Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը Բաթմանում իր կուսակցության կազմակերպած հանդիպման ժամանակ ուշագրավ ելույթով է հանդես եկել:
Ըստ Demokrathaber-ի՝ հիշեցնելով վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ քուրդ զինյալների վերաբերյալ խոսքերը, թե «հայ հանցախմբերի պես նրանք նույնպես ռուսների հետ են համագործակցում», նա հայտարարել է. «Մեզ ասում են՝ այն, ինչ 1915-ին հայերի նկատմամբ իրագործեցինք, ձեր նկատմամբ էլ կիրագործենք»:
Նշելով, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության նպատակը բոլորին մեկ դրոշի ներքո հավաքելն է, Դեմիրթաշն ասել է, որ ինքը մերժում է ԱԶԿ-ի այդ որոշումը: «Եթե ԱԶԿ-ի դրոշի ներքո միահամուռ լինելու մասին է խոսքը, մենք ԱԶԿ-ական չենք: Եթե այդ պայմաններում թուրք լինելու մասին է խոսքը, մենք թուրք էլ չենք: Դուք քուրդ երիտասարդներին սպանող, կանանց մերկացնող «եղբայրություն» եք ցանկանում: Դուք խեղդվելու եք ձեր իսկ ստեղծած տառապանքների մեջ: Ձեր վերջը տվողը այս սպանությունները եղան: Դուք պատմության մեջ հիշվելու եք որպես ոճրագործ վարչապետ»,- հայտարարել է նա և, շարունակելով Դավութօղլուին ուղղված խոսքը, ասել. «Դու ինչպիսի անխելքն ես, որ քրդերի դեմ պատերազմ ես հայտարարում»:
Անդրադառնալով նաև քրդերի հետ հրադադարին՝ Դեմիրթաշը նշել է, որ «Դավութօղլուն փշաքաղվում է, երբ լսում է հրադադարի մասին»:
«Սիրիայում հրադադար հաստատվեց, ինչը մեր երկրում էլ է հնարավոր: Հրադադար ասելիս Դավութօղլուն փշաքաղվում է ու հայտարարում, որ չի ճանաչի այն: Ոչ ոք քեզանից թույլտվություն չի խնդրում: Դու քո երկրում ի՞նչ արեցիր, որ Սիրիայում խաղաղություն հաստատելու մասին ես խոսում: Եթե ցանկանում ենք պատերազմի դեմն առնել, դիմադրությունից բացի, այլ ելք չունենք»,- հայտարարել է նա: