կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-15 17:20
Առանց Կատեգորիա

Թուրքիայում հայերի չորս խումբ կա

Թուրքիայում հայերի չորս խումբ կա

Իմ պատկերացմամբ՝ Թուրքիայում հայերը բաժանվում են չորս խմբի` Հակոբ Դեմիրջի խումբ, Կարո Փայլան խումբ, Մարգար Եսայան խումբ եւ հայաստանցի խումբ: Առաջին խումբը Թուրքիայում վաղուց արդեն բնակվող` այդ երկրի` ազգությամբ հայ քաղաքացիներ են, որոնք հիմնականում արհեստագործ են ու իրենց խաղաղ ու մի կողմ քաշված աշխատանքով թուրք հասարակության մեջ անուն են ձեռք բերել, ինչպես խմբի անվանադիր Հակոբ Դեմիրջին, ով Ստամբուլում հայտնի ոսկերիչ էր: Այս մարդիկ կա\'մ խոստավանում են, որ հայ են, կա\'մ խուսափում են իրենց ծագման մասին խոսելուց եւ ամեն կերպ ձգտում են հեռու մնալ քաղաքական, ազգային հարցերից` գերադասելով հանգիստ ապրել եւ հնարավորինս ազնիվ ապրել:

Կարո Փայլան խումբը, հակառակը, ոչ միայն չի խուսափում քաղաքական եւ ազգային հարցերից, այլև փորձում է կա\'մ ինքը լուծել այդ հարցերը, կա\'մ նպաստել դրանց լուծմանը ակտիվ քաղաքական կամ հասարակական գործունեությամբ: Նրանք հիմնականում ընդգրկվում են քրդամետ կուսակցությունների շարքերը, որպես կանոն` դառնում Մեջլիսի պատգամավոր եւ այնտեղ, չասենք` հայամետ, բայց հակակառավարական ելույթներ են ունենում` այդպիսով նպաստելով ոչ այնքան Հայկական հարցի լուծմանը, որքան Թուրքիայի կառավարության ապօրինությունների բարձրաձայնմանը, ինչպես խմբի անվանադիր՝ Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը: Կարո Փայլան խմբի անդամները եւս Թուրքիայի քաղաքացիներ են եւ նույնպես կա\'մ ընդունում են իրենց հայ լինելը, կա\'մ աշխատում այդ մասին չխոսել:

Այլ պատմություն է Մարգար Եսայան խումբը: Նկատենք, որ այս խումբն ամենափոքրաթիվն է Թուրքիայում, թեև կա: Ինչպես խմբի անվանադիր Մարգար Եսայանը, այնպես էլ խմբի ներկայացուցիչները զբաղված են ակտիվ քաղաքական-հասարակական գործունեությամբ, բայց արդեն` օրվա իշխանության դիրքերից: Այսինքն` նրանց խնդիրը ոչ թե Թուրքիայում ապօրինությունների մասին խոսելն է, ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելը, առավել եւս` Հայկական հարցի լուծումը, այլ ցույց տալը, թե որքան ժողովրդավարական եւ ազատ երկիր է Թուրքիան, որը, փաստորեն, թույլ է տալիս, որ իշխանության շարքերում ընդգրկվեն այլազգիներ, մանավանդ՝ հայեր: Մարգար Եսայանները չեն խուսափում իրենց հայկական ծագումից, բայց ոչ թե, որովհետեւ հպարտանում են իրենց ծագումով, այլ, քանի որ իրենց հայկական ծագման շնորհիվ է, որ պատգամավոր են, քանի որ սա նշանակում է, թե որքան հանդուրժող երկիր է Թուրքիան: Ամենատարբեր միջազգային կառույցներում, որտեղ քննարկվում է Հայաստանի հետ կապված որեւէ հարց, այս խմբի անդամներն իրենց պահում են որպես իսկական թուրք, ինչը տարօրինակ չէ, քանի որ նրանք իսկական թուրք են:

Եվ վերջապես՝ հայաստանցի խումբը: Հասկանալի է, որ նրանք սեփական ծագումը թաքցնելու ո\'չ հնարավորություն ունեն, ո\'չ էլ կարող են: Թուրքիա նրանք գնում են ամենատարբեր նպատակներով` սկսած հանգստանալուց, վերջացրած՝ առեւտուր, մանր եւ խոշոր կողոպուտ, որքան էլ թաքցնենք կամ չխոսենք այդ փաստի մասին՝ մարմնավաճառություն, ավազակություն, խարդախություն եւ այլն: Ընդ որում` վարկածը, թե, Թուրքիայում ավազակություն կամ գողություն անելով, հայաստանցիները այդպիսով վրեժխնդիր են լինում թուրքերից, մեղմ ասած, ծիծաղելի է, քանի որ հայաստանցիների թիրախը Թուրքիայում ոչ թե թուրքերն են կամ ոչ միայն թուրքերն են, այլ… Բոլորովին վերջերս մի խումբ հայաստանցիներ հարձակվել են Ստամբուլում ապրող հայտնի հայ ոսկերիչ Պետրոս Դեմիրջիի տան վրա: Դեմիրջին սպանվել է, նրա ծեր կինը հիվանդանոցում է, տունն` ամբողջովին թալանված:

Այս իրադարձության հետ կապված` Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսին առաջարկել է քննարկել հայաստանցիների հարցը` Մեջլիսին եւ թուրք հասարակությանը, քանի որ հայաստանցիները Թուրքիայում զբաղվում են մարմնավաճառությամբ, գողությամբ, թմրանյութերի վաճառքով... Կարծում եմ` թուրք հասարակությունը, հատկապես` Մեջլիսը մեծ սիրով կլսի Կարո Փայլանի հորդորը եւ կքննարկի հայաստանցիների հարցը: Լուծումներն էլ չեն ուշանա՝ հանուն Թուրքիայի եւ թուրք հասարակության:

Բայց կարեւորը սա չէ, այլ այն, որ Թուրքիայում հայաստանցիները հարձակվում են անվանի հայի տան վրա, սպանում նրան, կողոպտում նրա տունը, ապա պատգամավոր հայն առաջարկում է քննարկել թուրք հասարակության համար սպառնալիք հայաստանցիների հարցը:

Իսկ Հայաստանո՞ւմ, հայ հասարակությո՞ւնը… Ոչինչ: Հայաստանում թուրքահայերի եւ Թուրքիա գնացող հայաստանցիների հարց չի քննարկվում, քանի որ հայաստանցիների մեծ մասին նոր հագուստ է պետք, իսկ ամառներն էլ՝ տաք ծովափ: Եվ հայաստանցիների մեծ մասի կարծիքով` Թուրքիայում վաղուց ապրող հայը հայ չէ:

Հովիկ Աֆյան