կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 09:13
Առանց Կատեգորիա

Անողնաշար կեցվածք. Խորհրդարանական ընդդիմությունն օգնեց իշխանությանը. «Իրատես»

Անողնաշար կեցվածք. Խորհրդարանական ընդդիմությունն օգնեց իշխանությանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Միայն Հայաստանում է հնարավոր նույն օրը եւ՛ ՍԴ հիմնադրման 24-ամյակ նշել, եւ՛ խորհրդարանում յուրահատուկ «շնորհավորանքի» գործընթաց սկսել ՍԴ գործող կազմը լուծարելու նպատակով։ Այն, ինչ երեկ խորհրդարանում տեղի ունեցավ, պարզ ցուցանեց ոչ միայն իշխանության դիլետանտությունը, այլեւ ընդդիմության անողնաշար կեցվածքը։

Երեկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ապացուցեցին, որ առաջնորդվում են իշխանության օրակարգով եւ չունեն սեփական գործողությունների ծրագիր։ Նրանք լեգիտիմացրին այն գործընթացը, որը հայտարարությունների մակարդակում հակասահմանադրական են որակում:

Այսինքն՝ մասնակցեցին ԱԺ-ի այն նիստին, որը, ինչպես Էդմոն Մարուքյանն է պնդում, արդեն ունի մշակված սցենար։ «Քաղաքական մեծամասնությունը ՀՀ Սահմանադրության այն հոդվածը, որն ուզում է փոխել, կարող է փոխել խորհրդարանում, բայց երկրորդ ընթերցման փաստաթղթեր չեն ներկայացրել: Ինչու՞։ Որպեսզի առաջին ընթերցումից հետո տապալեն նախագիծը, որ գնա հանրաքվեի: Եթե այդ փոփոխությունը կարող է անել խորհրդարանը, ինչու՞ եք ժողովրդին տանում ընտրատեղամասեր: Ինչու՞ է պետք մինչեւ մայիս ունենալ քարոզարշավ եւ մի հոդված փոփոխելու համար ժողովրդին տանել ընտրատեղամասեր»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը, ըստ էության, կրկին վերահաստատելով, որ իրենք մասնակցում են ու օրինականացնում այս գործընթացը։

Մինչդեռ իրական, ոչ թե խամաճիկային ընդդիմությունը պետք է լրիվ այլ բան աներ։ Երկու պարզ քայլ, որով կապացուցեր, որ իշխանության թելը չեն թելում եւ խորհրդարանական երկրում ունեն որոշակի լծակ իշխանության քաղաքականության վրա ազդելու։

1. Նախագծի առաջին ընթերցման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը պետք է հայտարարեր բոյկոտի մասին, իմա՝ չմասնակցեր մի ֆարսի, որն ամիսներ շարունակ քաղաքական օրակարգի արհեստական հարց է դարձել։ Սա հստակ քայլ է, ոչ գրպանային ընդդիմության մոտեցում։ Այլապես որքան էլ սուր ելույթներ լինեն, իշխանությանը քառատեն, միեւնույն է, իրենց մասնակցությամբ նիստն օրինականացնում են։

2. Այս տարբերակը հավանաբար էլ չեն կարող գործի դնել, քանի որ այս հարցում էլ իշխանությունն առաջ անցավ ընդդիմությունից ու կրկին սեփական օրակարգով նրանց տարավ։ Այսինքն՝ տապալել երկրորդ ընթերցումը։ Այնինչ, խորհրդարանական ընդդիմությունն առաջին ընթերցումից հետո կարող էր արդեն հայտարարել մանդատներ վայր դնելու մասին եւ դուրս գար փողոց՝ իրական օրակարգ ստեղծելով։ Այս պարագայում ճգնաժամ իսկապես կլիներ, սակայն ոչ թե ՍԴ-ում, այլ խորհրդարանում։ Այնտեղ կմնար միայն խորհրդարանական մեծամասնությունն ու պարզ էր, չէ՞, թե ինչ վիճակ կստեղծվեր երկրում։

Իշխանափոխությունից հետո խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հաճախ են ընդդիմությանն ասում, թե չէին կարող այլ կերպ վարվել ու Փաշինյանին վարչապետ չընտրել, իսկ վերջիններս էլ ամեն անգամ մեծ ճիգեր են գործադրում ապացուցելու, թե առանց իրենց Փաշինյանը վարչապետ չէր ընտրվի։ Երեկ շատ լավ առիթ էր ստեղծվել, որ ընդդիմությունը հերթական անգամ ցույց տար իր կարեւորությունն ու դերակատարումը խորհրդարանական երկրում։ Ավա՜ղ...

Ի դեպ, ընդդիմությունը ճիշտ կանի նաեւ այս առումով ուսումնասիրի խորհրդարանական նախորդ ընդդիմությունների փորձը, հաստատ կհայտնաբերի ուշագրավ փաստեր։ Օրինակ, ինչպես 2004-ին «Արդարություն» դաշինքը տեւական ժամանակ բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը շատ կարեւոր մի նախագծի պատճառով։

Խոսքը 2003-ին Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելուն է վերաբերում, այսինքն՝ ընդդիմությունն իշխանությունից պահանջում էր կատարել 2003 թվականի ապրիլի 16-ի Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված վստահության հանրաքվեի անցկացումը երաշխավորող օրենսդրական փոփոխությունները եւ անցկացնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվե:

Հավելենք, որ դրանից հետո 2004 թ. ապրիլի 11-12-ի գիշերը ծեծեցին ընդդիմությանը: Ի դեպ, այդ նախաձեռնության հեղինակը «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր։ Մարուքյանը պետք է որ նրան շատ լավ հիշի ու դեռ կհիշի, քանի որ առաջիկայում նա պատրաստվում է «աշխարհացունց» հայտարարություններ անելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։