Փոխարժեքներ
22 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իհարկե, հասկանալի է, որ դաշնակցական նորանշանակ նախարարներին լրագրողները ժամանակ չէին տալու՝ գոնե աշխատասենյակների՝ իրենց համար անսովոր գույները փոխելու: Բայց, որ նախարար նշանակվելու հենց հաջորդ օրը նախարարին կարելի է մեղադրել ստախոս լինելու մեջ, անսպասելի էր:
Թերթերից մեկն այսօր Լեւոն Մկրտչյանի մասին իր խմբագրականում գրել է, թե պարզվեց, որ այդ «համեստ, օբյեկտիվ» մարդն առնվազն ստախոս է: Բանն այն է, որ ԿԳ նախկին նախարարի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, սա այն պարագայում, երբ Լեւոն Մկրտչյանը երեկ հայտարարել էր, որ կադրային ջարդ չի լինելու: Հետեւաբար, ըստ թերթի, կադրային ջարդը սկսվել է, եւ նախարար Մկրտչյանն առնվազն ստախոս է:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեկ հոգու աշխատանքից հանելը /եթե անգամ Եգանյանին աշխատանքից հանել են/ ամենեւին էլ կադրային ջարդ չի նշանակում, հետեւաբար` Եգանյանի աշխատանքից հեռանալուց հետո ազդարարել, թե կադրային ջարդը ԿԳ-ում սկսվել է, առնվազն ստախոսություն է:
Բայց սա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Զոհրաբ Եգանյանն ինքն իր աշխատանքից ազատվելու հանգամանքը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Ես պարզապես ուզում եմ Արմեն Աշոտյանի հետ աշխատել: Այսինքն` աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու էի ամեն պարագայում` անկախ նրանից, թե Աշոտնյանից հետո ով էր լինելու նախարարը»:
Մարդը պատմում է, որ ինքը երեկ մտել է նախարար Մկրտչյանի մոտ, ջերմ զրուցել են, նրան է հանձնել իր հրաժարականի՝ նախօրոք պատրաստած դիմումը եւ շատ ուրախ է, որ նախարարն այն ստորագրել է: Այսինքն` Զոհրաբի ո\'չ խոսքերից, ո\'չ դեպքի նկարագրությունից, ո\'չ տրամադրությունից չի երեւում, որ նա կադրային ջարդի, գուցե՝ ցեղասպանությա՞ն, զոհ է, մարտիրոս, ով հերոսաբար դիմադրեց նոր ղեկավարությանը, բայց ընկավ անհավասար մարտում:
Ավելին` եթե, իրոք, մենք կարեւորում ենք Զոհրաբի բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային տեսակը, ապա նման հոդվածներով մենք, փաստորեն, առնվազն անհարմար վիճակի մեջ ենք դնում տղային, քանի որ մեր՝ դավադրությունների աշխարհում, հնարավոր է, որ շատերը հասկանան, թե Զոհրաբն ինքն է պատվիրել այդ հոդվածը, բայց դա, իհարկե, այդպես չէ, որովհետեւ ո\'չ թերթն է պատվիրված հոդվածներ գրում, ո\'չ էլ, ճանաչելով Զոհրաբին, նա կարող էր նման բան պատվիրել:
Հասկանալի է, իհարկե, որ մամուլի համար ջարդը միշտ էլ ակտուալ թեմա է, կարդացվող, պարզապես դուք ասում եք՝ կադրային ջարդ, մենք ասում ենք՝ տրամաբանության ջարդ, կասեինք` ճշմարտության ջարդ:
Հովիկ Աֆյան