կարևոր
6874 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 17:46
Քաղաքական

Հայաստանը չի կարող լոկ փաստերն արձանագրողի դեր ստանձնել, երբ ցեղասպանվում են մեր Արցախի հայրենակիցները. Արթուր Խաչատրյան

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի ելույթը ԱԺ–ում։

«Սույն թվականի ապրիլի 23-ին, Հայոց Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմը դավադրաբար փակեց Հակարիի կամուրջը՝ խորացնելով Արցախի շրջափակումը։ Իրավիճակը հատկապես ճգնաժամային է Արցախի Հանրապետության Շուշիի ենթաշրջանի հայկական գյուղերում, որոնք կտրվել են թե՛ Հայաստանի Հանրապետությունից, թե՛ Արցախի Հանրապետությունից։ Ադրբեջանի հերթական թշնամական գործողությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նրանց իրական մտադրութունը՝ հայաթափել Արցախը, իրենց պատմական հայրենիքում ինքնորոշված քաջարի արցախցիներին պարտադրել լքել իրենց բնօրրանը։ Սակայն, թուրք-ադրբեջանական հանցախմբի նպատակը միայն Արցախի հայաթափումը չէ։ Ադրբեջանն այժմ թիրախավորում է Հայաստանի Հանրապետությունը՝ սպառնալով մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և նույնիսկ որպես անկախ պետության գոյությանը։ Ինչպես Հայաստանն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, այնպես էլ Արցախն է հանդիսանում Հայաստանի անվտանգային համակարգի հիմնասյունը։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները չունեն այդ գիտակցումը։ Հիշենք, որ Ադրբեջանը լկտիացավ, փակեց Քաշաթաղի միջանցքը, երբ Հայաստանի իշխանությունները իրենց փաստացի օտարեցին Արցախից, հայտարարելով, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցեն իրար հետ, իսկ Հայաստանն այդտեղ անելիք չունի։

Այսօր, այս ճակատագրական պահին, մենք պետք է վերահաստատենք մեր աջակցությունը հերոսական Արցախին։ Հայաստանը չի կարող լոկ  փաստերն արձանագրողի դեր ստանձնել, երբ ցեղասպանվում են մեր հայրենակիցները։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, իսկ վերջնական կարգավորումը պետք է հիմնված լինի ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման սկզբունքի հիմա վրա։

Մենք կոչ ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը և գործուն միջոցներ ձեռնարկել հետագայում նման ոտնձգությունները կանխելու ուղղությամբ։

Մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում բանեցնել ադրբեջանական հանցագործ ռեժիմի վրա՝ պահանջելով վերացնել Արցախի շրջափակումը և հարգել Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը»։