Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup հեղինակավոր կազմակերպությունը հարցում է անցկացրել ԽՍՀՄ տարածքի նախկին 12 երկրներում եւ պարզել, որ, ընդհանուր առմամբ, այդ երկրների բնակիչների 15%-ը ցանկանում է մշտական բնակություն հաստատել այլ երկրում։ Հայաստանից այլ երկիր ընդմիշտ մեկնել ցանկացողները կազմում են հարցվածների 40%-ը, ինչը ուսումնասիրված երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է։ Արտագաղթի ցանկության պատճառն է կենսամակարդակի, երեխաների ապագայի բարելավման, աշխատանք գտնելու ցանկությունը, Հայաստանում նպաստ-թոշակների ցածր լինելը, մարդու իրավունքների ոտնահարումը, հանցավորության նվազ մակարդակով երկրում ապրելու ցանկությունը եւ այլն:
Ամեն տարի տասնյակ զեկույցներ են հրապարակվում Հայաստանի մասով՝ տարբեր ոլորտների վերաբերյալ: Դրանց մի մասը հենց Gallup-նն է: Դրանցից յուրաքանչյուրն, առանձին վերցրած, բավականին ուշագրավ է, սակայն համադրելով պարզում ենք, որ հակասում են իրար: Ծանոթանանք մի քանիսին:
2012թ. ապրիլին Gallup-ը հրապարակեց սոցհարցում, որում Հայաստանն ընդգրկվեց «տառապող» երկրների շարքում: 124 երկրներում բնակիչների բարգավաճման եւ տոների ընկալման մակարդակը ստուգելու համար առաջարկվել էր 0-10-բալանոց սանդղակով գնահատել կյանքից բավարարվածության աստիճանը: Ըստ Gallup-ի` Հայաստանում իր կյանքը բարգավաճ է համարում բնակիչների միայն 12 տոկոսը: Իսկ «գոյության համար պայքարում է» քաղաքացիների 54 տոկոսը:
Մեկ հարցում էլ անցկացվեց 2012թ. հոկտեմբերին: Հայաստանի ամբողջ տարածքում հարցում էին անցկացրել 1067 քաղաքացիների շրջանում: Հարցին, թե ինչպես են գնահատում երկրի տնտեսական վիճակը, հարցվողների 22%-ը նշել էր`շատ վատ, 31%-ը՝ վատ, 39%-ը՝ միջին, 5%-ը՝ լավ, իսկ 0,5%-ը՝ շատ լավ: Իսկ թե ինչպիսին է ընտանիքի նյութական ապահովվածության ներկայիս վիճակը, հարցվածների 63%-ը գնահատել է միջին, 23%-ը՝ վատ, 9%-ը՝ շատ վատ, 5%-ը՝ լավ, 0,2%-ը՝ շատ լավ:
2012թ. հունվարին Gallup-ը հարցումով պարզեց, որ հայ հասարակության 70%-ն իրեն երջանիկ է համարում: Հարցումն անցկացվել է ՀՀ 500 քաղաքացիների շրջանում՝ հեռախոսով: Նույն տարվա դեկտեմբերին Gallup-ը հրապարակեց աշխարհի ամենադրական ու ամենաբացասական հույզեր արտահայտող երկրները: 148 երկրների շարքում Հայաստանի բնակիչները ամենաբացասական հույզեր արտահայտողներից էին: Հայաստանն այս ցուցանիշով զբաղեցրել է վերջինից 2-րդ տեղը՝ հետ թողնելով միայն Իրաքին: Հարցման մասնակից 1000 անձանց հարց էին տվել, թե անցնող տարում իրենց հարգանքո՞վ են վերաբերվել, արդյո՞ք լավ հանգստացել են, ծիծաղել կամ ժպտացե՞լ են, հետաքրքիր ինչ-որ բան արե՞լ են կամ իրենց երջանիկ զգացե՞լ են:
2013թ. փետրվարին Gallup-ը աշխարհի 136 երկրում հետազոտություն է անցկացրել` «Քո նախորդ օրը լի՞ է եղել սիրով» հարցը տալով: Հայաստանը ցուցակի ամենավերջին տեղում է:
Հայաստանում ընդունված է չհավատալ Gallup-ի ճշմարտացիությանը, մանավանդ` նախընտրական իրավիճակում: Օրինակ` այսքան իրար հակասող դրական ու բացասական զեկույցներից հետո միջազգային այդ կառույցը պարզում է, որ երկրում, որտեղ բնակչության 54 տոկոսը գոյությունը քարշ է տալիս, իսկ 40 տոկոսը ուզում է արտագաղթել, 69 տոկոս վստահության քվե ունի գործող իշխանությունը: Օրերս էլ զեկույց է հրապարակել, որ ընտրողների 60 տոկոսը վստահում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ստացվում է` Հայաստանի բնակիչների 70 տոկոսը երջանիկ են, բայց այնքան, որ 40 տոկոսը ցանկանում է արտագաղթել, 54 տոկոսը գոյության համար պայքար է մղում, բայց երջանիկ է, 51 տոկոսը երկրի տնտեսական վիճակը գնահատում է վատ ու շատ վատ, բայց, ընդհանուր առմամբ, նրանք միահամուռ ուժերով աջակցում են գործող իշխանություններին: Այ, սրա համար էլ չենք հավատում Gallup-ին:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ