կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-18 21:07
Հասարակություն

Հռոմի պապը Հայաստան կգա սեպտեմբերին

Հռոմի պապը Հայաստան կգա սեպտեմբերին

Փետրվարի 16-18-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց և իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին՝ բարի ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը նաև ուրախություն հայտնեց ժողովին մասնակցելու հրավիրված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի ներկայության համար՝ գոհունակությամբ ընդգծելով, որ վերջինս, իբրև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերար և ՀԲԸՄ նախագահ, մշտապես իր զորակցությունն է ցուցաբերում Մայր Աթոռին:

Ժողովին քննության առնվեցին կանոնական ու կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական բազմաբնույթ հարցեր:

Առաջին նիստին քննարկվեց Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Զեկույցնելով հանդես եկան Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և հիշյալ ժողովների օրակարգային հարցերի նախապատրաստումն իրականացնող, եկեղեցական կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Քննարկումների արդյունքում որոշվեց նախապատրաստական աշխատանքների ժամանակատարությունից ելնելով Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017 թվականին, իսկ 2016 թվականի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը լսեց նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ամենամյա հիշատակության ծիսական կանոնի խմբագրման հանձնախմբի համակարգող Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի զեկույցը՝ Ցեղասպանության նահատակների ծիսական կանոնի և ապրիլի 24-ին կատարվելիք Բարեխոսական կարգի մասին:

ԳՀԽ անդամներին տեղեկացվեց, որ 2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր Աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ: