Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով փաստաթղթերի հետազոտումը: Համաձայն հրապարակված փաստաթղթերի` սպանված Արթուր Սաֆարյանը և նրա եղբայրը ՌԴ քաղաքացիներ են:
Մեղադրող դատախազը հրապարակեց հարցման արդյունքները, համաձայն դրանց` Արթուր Սաֆարյանին «սպանած», իսկ հետո Իսրայել Սարգսյանի կողմից «սպանված» Մովսես Ներսիսյանը՝ Մոսոն, վերջին անգամ ՀՀ տարածքը հատել է Բագրատաշենի անցակետով 2013թ. սեպտեմբերի 29-ին:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Դեպքից հետո պաշտպանական կողմը առաջ քաշեց այն վարկածը, որ իրականում Մոսոն ողջ է և Հայաստանում ունեցած խնդիրների պատճառով լքել է հանրապետությունը: Հրապարակված փորձաքննության եզրակացություններից մեկի համաձայն էլ՝ Մովսես Ներսիսյանին պատկանող մեքենայի ոտնատեղերի հատվածում հողի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մեքենան Մոսոյի ենթադրյալ սպանությունից հետո չեն լվացել:
Նշենք, որ, համաձայն գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել է «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա դին տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ և նետել կույուղու դիտահորը, այնուհետև Մովսեսի մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում: Այս կապակցությամբ Իսրայել Սարգսյանը հայտարարեց. «Էդ ո՞նց եմ գնացել Զովունի՝ էդ գործողությունները կատարել, որ մեքենայի միջից հողի մասնիկ չի հայտնաբերվել»:
Այսօր հետազոտված ապացույցներից ուշագրավ էին «Մագնում» հյուրանոցի սենյակում, Մոսոյի մեքենայում և Զովունու դիտահորի տարածքում հայտնաբերված արյան նմուշների, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցի ԴՆԹ և համեմատական մոլեկուլային հետազոտության արդյունքները: Նշենք, որ փորձաքննության համար, որպես ԴՆԹ նմուշ, վերցվել Մովսես Ներսիսյանի որդու՝ Կարեն Ներսիսյանի արյան նմուշը: Համաձայն եզրակացության՝ հիմնավորվել է, որ բժշկական ձեռնոցից հայտնաբերված ԴՆԹ-ն չի համընկնում Մովսես Ներսիսյանի և Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ներին, իսկ մեքենայում, Զովունու դիտահորի մոտ առկա քարի վրա, ինչպես նաև «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակում հայտնաբերված արյան նմուշները 99.9 տոկոսով համընկնում են Կարեն Ներսիսյանից անջատված ԴՆԹ-ի հետ, հետևաբար` նաև Մովսես Ներսիսյանին պատկանող ԴՆԹ-ի:
Փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց դեպքի վայրից հայտնաբերված ձեռնոցի վրա: Նա հիշեցրեց, որ, համաձայն փորձաքննության, ձեռնոցի վրա հայտնաբերվել են այն զենքի կրակոցի արգասիքների հետքերը, որով սպանվել է Արթուր Սաֆարյանը, սակայն ոչ միայն քննություն չի տարվել՝ պարզելու, թե ում է պատկանում ձեռնոցի վրայից հայտնաբերված ԴՆԹ-ն, այլև գործի համար էական նշանակություն ունեցող բժշկական ձեռնոցն իրեղեն ապացույց չի ճանաչվել: Այս կապակցությամբ մեղադրող դատախազն ասաց, որ դեռ հարց է, թե այդ արգասիքները երբ և ինչ հանգամանքներում են առաջացել:
Նշենք, որ որքան տարօրինակ է բժշկական ձեռնոցն ապացույց չճանաչելու հանգամանքը, նույնքան էլ տարօրինակ է մարդասպանի կողմից այն դեպքի վայրում թողնելը: Այն, որ դեպքի վայրում «Մակարով» տեսակի ատրճանակ թողնելը կարող էր վկայել սպանության` պատվիրված լինելու մասին, հասկանալի է, պարզ է նաև, որ բժշկական ձեռնոցով են ատրճանակից կրակել, որպեսզի մատնահետքեր չմնան, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանցագործը ձեռնոցով կրակել, եթե այն հետո պետք է թողներ դեպքի վայրում: Այս և այլ հարցեր շարունակում են մնալ չբացահայտված: