Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ պատգամավորները` ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը և ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ներկայացրեցին իրենց տեսակետները վերջերս կառավարության կողմից ներկայացված աղմկահարույց օրենքի վերաբերյալ:
Խոսքը «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին է, ըստ որոնց` հարկ է սահմանվում ՀՀ ռեզիդենտ այն կազմակերպությունների համար, որոնք աշխատուժ են արտահանում արտերկիր շինարարության ոլորտի աշխատանքների համար:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ օրենքը չպետք է քաղաքականացնել, բայց կարևոր է, որ կառավարությունը կարողանա գնահատել օրենքի ռիսկերը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ օրենքի նախագիծը կառավարության աշխատակազմի անպատասխանատու գործելաոճի պատճառով տեղիք տվեց հասարակության կողմից ոչ տեղին քննարկումների: Պատգամավորի խոսքով՝ մինչ օրենքի նախագիծը ԱԺ բերելը կառավարությունը չապահովեց անհրաժեշտ ընթացակարգերը, արդյունքում` ստացվեց այն, որ հապճեպորեն ներկայացվեց օրենքի նախագիծը, ինչը առանձին լարված տրամադրությունների պատճառ դարձավ:
Արծվիկ Մինասյանը համաձայն չէ այն կարծիքին, թե օրենքը ներկայացնող հիմնական զեկուցող` ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը լավ չներկայացրեց օրենքը: «Հիմնական զեկուցողը մաքսիմալ լավ ներկայացրեց, և միայն ընթացակարգային խախտումներն էին պատճառը, մասնավորապես՝ ռիսկերի գնահատականի, ազդեցության գնահատականի բացակայությունը, ահա, թե ինչու բացասական եզրահանգումներ եղան»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը կարևորեց, որ շեշտը պետք է դնել ռեզիդենտ կազմակերպությունների հարկման գաղափարի վրա: «Հարկային քաղաքականության մեջ տեղի է ունեցել փոփոխություն` բացառապես ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների համար՝ համահավասարեցված եկամտահարկ՝ 13 տոկոս»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ խմբակցության պահանջը, օրենքի հետ կապված ,եղել է այն, որ արտագնա աշխատանքի միգրացիայի վերաբերյալ քաղաքականություն մշակվի:
Ըստ Արծվիկ Մինասյանի` ՀՅԴ-ն նախագծի փաթեթը գնահատում է թերի, բայց ոչ բացասական: Մյուս կողմից` օրենքը կնպաստի, որ Հայաստանի տնտեսության հաշվեկշռում արտահայտվի տրանսվերտների մի մասը, դա կնպաստի արտահանման ծավալների աճին:
«Հայաստանից շինարարության ծառայությունների մատուցումը մեր տնտեսության կարևոր ուղղոթյուններից մեկն է, և ավելորդ շեշտադրումներ կամ մեղադրանքներ հնչեցնելու կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է և պարտավոր ենք ճշմարտությունը հանրությանը ներկայացնել և չասել բաներ, որ նախագծում չկան»,- ասաց Արծվիկ Մինասյանը: