Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց Ընտրական նոր օրենսգրքի նախագծին վերաբերող մի շարք հարցերի: Խոսելով մեծամասնական և համամասնական ընտրակարգերի թերությունների և առավելությունների մասին` նախարարն ընդգծեց, որ մեծամասնական ընտրակարգի թերություններից մեկը, որն ավանդաբար նշվում է, անձի գործոնն է, իսկ համամասնականի դեպքում` կուսակցությունը որոշում էր այն անձանց, ովքեր պետք է գային խորհրդարան, և ընտրողի հետ կապը կտրված էր:
«Այն մոդելը, որը մենք հիմա ենք առաջարկում, կարող եք ուսումնասիրել նաև միջազգային փորձը, համամասնական մոդելի ընդունված տարբերակներից մեկն է: Տարածքային ցուցակների հետ կապված` պարզ է ամեն ինչ, ասեմ, որ դրանք բաց և փակ ցուցակների համադրումն են, և աշխարհի առնվազն 15 երկրում կիրառվում է սա»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` փորձ է արվել կարևորել ոչ թե կուսակցության կամ անձի դերը, այլ ընտրել ոսկե միջին տարբերակը` այնպես անել, որ անձի և կուսակցության դերերը համադրվեն: «Այսինքն` համամասնականի ժամանակ յուրաքանչյուր ընտրող իմանա` որ ընտրատարածքից ում է ընտրել, բայց պետք է նաև այնպես լինի, որ կուսակցության դերն ընդգծվի: Ընտրական օրենսգրքում, կարևորելով կուսակցությանը տրված ձայների քանակը, դրանում ներդրված բանաձևն այնպիսին է, որ կարող է այնպես ստացվել, որ կուսակցության ձայների համադրման և բանաձևի կիրառման արդյունքում, որ, օրինակ, կոնկրետ կուսակցություն կոնկրետ տարածքից չստանա որևէ մանդատ: Այնպես չէ, որ, որևէ մեկը որևէ տարածքում հեղինակություն ունենալով, կարող է այն գործի դնել իր անձնական նպատակների համար ու իր տեղը երաշխավորել խորհրդարանում»,- ասաց Հովհաննիսյանը:
Դիտորդների և լրագրողների` ընտրատեղամասերում սահմանափակ ներկայացվածության դրույթին անդրադառնալով` նախարարն ընդգծեց. «Ասեմ` ես էլ եմ պնդում, որ սա լավագույն լուծումը չէ, և այս լուծումը դոգմատիկ, աքսիոմատիկ ճշմարտություն չէ: Սա քննարկման նյութ է: Ես լրագրողներից էլ եմ պատրաստ առաջարկներ լսել: Երբ մենք մոդելը փոխեցինք, հաշվի առանք այն, որ ընտրատեղամասերում երբեմն ներկա են լինում 200-ից ավելի դիտորդներ: Եղել են դեպքեր, երբ ընտրատեղամասերում դիտորդներն ու ԶԼՄ ներկայացուցիչները 57 հոգի են, 63 հոգի են, և ես չեմ պնդում, որ նրանք բոլորը եղել են լրատվամիջոցներ»:
Ըստ նրա` խնդիրն այն է, որ անձինք, ովքեր իրականում դիտորդ չեն, առավել ևս` այն մարդիկ, ովքեր ԶԼՄ ներկայացուցիչ չեն և չեն լուսաբանելու, չկարողանան այնտեղ այդ գործունեությունը ծավալել: «Մենք մտածեցինք կիրառել սահմանափակման ձև. թող հերթագրվեն, նոր մտնեն, բայց կրկնում եմ, որ սա քննարկման է ենթակա: Հնչեցին առաջարկներ, որ ընտրությունները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկայացնեն, որ իրենք մեկ տարի է` գործունեություն են ծավալում: Խնդիրն այն է, որ տեղամասում ներկա լինեն այն անձինք, ովքեր եկել են այնտեղ իրենց ֆունկցիան իրականացնելու»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելուն` Հովհաննիսյանը նշեց. «Որևէ գաղտնիության մասին խոսելն անիմաստ է: Մենք ունենք բավական երկար ժամանակահատված, որպեսզի քննարկումներ ծավալենք: Այո, կարող էինք ի սկզբանե հանրային քննարկումներ ծավալել, բայց հիմա էլ արդարադատության նախարարության կայքում կա, որ հանրային քննարկումներ են կազմակերպվում` մի շարք օրենքների հետ կապված: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընտրական օրենսգիրքը եզակի է, ցանկալի չէ առաջնորդվել մերկապարանոց հայտարարություններով կամ էլ մեղադրանքների լեզվով իրար հետ խոսել: Սա չէ խնդիրը: Ընտրական օրենսգրքի ինչ-որ փաստաթուղթ պետք է դրվի քննարկման, որի ընթացքում էլ կծավալվեն քննարկումները: Մենք նախընտրեցինք բաց քննարկման տարբերակը, որովհետև որևէ գաղտնի բան չկա: Ես նորից եմ ասում, որ դոգմատիկ ճշմարտություններ այս փաստաթղթում չկան: Երեկ էլ, դրա առաջին օրն էլ, վաղն էլ քննարկումներ են ծավալվում, և այդտեղ ինչ-որ մի բան փոխվում է: Քննարկումները զուգահեռ է պետք իրականացնել, որպեսզի երկու կամ երեք ամիսն արդյունավետ օգտագործվի»: