կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 15:23
Քաղաքական

Ռուստամյանը թարմացրեց ՕԵԿ-ի հիշողությունը

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՏԿԱԻ նախարարությունը երկու նախարարությունների բաժանելը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության առաջին դրսևորումն է, իսկ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ:

Նա նախ հիշեցրեց, որ երբ տարածքային կառավարման եւ ԱԻ նախարարությունները միավորվեցին, ՀՅԴ-ն կողմ չէր, այնպես որ` հիմա որեւէ մեկը ՀՅԴ-ին չի կարող մեղադրել անսկզբունքայնության մեջ:

Ռուստամյանը, ի պատասխան ՕԵԿ-ի բոյկոտի, հիշեցրեց, որ նույն այդ ԱԻ նախարարությունը, որը հիմա առանձնացվում է ՏԿ նախարարությունից, գոյություն չի ունեցել եւ ստեղծվել է հենց ՕԵԿ-ին նախարարի պորտֆելով ապահովելու համար: «Հայտարարություններ անելուց առաջ հիշեք անցած ամբողջ պատմությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարման արդյունավետությունը, Ռուստամյանն ընդգծեց, որ, ՀՅԴ-ի կարծիքով, կառավարման արդյունավետությունը հենց այն է, որ պետք է այն ոլորտները բյուրեղացվեն, որտեղ կոնկրետ ծրագրային խնդիրներ պետք է իրականացվեն: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության «զարգացման» բառն էլ, ըստ նրա, պատահական չի ընտրվել, բանալի բառ է` եթե ինչ-որ բան կառավարում ես, զարգացման համար ես կառավարում: Տարածքների համաչափ զարգացումը ՀՅԴ-ի համար միշտ է կարևոր եղել, ՀՅԴ-ի ծրագրային հարցերից մեկն է: Ռուստամյանը վստահ է՝ արդյունավետ կառավարման հնարավորություն է առաջանալու:

Նա եւս մեկ անգամ վստահեցրեց, որ որեւէ խոչընդոտ չկա ՀՅԴ-ՀՀԿ համագործացության հարցում: Ամեն ինչ հստակ է, ամեն ինչ` պայմանավորված, բոլոր հարցերի պատասխանները կլինեն հաջորդ շաբաթ: Ռուստամյանը նաեւ բացատրեց, թե ինչու հարցը բերվեց արտահերթով. որպեսզի բոլոր հարցերը չխառնվեն իրար: