Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիր քաղաքի թիվ 1 մշակութային տան հարակից հրապարկում ՀՅԴ-ն այսօր հանրահավաք անցկացրեց:
ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ Դաշնակցությունն ընտրություններին մասնակցում է հստակ գիտակցությամբ, որ այս ընտրությունները Հայաստանի համար բախտորոշ են լինելու: Նրա խոսքով`այս տարի կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ. ժողովրդական շարժման միջոցով հնարավոր եղավ երկրի համար նոր հեռանկար բացել:
«Այն, ինչ կատարվեց հետո, սակայն, մեր գնահատմամբ` լոկ վարչախմբի փոփոխություն է, եթե չասեմ` մարդափոխություն է: Հեղափոխությունը դեռ առջևում է, հեղափոխությունը կլինի լիարժեք, երբ յուրաքանչյուրիս տանը զգանք դրա դրական պտուղները, երբ հասկանանք` ձևավորվել է մի իշխանություն, որ շատ պարզ գիտակցում է թե մեր արտաքին, թե ներքին վտանգները, մարտահրավերները և դրա համար ունի ուժ, կարողություն և հստակ ծրագրեր, որ այդ իրավիճակից դուրս բերի մեր երկիրը: Հեղափոխությունը տեղի կունենա այս ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունների կողմից»,-ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա` այն պայմաններով, որն ունենք այսօր, հայտարարել, թե 2019-ին մենք ծայրահեղ աղքատներ չենք ունենալու, Դաշնակցությանը ՝որպես սոցիալիստական կուսակցության, անընդունելի է: Ռուստամյանի խոսքով` Հայաստանում չպետք է լինեն մարդիկ, ում եկամուտը 70-80 000 դրամից քիչ կարող է լինել, և հենց դրա համար էլ Դաշնակցությունն առաջադրել է իր թեկնածությունը, որպեսզի խնդիրներն առաջ քաշվեն ու դրանց լուծում տրվեն:
Ռուստամյանի հավաստմամբ` միայն ներքին համերաշխության շնորհիվ կարող ենք դիմակայել արտաքին մարտահրավերներին.«Օր-օրի սահմանին կուտակումներ ենք տեսնում, և մենք ուրիշ ռեսուրս չունենք, քան` մեկս մյուսով հզորանալը, ողջ հայության ներուժն օգտագործելը, կազմակերպելը: Սփյուռք-Արցախ-Հայաստան եռամիսությունը պետք է պահպանվի, և հռետորաբանությունից, որը դա քանդելու ուղղությամբ է, օր առաջ պետք է ազատվել: Այս քարոզարշավը կավարտվի, այս ամենը կմոռացվի, բայց մարտահրավերները` ներքին և արտաքին, չեն վերանալու: Դրա համար էլ պետք է ընտրել այն քաղաքական ուժին, որը գիտի` ինչպես վարվի նման պարագաներում, ինչ խնդիրներ կան մեր առջև կանգնած և դրանց համապատասխան էլ ծրագրով է ներկայացել»:
Արմավիրում ՀՅԴ պատգամավորության վարկանիշային թեկնածու Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ Դաշնակցությանը տված յուրաքանչյուր քվեն ավելի է մոտեցնում դեպի այն Հայաստանին, որի մասին բոլորը խոսում են: Մինասյանի խոսքով` Դաշնակցությունը երկու կարևոր հարց է լուծելու.«Առաջինն այն է, որ պատգամավորը, որն ընտրվելու է Արմավիրի մարզից, լինելու է պետության կողմը, իր նախաձեռնություններում պետությունը հզորացնելու, սահմաններն անվտանգ պահելու, մեր զինվորի հեղինակությունն ու առողջությունը բարձր պահելու դիրքերում: Երկրորդ հարցն էլ այն է, որ Արմավիրի մարզի բոլոր խնդիրները ներկայացվելու են ԱԺ-ում, դրվելու են կառավարության առջև և գնալու են մինչև վերջ, որպեսզի այդ հարցերը լուծվեն»:
Մինասյանի հավասմամբ` Արմավիրի մարզում մի քանի սկզբունքային հարցեր կան. որպես գյուղատնտեսական մարզ` ամբողջ գյուղատնտեսությունը պետք է վերափոխել` սկսած ոռոգման ջրից, ավարտված բերքի իրացմամբ: Բացի այդ, ըստ Մինասյանի, մարզում անհրաժեշտ է ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր ստեղծել:
«Մենք մեր ներդրումային ծրագրերը ներկայացնելու ենք նաև Սփյուռքին: Ունենալով հսկայական հնարավորություն` Դաշնակցությունն ի վիճակի է և ունակ է Սփյուռքին առարկայորեն ներգրավվելու զարգացման ծրագրերում: Որևէ այլ ուժ, ցավոք, այսօր չի տիրապետում այդ հնարավորություններին, ուստի մենք` իբրև համահայկական, համազգային քաղաքական ուժ, կարող ենք, ունակ ենք և վճռական ենք տրամադրված այս խնդիրները լուծելու: Բոլոր նրանք, ովքեր նախընտրում են այլ քաղաքական ուժի, համոզված ասում եմ` հաջորդ ընտրություններին միանալու են մեզ, ձեզ, քանի որ դուք հայի էությունն եք, հպարտ հայի կեցվածքը»,-ասաց Մինասյանը:
Մինասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցում են, որպեսզի օր առաջ մեր երկրից դուրս մղեն բոլոր այն մտայնությունները, որոնք վերաբերում են հայկական ավանդական ընտանիքին: Նա նշեց, որ այն այլասերվածությունները, որոնք վերաբերում են մեր հոգևոր արժեքներին, այն երևույթները, որոնք նպատակ ունեն քայքայելու մեր բանակը, իրենք հեռացնելու են երկրից և դրա փոխարեն` ստեղծելու են մի հասարակություն, մի երկիր ու պետություն, որտեղ յուրաքանչյուր մանուկ իր ապագան տեսնելու է, յուրաքանչյուր երիտասարդ ունենալու է պատշաճ կրթություն: «Ձեզանից յուրաքանչյուրը դաշնակցական է, ձեզանից յուրաքանչյուրն ազգային է, և ուրեմն միասին մեր բարեկամների, հարևանների շրջանում քարոզենք մեր գաղափարները, քանի որ մենք միասին ենք ուժեղ, միասին կարող ենք կերտել հզոր Հայաստան: Հաղթանակ Դաշնակցությանը, հաղթանակ հայ ժողովրդին»,-իր խոսքն ամփոփեց Մինասյանը: