, թեկուզ մի վերջին ու ավելորդ զարկով, օգնության պիտի փութամ Հայրենիքիս, որովհետեւ իմ տեսակը գործի, այլ ո՛չ՝ խոսքի Հայրենապաշտ է։
Վե՛ր կաց, ով Հա՛յ։
Քո Հայրենիքը շան բաժին է դառնում։
Եթե իսկապես մտահոգ ես զավակիդ ապագայով, ուրեմն շտապի՛ր, ապացուցի՛ր, որ Հայրենիքին սիրում ես իրապես եւ ո՛չ, տանդ պատից կախած հայրենի բնապատկերներով։
Միացի՛ր փրկության ճակատին, քո վճռական Ո՛չ-ն ասա, ներկա վայրիվերումներին ու հավատա՛, Հայրենիքը քեզ շնորհակալ կլինի, որդիներիդ անեծքը չի խարանվի ճակատիդ։
Տուրք մի՛ տուր, սրբապիղծ ու անհայրենիք, հասարակական այն շերտերին, որոնց համար «փորն» է առաջնայինը եւ «փողը»՝ աստված։
Թա՛փ տուր քեզ, Հա՛յ, վե՛ր կաց, իջի՛ր, քո՛ ու որդիներիդ փրկության խրամատ, եւ քո վճռական «Ո՛չ» փամփուշտն արձակիր անարդարության բերդի պարսպին, փլուզի՛ր այն, ու փշրի՛ր բանտված արժանապատվության համար պատրաստված զնդաններն ու ազատ արձակիր պատիվդ, որպես՝ գաղափարիդ նպատակ։
Հայ մա՞րդ ես,
Ուրեմն միացի՛ր։
Մտահո՞գ ես զավակիդ ապագայով՝ ուրեմն մասնակցի՛ր, փրկությանդ ուխտին։
Գենետիկ հիշողության կորուստ, եթե չունե՞ս, ուրեմն՝ արի՛ եւ ասա, որ եկել ես պապիդ պատգամի հետեւց ու տատիդ վրեժի երդմանը տեր ես։
Խախտվե՞լ են իրավունքներդ, արի՛, պահանջի՛ր այն՝ վերականգնել։
Եթե չեկար, չմիացար, չկանգնեցիր շարք, հետո չփորձես ամենակարողի ու ամենագետի շապիկը հանգնել ու սկսել խոհափիլիսոփայական կեղծ ու սին գրոհները…
ԿԵՂԾ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ՈՒ ՄՏԱՀՈԳ ԲԱՐԵՊԱՇՏԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ վաղուց անցել են։ Հա՛րկ է, որ այսօր ապացուցես նվիրվածությունդ՝ առ Հայրենիք ու սերդ՝ առ Որդի։
Վաղն ուշ կլինի, վաղն այլեւս հարկավոր չէ՛, այսօ՛ր, հիմա՛ է ժամը…
Եվ ուրեմն.
Ապրիլի 5-ին, ժամը 18:30, կսպասեմ քեզ «Ազատության» հրապարակում միասին կերտելու համար նոր արշալույսը, ի պատիվ՝ Արցախի, եւ ի շահ՝ Հայաստանի…
 
 
Արա Նախշքարյան
Գրող, լրագրող, գեղանկարիչ