Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ նախագահի նստավայրում մեկնարկել էր արտերկրում և միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպանների հետ խորհրդակցությունների շարք: Քննարկվել են ՀՀ տնտեսական շահերն առաջ մղելու նոր հնարավորությունները, դեսպանընկալ պետությունների հետ տնտեսական կապերի՝ նոր նախագծերի, ներդրումների և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները, ինչպես նաև կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Նախագահի խորհրդակցությունը նվիրված է եղել Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների օրակարգային հարցերին, ընթացիկ ծրագրերին, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև կոնկրետ աշխատանքների վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքին: Խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ մոտ ժամանակներս ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կունենանք նախարարի տեղակալ, ով հատուկ զբաղվելու է արտաքին տնտեսական խնդիրներով:
Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ հեռանկարներ կարող են ունենալ նախագահի այս խորհրդակցությունն ու տված հանձնարարականները, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքն էլ շատ կարևորում է նախագահի մոտեցումը, որովհետև Իրանի պես երկիրը` իր հզորությամբ և նոր հնարավորություններով, Հայաստանի նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքով, Հայաստանին հնարավորություններ է ընձեռում համագործակցությունը զարգացնելու:
Ըստ Բոստանջյանի` այդ առումով նախագահի դիրքորոշումն ակնհայտորեն տեղին, ժամանակին ու ճիշտ էր, քանի որ կարևոր է ԱԳՆ-ում մասնագետ ունենալ, ով կկոորդինացնի ծավալուն համագործակցությունը Իրանի հետ:
Տնտեսագետի կարծիքով` առաջիկայում Հայաստանի դիվանագիտական ջանքերից կախված կլինի` կկարողանա՞ Հայաստանն օգտվել Իրանի հետ տնտեսական համագործակցության հեռանկարներից, թե՞ ոչ: նա հույս ունի, որ Հայաստանը կկարողանա հաջողել դիվանագիտական ջանքերում:
«Իրանն արդեն բարձրաձայնել է ինչպես գազամատակարարման, այնպես էլ ճանապարհային հաղորդակցության, էներգետիկ համակարգերում համագործակցության մասին: Դա շատ կարևոր է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ Իրան-Հայաստան երկաթուղու հարցը տեխնիկայի ու ֆինանսների հարց է, և կողմերը համամասնորեն կփորձեն լուծել ֆինանսի հարցը, այսինքն` ճկուն դիվանագիտության պարագայում Հայաստանի վրա կարող է ընկնել այնքան ֆինանսական ծանրաբեռնվածություն, որքան նա կարող է տանել:
«Իրանը դիվերսիֆիկացված երկիր է և Հայաստանին համարում է հուսալի գործընկեր: Սերժ Սարգսյանի շեշտադրումները այդ խորհրդակցության ժամանակ չափազանց կարևոր էին Հայաստանի համար` զարգացման նոր պատուհան բացելու տեսանկյունից»,- ասաց տնտեսագետը: