կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-14 13:38
Քաղաքական

Տիեզերական մասշտաբի խայտառակության վերջնական կետին հասնելու համար մնացել է ընդամենը մեկ քայլ, որը, հուսով եմ, ՀՀ քաղաքացիները չեն անի. Անդրանիկ Թևանյան

Տիեզերական մասշտաբի խայտառակության  վերջնական կետին հասնելու համար մնացել է ընդամենը մեկ քայլ, որը, հուսով եմ, ՀՀ քաղաքացիները չեն անի. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն ի զարմանս աշխարհի, ի վնաս Հայաստանի, Արցախի ու ի դժբախտություն հայ ժողովրդի (նաև՝ ի ամոթ քաղաքական վերնախավ կոչվածի) դեռ զբաղեցնում է վարչապետի աթոռը, թեև պետք է գտնվեր լրիվ այլ աթոռի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը՝ գրառումը վերնագրելով՝ «Քաղաքացի Նիկոլ Փաշինյանին տրվելիք հարցերից (դատարանում)»:

«Ու քանի որ նա դեռ վարչապետ է ու դուրս է եկել ծակից՝ բունկերից, ԱԺ ամբիոնից խոսում ու արդարացնում է ինքն իրեն, հոխորտում է, բարբաջում է և շարունակում է թուրքամետ քարոզը։

Նիկոլն ԱԺ–ում անդրադարձել է հարցերի, որոնք երկրորդական են, շարունակել է խեղաթյուրել փաստերը և ստել։

Ծուռ հայելիների թագավորության ավարտից ու նորմալ կյանքի անցնելուց հետո Նիկոլը պետք է պատասխանի մի շարք այլ հարցերի։

1․ Ինչո՞ւ 2018–ի մայիսի 9–ից սկսած հետևողականորեն տապալեց Արցախի հարցով բանակցությունները՝ այդպիսով մեծացնելով պատերազմի հավանականությունը։

2․ Ինչո՞ւ 2018–ի մայիսի 9–ից սկսած հետևողականորեն արժեզրկեց Արցախյան հաղթանակն ու վարկաբեկեց այդ հաղթանակը կերտած ռազմաքաղաքական գործիչներին։

3․ Ինչո՞ւ 2018–ի մայիսի 9–ից սկսած հետևողականորեն քայքայվեցին ՀՀ ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը։ Ինչո՞ւ և ինչպե՞ս իր իշխանության մեջ փայ մտան սորոսաթուրքական ուժերը։

4․ Ինչո՞ւ 2018–ի մայիսի 9–ից սկսած հետևողականորեն փչացվեցին հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները և հարվածներ հասցվեցին ՀԱՊԿ վարկանիշին։

«Մարտի 1»– շինծու և հակապետական գործն այն գործիքներից մեկն էր, որով ոչ միայն ներքին կյանքը թունավորվեց, այլ նաև հետանկախական շրջանում պատմական մինիմումի վրա հասան հայ–ռուսական հարաբերությունները։ Ինչո՞ւ Նիկոլը գնաց այս ուղղությամբ։

5․ Ինչո՞ւ 2018–ի մայիսի 9–ից սկսած հետևողականորեն ու իշխանության 1–ին դեմքի մակարդակով վարվեց հակաղարաբաղցիական ու հակաղարաբաղյան քաղաքականություն։

Հակաղարաբաղցիությունը Նիկոլի իշխանության օրոք դարձել է պաշտոնական Երևանի գիծը։ Ինչո՞ւ։

6․ Ինչո՞ւ էր Նիկոլը ստում, երբ հայտարարում էր, որ Ղարաբաղի հարցով բանակցություններ չկան։ Չէ՞ որ հետագայում ընդունեց, որ ինչ պետք է՝ այն էլ բանակցում է և բանակցում է իր սեփական կետից։

7․ Ինչպե՞ս է Նիկոլն արձագանքել ադրբեջանական «Փող՝ հողի դիմաց» առաջարկին։ Դուբայում արված այդ առաջարկն ի՞նչ ընթացք է ստացել։ Ինչո՞ւ է Նիկոլը լռում, երբ իր կիրթ ու նորմալ Ալիևը նվաստացնում ու ստորացնում է իրեն ու Հայաստանին։ Ալիևը կոմպրոմա՞տ ունի Նիկոլի վրա։ Ո՞րն է այդ կոմպրոմատը։

8․ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մի քանի «կազուս բելի» առաջացրեց Ադրբեջանի համար՝ անխուսափելի դարձնելով պատերազմը։ Ինչո՞ւ է խայտառակ կապիտուլյացիան ներկայացվում որպես բարեբախտություն և թուրքական ճանապարհով Հայաստանը զարգացնելու հնարավորություն։ Փաստորեն Արցախն ու հազարավոր զոհե՞րն էին պետք զարգացման համար։ «Սերգո ջանը» պետք է լավ ապրեր Շուշիի՞ գնով։

9․ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ձախողեց պատերազմի կառավարումը։ Ինչո՞ւ կանոնավոր բանակը վերածվեց էրատոների ջոկատների։

10․ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, պատերազմի ընթացքին տեղեկանալով, չի կանգնեցրել պատերազմը՝ պատճառ դառնալով հազարավոր զոհերի, տարածքային լուրջ զիջումների և Արցախի պետականության կորստի։

Էլի շատ հարցեր կան, որոնց պետք է պատասխանի ամբաստանյալ Նիկոլը (այդ թվում՝ կոռուպցիայի, պարզունակ գանձագողության, վոլյունտարիզմի ու այլ հարցերով) ու վերջում անդրադառնա մեկ հարցի, որի պատասխանը զուտ փիլիսոփայական, այլ ոչ թե իրավաքաղաքական նշանակություն է ունենալու, քանզի իրավաքաղաքական մասով ամեն ինչ պարզ է․ քաղաքացի՛ Նիկոլ Փաշինյան, դուք ձեզ պետական դավաճան համարո՞ւմ եք։

Հ․Գ․։ Այսօր խորհրդարանում իշխող խմբակցությունը բուռն ծափահարել է Նիկոլ Փաշինյանի ելույթին, այսինքն՝ ծափահարել է Արցախի պետականության կորստի, հազարավոր զոհերի (ի դեպ, զոհերի թիվը մինչև այժմ չի հրապարակվում, ինչպես նաև չի հրապարակվոըմ գերիների, անհետ կորածների, վիրավորների, հաշմանդամների, տնազուրկների թվերը), Հայաստանի փոքրացող սահմանների, մեր բանակի փաստացի վերացման, մեր երկրի թուրքացման ճանապարհի համար։

Տիեզերական մասշտաբի խայտառակության  վերջնական կետին հասնելու համար մնացել է ընդամենը մեկ քայլ, որը հուսով եմ ՀՀ քաղաքացիները չեն անի»,- գրել է Թևանյանը։