կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 11:05
Առանց Կատեգորիա

Երբ ընդդիմությունն ուժեղացնում է իշխանությանը

Երբ ընդդիմությունն ուժեղացնում է իշխանությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մի հռետորական հարց է բարձրացրել` հենց հռետորական: Նա, մասնավորաբար, ասել է, թե ինչո՞ւ ընդդիմությունը չի ներկայացնում Ընտրական օրենսգրքի իր տարբերակը, փոխարենը շոու է սարքում իշխանության ներկայացրած Ընտրական օրենսգրքի տարբերակի շուրջ: Եվ, իրոք, ինչո՞ւ ընդդիմությունն իր օրենսգրքի տարբերակը չի ներկայացնում:

Բայց նախ պետք է փորձել հասկանալ՝ իսկ ի՞նչ ունենք մենք այսօր: Ունենք քաղաքական ուժեր, որոնք իշխանություն են, ունենք քաղաքական ուժեր, որոնք իշխանության պատվերն են կատարում, ունենք քաղաքական ուժեր, որոնք իշխանության պատվերն են կատարում՝ իշխանության պատվեր կատարողների կարծիքով, եւ ունենք քաղաքական ուժեր, որոնք ուժ չեն:

Հիմա` եթե որեւէ ընդդիմադիր ուժ ներկայացնի Ընտրական օրենսգրքի իր տարբերակը, եւ եթե իշխանությունը համաձայնի այն գոնե քննարկել, ապա տվյալ քաղաքական ուժը մյուս ընդդիմադիրների կողմից կճանաչվի եւ կներկայացվի որպես իշխանություններին ծախված, քանի որ աշխատում է իշխանությունների հետ նոր օրենսգրքի շուրջ: Հասկանալի է, որ որեւէ ընդդիմադիր ուժ այդ ռիսկին գնալ չի կարող, այդ պատճառով էլ ընդդիմությունն իր տարբերակը չի ներկայացնում, ընդ որում՝ ոչ միայն Ընտրական օրենսգրքի:

Ակնհայտ է, որ մեր ընդդիմությունը կամ դրա ներկայացուցիչ առանձին միավորներ միայն քննադատողի դերում են, ոչ թե` առաջարկողի, առաջարկվածի փոխարեն իրենցը ներկայացնողի: Մինչդեռ ընդդիմությունը քննադատելը չէ, պարոնա\'յք, ընդդիմությունը իշխանության տարբերակին հակակշիռ տարբերակ ունենալն է:

Բայց մեր ընդդիմությունը չի ունեցել եւ չունի նման տարբերակներ: Պատճառներից մեկն էլ այն է, որ մեր ընդդիմությունն ավելի շատ ինքն իրեն է ընդդիմություն, քան իշխանությանը: Օրինակ` Հրազդանի քաղաքապետի ընտրություններում. պարզվում է, որ ՀԱԿ-ն այնքան էլ չի ուզում, որ «Հրազդանը ժպտա», իսկ Սասուն Միքայելյանն այնքան էլ չի ուզում, որ ՀԱԿ-ը նույնպես ժպտա: Արդյունքում` իշխանության թեկնածուն հաղթելու ամենալուրջ շանսերն ունի, որովհետեւ ընտրողները հրաշալի տեսնում են ընդդիմության անմիաբանությունը, որից ոչ միայն ժպտալդ չի գալիս, այլեւ հիասթափվում ես:

Անշուշտ, պարտադիր չէ, անգամ ցանկալի չէ, որ ընդդիմությունը բոլոր հարցերում միահամուռ լինի, ի վերջո, նրանք առանձին քաղաքական միավորներ են՝ ամեն մեկն իր գաղափարախոսությամբ, քաղաքական օրակարգով, նպատակներով ու շահերով, եւ բնական է, որ այդ շահերը կարող են եւ հակասել միմյանց: Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան ոչ մի ընդդիմադիր ուժ չկարողացավ այսքան տարիների ընթացքում լուրջ այլընտրանք դառնալ իշխանությանը, ընդ որում` իշխանությունները, անգամ` այս իշխանությունները, ամենեւին էլ անխոցելի ու անպարտելի չեն, այդ թույլ տեղերը գտնելու ցանկություն չկա, ցանկություն եւ համառություն:

Օրինակ` երբ իշխանությունը ընդդիմությանը հրավիրում է ինչ-որ հարցի քննարկման, եւ նրանց ներկայացուցիչը կա\'մ չի գնում՝ հայտարարելով, թե ինքը իշխանությունների հետ քննարկելու բան չունի, կա\'մ գնում է եւ տեղում ասում, որ ինքը իշխանությունների հետ քննարկելու բան չունի, դրանով միայն ուժեղացնում է իշխանությանը՝ ցույց տակով սեփական փաստարկների դատարկությունը: Ուրեմն ոչ թե քննարկելու բան չունի, այլ առարկելու հիմք չունի, դա էլ՝ հեչ` ուրեմն այլընտրանքային տարբերակ չունի, այսինքն` դեմ է իշխանության առաջարկին, բայց չգիտի, թե ինչ պետք է առաջարկել փոխարենը, իսկ չգիտի, քանի որ այլընտրանքային տարբերակ չունի, եւ քանի որ չունի ու քանի դեռ չունի, ուրեմն ընդդիմություն չէ:

Բայց ինչո՞ւ է մեր երկրում ընդդիմությունն այսպիսին, ո՞ւմ մեղքով, գուցե հենց իշխանությա՞ն: Բայց երբ սեփական անհաջողությունների մեջ մեղադրում ես բոլորին, բայց ոչ երբեք` քեզ, ուրեմն կշարունակես մնալ անհաջողակ:

Հովիկ Աֆյան