Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուհերի խոշորացումից անմասն չմնաց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Այն առաջարկվում է արվեստների ուղղության մեջ ընդգրկել։ Փաշինյանի իշխանության այս հերթական որոշման մասին Yerkir.am-ը զրուցել է կոմպոզիտոր, կոմիտասագետ, խազագետ և մշակութաբան Արթուր Շահնազարյանի հետ։
- Պարո՛ն Շահնազարյան, ի՞նչ է հետևելու այս որոշմանը, եթե այն իրագործվի։
- Նախ սկսենք նրանից, որ կոնսերվատորիան հանճարեղ Կոմիտասի փափագած կոնսերվատորիան է։ Ի վերջո՝ սա սովորական շենք չէ, այլ ՝մի ամբողջ համալիր մարմին, որի ամբիոնները հնարավոր չէ առանձնացնել։ Յուրահատուկ շենք է, այնտեղ խմբակային դասեր չկան, միայն անհատական են, ձայնամեկուսիչ դռներով, հատուկ համակարգով օժտված լսարաններ են, և ոչ մի լսարան հենց այնպես կառուցված չէ։ Կոնսերվատորիայում է երաժշտական գրադարանը, նկուղային հարկ կա, որտեղ վերանորոգվում են ժողգործիքները։ Ես չգիտեմ այս հիմարությանն ինչպես արձագանքել. կոնսերվատորիան շենք չէ, կոնսերվատորիան մարդիկ են, այնտեղ ուսանել և այդ դռնով ելումուտ են արել հանճարեղ երաժիշտներ, ովքեր հենց այդ շենքի համար մեծ ավանդ են ունեցել։
- Ասում են, որ շենքը պետք է տեղափոխվի ակադեմիական քաղաք, ինչպե՞ս եք դրան վերաբերվում, և ո՞ր շենքերն են կապված ԵՊԿ-ի հետ։
- Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայտնի կոնսերվատորիա քաղաքի կենտրոնում է լինում, որովհետև բոլոր բուհերը փոխկապակցված են միմյանց հետ։ Կոնսերվատորիայի շարունակությունը, օրինակ, Օպերան է, Կամերային տուն, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի շենքը, որոնք բոլորը կապված են կոնսերվատորիայի հետ, և որն իմիջիայլոց Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հիմնած երգչախումբն է, ովքեր երգում են թե՛ ֆիլհարմոնիկում և թե՛ Կամերային տանը։
- Ի՞նչ եք կարծում, կիրականանա՞ այս ծրագիրը:
- Իրենց կառուցած շենք մարդ չի մտնի, ի՞նչ կլաստերի մասին է խոսքը, թող մի դատարկ սենյակ սարքեն ու նստեն մեջը: Մտովի կարող են շենքը «տեղափոխել», բայց ոչ իրականում, որովհետև ոչ մի երաժիշտ չի պատրաստվում կոնսերվատորիայի շենքը թողնել ու գնալ։
- Իսկ ի՞նչ կասեք ԵՊԿ-ում վերջերս տեղի ունեցած ժողովի, դրան հաջորդած ստորագրահավաքի մասին։
-Շատ լավ են անում. թե՛ ժողովը, թե՛ ստորագրահավաքը, ամեն ինչ էլ պիտի արվի ի պաշտպանություն կոնսերվատորիայի։ Կան երաժիշտներ, ովքեր իներտ են և այս թեմայի շուրջ չեն արտահայտում իրենց կարծիքը: Ես ոչ միայն բացասաբար եմ վերաբերվում որոշմանը, այլև կտրականապես դեմ եմ դրա իրագործմանը։ Թումանյանն ասում էր՝ տարօրինակ ժողովուրդ ենք, թատրոն ասելով միայն շենքն ենք հասկանում: Այս խոսքերը լիովին համապատասխանում են այսօրվա իրավիճակի հետ։
Անժելա Սեդրակյան