կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-13 20:48
Հասարակություն

Անցյալը հնարավոր չէ ջնջել. Առողջապահության նորանշանակ նախարար

Անցյալը հնարավոր չէ ջնջել. Առողջապահության նորանշանակ նախարար

Այսօր Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է սոցիալական ցանցում իր հասցեին հնչող քննադատություններին: Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը գտել են Արսեն Թորոսյանի նախկինում արված գրառումները, մեկնաբանությունները, և դրանք տարածել համացանցում: Այդ մեկնաբանությունները աղմուկ են բարձրացրել համացանցում:

Առողջապահության նախարարը նշում է, որ երբ համաձայնել է նախարարի պաշտոնին, գիտակցել է, որ իր գործունեությունը, իր բոլոր գրառումները կլինեն ոչ թե խոշորացույցի, այլ` հասարակության կողմից մանրադիտակի ներքո: Իրեն խորհուրդ են տվել փակել ֆեյսբուքյան էջը, որպեսզի հասարակությունը չկարողանա կարդալ նախկինում արված գրառումները, սակայն ըստ Արսեն Թորոսյանի, անցյալը հնարավոր չէ ջնջել:

«Հասկանում էի, որ կարող են լինել տարբեր մանիպուլյացիաներ` սքրինշոթերի, ցիտատների տեսքով, որոնք կտրված կլինեն իրականությունից: Հիմնական աղմուկը վերաբերում է պատվաստումների վերաբերյալ իմ տեսակետներին, որոնք հիմված են ապացուցողական բժշկության վրա: Մարդիկ ակնկալում են մի նախարար, որը ամորֆ է, ոչ մի բանի մասին կարծիք չունի, կամ չեզոք կարծիք ունի: Այնինչ իմ կարծիքը հստակ է, և ես գալիս եմ այս պաշտոնին` ունենալով տարբեր թեմաների վերաբերյալ հստակ կարծիք, որը հիմնված է իմ գիտելիքների, պատկերացումների և համաշխարհային փորձի վրա»,- ասում է Արսեն Թորոսյանը:

Առողջապահության նորանշանակ նախարարը վստահ է, որ գիտությունը, ապացուցողական բժշկությունը տալիս են շատ հարցերի պատասխաններ, այդ թվում` պատվաստումների վերաբերյալ տարակարծություններին: Ըստ նախարարի, պատվաստումները ոչ մի երկրում պարտադիր չեն, սակայն կան երկրներ, որտեղ պատվաստելու հարցը շատ խիստ է դրված, այսինքն չպատվաստած երեխաներին թույլ չեն տալիս գնալ մանկապարտեզներ ու դպրոցներ, որպեսզի նրանք չվարակեն այլ երեխաների:Նախարարը հավելեց, որ ինքը և իր երեխաները ստանում են բոլոր պատվաստումները:Ըստ Արսեն Թորոսյանի, կոնկրետ «գարդասիլ» պատվաստանյութը լիովին անվնաս է: